Քեմալական շարժման մեկնարկը և գաղափարախոսությունը
copy image url

Քեմալական շարժման մեկնարկը և գաղափարախոսությունը

Արտաքին 1 տարի առաջ - 20:00 21-06-2023
Չնայած Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո երիտթուրքական վարչակարգի պարագլուխները փախուստի էին դիմել, սակայն տարբեր գաղտնի կազմակերպությունների միջոցով շարունակում էին ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա։ Այդ կազմակերպություններից էին տխրահռչակ Հատուկ կազմակերպությունը (Teşkilat-ı Mahsusa), որի անդամները դեռևս Հայոց ցեղասպանության տարիներին աչքի էին ընկել որպես ամենադաժան մարդասպաններ, ինչպես նաև Քարաքոլը, որն առանձնապես ակտիվացել էր քեմալական շարժման ընթացքում։

Քարաքոլը ստեղծել էր գաղտնի գործակալների լայն ցանց, որը երկրի տարբեր շրջաններից հավաքագրում էր թուրքական բանակի սպաներին և վերջիններիս գաղտնի կերպով տեղափոխում Փոքր Ասիա՝ զինված պայքար կազմակերպելու նպատակով։ Քարաքոլը կապեր է հաստատում նաև նոյեմբերից Ստամբուլում գտնվող Մուսթաֆա Քեմալի հետ, ով ժամանակին անդամակցել էր երիտթուրքական Միություն և առաջադիմություն կուսակցությանը։ Քեմալը եղել է օսմանյան բանակի սպա, մասնակցել է համաշխարհային պատերազմին և այդ շրջանում ջանք չէր խնայում հետպատերազմական Թուրքիայում ավելի բարձր ղեկավար պաշտոն ստանալու համար։

Հենց Քարաքոլի օգնությամբ նրան հաջողվեց ստանալ Փոքր Ասիայում տեղակայված օսմանյան 9-րդ բանակի տեսուչի պաշտոնը։ Պաշտոնապես նրա առաջ խնդիր էր դրվել ապահովել զինապահեստների անվտանգությունը, ճնշել Անտանտի դեմ ձևավորված ընդհատակյա դիմադրության խմբերը և նպաստել կարգուկանոնի հաստատմանը, սակայն իրականում վերջինիս պատրաստվում էր ղեկավարել արդեն սկիզբ առած զինված պայքարը՝ Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։

1919 թվականի մայիս 19-ին Մուսթաֆա Քեմալն ափ իջավ Սամսունում, և հետագայում մայիսի 19-ը համարվեց քեմալական շարժման մեկնարկն ազդարարող օրը։ Իրականում շարժումն ամբողջովին ազգայնամոլական էր, որի նպատակն էր պահպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը և հպատակ ժողովուրդների նկատմամբ գերակայությունը։



Տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո Մուսթաֆա Քեմալն Ամասիայում մի շարք հրամանատարների հետ գաղտնի ժողով անցկացրեց, որը շրջաբերականով դիմեց զինվորական և քաղաքացիկան իշխանությունների ներկայացուցիչներին։ Շրջաբերականում նշվում էր, որ սուլթանական կառավարությունը չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել կայսրության տարածքային ամբողջականությունը, և անհրաժեշտ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Հենց այս շրջաբերականը հիմք դրեց քեմալական շարժման հռետորաբանությանը։

Քեմալական շարժման նպատակների իրականացման ուղղությամբ առաջին քայլը կատարվեց 1919 թվականի հունիս-օգոստոս ամիսներին։ Հունիսին Էրզրումի (պատմական Կարին) հայկական Սանասարյան վարժարանի լքված շենքում տեղի ունեցավ Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության ընկերության համաժողովը, որին մասնակցում էին 62 պատգամավոր, ինչպես թուրքեր, այնպես էլ քրդեր։ Գաղտնի քվեարկության արդյունքում Մուսթաֆա Քեմալն ընտրվեց համաժողովի նախագահ, որը դարձավ նրա առաջին քաղաքացիական պաշտոնը։


Համաժողովի ընթացքում ընդունվեց բանաձև, որով Փոքր Ասիայի վիլաեյթները, Տրապիզոնի վիլայեթը և Ջանիկի սանջակը ճանաչվեցին Օսմանյան կայսրության անբաժանելի մաս։ Բացի այդ ընդգծվում էր կայսրության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Այս բանաձևը ինքնին հակահայկական էր, քանի որ չէր ճանաչում ինչպես անկախ Հայաստանի Հանրապետության գոյության, այնպես էլ Օսմանյան կայսրությունից Արևմտյան Հայաստանի անջատման իրավունքը։ Համաժողովը Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ ընտրեց 9 հոգուց բաղկացած ներկայացուցչական մարմին, որը դարձավ Փոքր Ասիայում նոր իշխանության ձևավորման կորիզը։

Քեմալական շարժման հետագա համախմբման և հեղինակության բարձրացման տեսանկյունից կարևոր հանգրվան էր նաև 1919 թվականի սեպտեմբերին Սվասում (պատմական Սեբաստիա) կայացած համաժողովը, որը վերահաստատեց Էրզրումի համաժողովի որոշումները և դրանք տարածեց ողջ կայսրության տարածքի վրա։ Այս համաժողովում ավելի սուր կերպով արտահայտվեցին հակահայկական և հակահունական տրամադրությունները, իսկ մասնակից պատգամավորները փաստեցին, որ պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պայքարել Հայաստանի և Հունաստանի դեմ։

Բացի այդ համաժողովը ընտրեց 16 հոգանոց ներկայացուցչական մարմին, որը կրկին գլխավորում էր Մուսթաֆա Քեմալը։ Այս մարմինն իր ձեռքում կենտրոնացրեց քեմալականների վերահսկողության տակ գտնվող տարածքների ամբողջ իշխանությունը։



Համաժողովի ավարտին Քեմալը ներկայացուցչական մարմնի անունից նամակով դիմեց սուլթանին, որտեղ ակնհայտորեն ուռճացրեց Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող թուրքերի թիվը և հայտարարեց, որ այն տարածքները, որոնք պետք է հանձնվեին Հայաստանին գերազանցապես բնակեցված են թուրք բնակչությամբ։ Ուղերձում խորհուրդը բացառում էր որևէ թիզ տարածքի հանձնումը Հայաստանին, կամ մեկ այլ պետության։ Այսպիսով ակնհայտ էր, որ հենց սկզբնական փուլում քեմալական շարժումն ուներ հակահայկական բնույթ, իսկ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարձակումն անխուսափելի էր։

Քեմալական շարժման աճող հեղինակությունը սուլթանական կառավարությանը ստիպեց հաշվի նստել վերջինիս ներկայացուցիչների հետ և կատարել նրանց պահանջները։ Քեմալականների պահանջով սուլթանը պաշտոնից հեռացրեց վարչապետ Դամադ Ֆերիդ փաշային և նոր կառավարություն ձևավորեց։ Մուսթաֆա Քեմալի և սուլթանի ներկայացուցչի միջև բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց 1919 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ Սեբաստիայում ձևավորված ներկայացուցչական մարմինը՝ Քեմալի գլխավորությամբ, 1919 դեկտեմբերին տեղափոխվեց Անկարա, որն ավելի ուշ դառնալու էր Թուրքիայի նոր մայրաքաղաքը։

1920 թվականի հունվարի 12-ին Ստամբուլում բացվեց Թուրքիայի խորհրդարանը, որին միաժամանակ վիճակված էր լինել Օսմանյան կայսրության վերջին և Թուրքիայի Հանրապետության առաջին խորհրդարանը։ Հունվարի 28-ին այն ընդունեց թուրքական «Ազգային ուխտ» փաստաթուղթը, որի հիմնական դրույթները արտացոլում էին քեմալական շարժման նպատակները։ Փաստաթութը նախևառաջ ճանաչում էր Օսմանյան կայսրության արաբաբնակ տարածքների ինքնորոշման իրավունքը, քանի որ վերջիններս պատերազմի տարիներին ազգային ազատագրական պայքար էին մղել և անկախ պետություններ ձևավորել, իսկ քեմալակնները հնարավորություն չունեին վերանվաճել այդ տարածքները։

Հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ուներ փաստաթղթի երկրորդ կետը, որով Կարսի, Արդահանի և Բաթումի գավառները ճանաչվում էին Թուրքիայի անբաժանելի մաս։ Փաստաթղթում նշվում էր, որ այս շրջանների բնակիչները հանրաքվեներ են անցկացրել, որոնցով որոշել են միանալ իրենց «մայր հայրենիքին»։ Իրականում այս դրույթն ամբողջովին հայկահայկական էր, քանի որ խնդրո առարկա հանրաքվեներն անցկացվել էին Հայոց ցեղասպանության տարիներին և բազմաթիվ խախտումներով։

Ընդհանուր առմամբ փաստաթուղթն ամբողջովին աչքի էր ընկնում իր ազգայնամոլական բնույթով և լիովին համապատասխանում էր քեմալական շարժման գաղափարական և քաղաքական հիմնադրույթներին։ Բացի այդ «Ազգային ուխտ»-ի ընդունումը վկայում էր, որ Թուրքիայի խորհրդարանը գտնվում էր քեմալականների վերահսկողության տակ և վտանգում էր Անտանտի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս նպատակով դաշնակիցները և սուլթանը որոշեցին վերջ տալ Քեմալի գործունեությանը և 1920 թվականի մարտի 16-ին սուլթանի համաձայնությամբ Ստամբուլը հայտարարվեց դաշնակիցների կողմից գրավված։ Վերջիններիս կողմից հայտարարվեց ռազմական դրություն, ցրվեց խորհրդարանը, պատգամավորների մի մասը ձերբակալվեցին, իսկ բոլոր հաստատություններն անցան դաշնակիցների խիստ վերահսկողության տակ։

Քեմալականներն, ի պատասխան, կոչ արեցին ազատության մեջ գտնվող պատգամավորներին լքել մայրաքաղաք Ստամբուլը և հավաքվել Անկարայում։ 1920 թվականի ապրիլի 23-ին գումարվեց արդեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովին անդրանիկ նիստը, որը խորհրդարանի նախագահ ընտրեց Մուսթաֆա Քեմալին։ Փաստացի Թուրքիայում ձևավորվեց երկիշխանություն՝ Ստամբուլ և Անկարա կենտրոններով։ Հետագայում խորհրդարանի կողմից երկիրը առաջին անգամ անվանվեց որպես Թուրքիայի պետություն, որով սկիզբ դրվեց քեմալական շարժման հետագա փոխակերպմանը։

Ամենից շատ դիտված