Երևան +12°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:41 12-06-2023

Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն ԱՄՆ դոլարի վնաս. ՄԻՊ զեկույց

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

ԱՀ ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

Զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 198 անգամ (445,900-ի փոխարեն՝ 2246 մուտք և ելք),

Ճանապարհով գրեթե 58 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (167,440-ի փոխարեն՝ 2,867 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից),

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (72,800 տոննայի փոխարեն՝ 5574 տոննա),

Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1400 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից,

Ադրբեջանը հանրագումարային 117 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը,

Արդեն 154 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը,
ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների,

Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ,

Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն ԱՄՆ դոլարի վնաս,

Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ:

«Ի լրումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները:

Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից անօրինական անցակետ է տեղադրել Հակարի գետի կամրջև մոտ: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։

Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:

Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։

Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։