Ներքին 3 տարի առաջ - 19:37 23-06-2023

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին.

«Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների և դրան հաջորդած Լաչինի միջանցքով ճանապարհի ամբողջական արգելափակման պատճառով հունիսի 15-ից դադարեցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախի Հանրապետության 120 հազար բնակչության գոյատևման համար անհրաժեշտ հումանիտար բեռների, մասնավորապես՝ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բոլոր փոխադրումները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ Որպես հետևանք պարենի և դեղորայքի ներքին սուղ պաշարներն արագ սպառվում են, ինչը սպառնում է հանրապետությունում ստեղծված իրավիճակը վերածել հումանիտար աղետի։

Ավելին, հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Այսպիսով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները, ներառյալ կեղծ ակտիվիստների կողմից բեմադրված ցույցը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, խաղաղ բնակիչների թիրախավորումը և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումը, կրում են կանխամտածված և ծրագրված բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն Արցախում դարձնել անհնարին։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը բացասական հետևանքներ կունենա Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ և անարգել տեղաշարժի համար, որն այժմ փաստացի ամբողջությամբ դադարեցված է, և 120.000 մարդ Արցախում, այդ թվում՝ 30.000 երեխա, իրենց սեփական տանը հայտնվել են պատանդի կարգավիճակում։

Ստեղծված իրավիճակում գետնի վրա առկա իրողությունների անտեսումը, անհասցե հայտարարություններն ու կոչերը, միջազգային հանրության կողմից կոնկրետ և համարժեք քայլերի բացակայությունը միայն խրախուսում են Ադրբեջանի իշխանություններին շարունակել և ակտիվացնել իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունները:

Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և Պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում