Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 10 ամիս առաջ - 22:14 19-06-2023

Ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպես պայծառ ու հստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում

«1902 թվականներին էր, Թիֆլիս, երազուն ու չքնաղ գարնան մի օր։ Տիրայր վարդապետը, գալով մեզ մոտ, հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից և կփափագի ծանոթացնել մեզ հետ։ Հայտնում է, թե վարդապետը ուրախությամբ պիտի երգե մեզ համար, միայն կփափագի, որ այդ լիներ մի մեծ սրահում, ոչ թե մեծ հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար։

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից, և նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված սրտատրոփ սպասում ենք։ Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում. hամարյա մթի մեջն ենք, և ահա բեմ է բարձրանում մի նիհար, սևազգեստ երիտասարդ ու նստում դաշնամուրի առաջ։ Խորին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչև բարձրերը։ Արցունքներս անխնա հոսում էին աչքերիցս, մինչև որ Տիրայր վարդապետը, տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգևորված երաժշտին. «Բավական է, բավական, Կոմիտաս, աղջկան սպանեցի՛ր»»։ Ահա այսպես է նկարագրում իր առաջին հանդիպումը Կոմիտաս վարդապետի հետ դաշնակահարուհի, երգչուհի Մարգարիտ Բաբայանը, որը հետո պիտի դանար Կոմիտասի ամենահավատարիմ աշակերտը։



Այս հանդիպումը ճակատագրական էր․ հետագայում՝ տարիներ անց, երբ Կոմիտասն արդեն լքել էր երկրային կյանքը, հավատարիմ աշակերտը և նրա արվետի մեծ երկրպագուն եռանդուն աջակցեց կոմիտասյան խնամատար հանձնաժողովին, հավաքեց Կոմիտասի ձեռագրերը, հրատարակեց որոշ գործեր, նրա մասին գրեց հոդվածներ։

Մարգարիտն ամեն ինչ անում էր՝ անմահացնելու իր սիրելի վարդապետին․․․

Մարգարիտ Բաբայանը պատմում է․ «Տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելիս, մայթեզրին նկատում է մաշված մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում.

«Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկե` ոչ ունևոր մարդու»: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակությանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երևի, հուսահատ դեսուդեն է ընկնում հիմա:

Ժամադրության ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկությամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը հայտնվի: Եթե հեռվից երևում է շատ համեստ հագնված մեկը, վարդապետը հույսով է լցվում, բա՜յց… չի հայտնվում քսակի տերը:

Անցնում է կես ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդյոք տեսե՞լ է մի քսակ:



Կոմիտասը անհանգստանում է. արդեն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբայանները չեն ճաշում և իրեն են սպասում: Տգեղ ու անհարմար վիճակ ստեղծվեց:
Մի ժամ ևս անցնում է սպասողական լարված վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:
Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եվ ահա հեռվից նկատում է, թե ինչպես մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգույն է ու անհանգիստ:

Կոմիտասը հարցնում է անմիջապես.

– Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:

– Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:

Արտասուքներ են նկատվում կնոջ կապույտ, տագնապալի աչքերում:

– Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գույնի էր ձեր կորցրած դրամապանակը:

– Մոխրագոյն, մաշված քսակ էր:

Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, հաջողություն ցանկանում և շտապում Բաբայանների բնակարանը: Հուզված էր. կյանքում առաջին անգամ ժամադրություն չէր հարգել»:



Մարգարիտը Կոմիտասի համար հարազատ հոգի էր, որի առաջ միշտ կարող էր բացել իր սիրտը։ Իր նամակներիցմեկում գրում է․
«Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,
Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց եւ այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. եւ անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արեւը սեւ հողի տակով արէք». միեւնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են քան բարեհոգի. չը կան, եթէ կան, չեն երեւում, այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն, ընդհակառակը, մարդկային թոյլ եւ շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՜, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՛ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէեւ ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում: Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կը լինի, բայց եւ այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «Հնձի՜ր ցանածդ», բայց չարի բերանը չոփ է լցրած:

Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՜ անգամ ինձ հասկանում է եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է իմ սրտից բղխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, եւ ես էլի մխիթարում եմ ինձ եւ ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, եւ հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը եւ հանգստութիւնը եւ զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց: Աստուած իրանց բարին տայ: Վաղը կը գամ եւ տետրակներն էլ հետս կը բերեմ:

Շատ ու շատ բարեւ բոլորիդ

Ձեր անձնուէր Կոմիտաս»։

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի