Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:39 16-06-2023

Արցախում օրեցօր կրճատվում են առանց այն էլ սուղ դեղորայքի և բժշկական պարագաների պաշարները․ Արցախի ԱՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ամբողջությամբ արգելափակելու պատճառով երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ): Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը։

«Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ հունիսի 15-ին ԿԽՄԿ մեքենաները 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխում էին Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը, ինչի հետևանքով մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուների ու հարազատների վերադարձն Արցախ: Իսկ հունիսի 16-ին նախատեսված էր նաև 27 բուժառուների և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուների և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ:

Արցախի առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ բոլոր հումանիտար բեռնափոխադրումների խափանման պայմաններում, բնականաբար, լրիվությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից:

«Արդյունքում, օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան