Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 17:30 09-06-2023

ՌԴ դեսպան-նախկին նախագահներ հանդիպումները փաստում են, որ Մոսկվան չի վստահում Փաշինյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 8-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ռուսաստանի դեսպանը այս պարագայում հանդիպում է ունեցել միայն առաջին նախագահի հետ, սակայն վերջինս նախկինում հանդիպումներ ունեցել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Մեզ հաջողվեց պարզել, որ Կոպերկինը և Քոչարյանը վերջին անգամ հանդիպել են 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, որի ընթացքում քննարկել են Արցախյան հակամարտությա գոտում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ կողմերը հանդիպում էին ունեցել 2019 թվականի հունիսի 14-ին, երբ Քոչարյանի նկատմամբ դեռևս մարտի 1-ի գործով քրեական հետապնդում էր իրականացվում և վերջինս հերթական անգամ ազատ էր արձակվել՝ մինչև հաջորդ կալանավորումը։ Այս հանդիպման միջոցով ռուսական կողմը փորձում էր հասկացնել Հայաստանի իշխանություններին, որ չի ողջունում ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Ռուսաստանի դեսպանը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել է 2021 թվականի դեկտեմբերի 4-ին։ Հանդիպման ընթացքում Սարգսյանը և Կոպերկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքներ։ Ավելի վաղ Ռուսաստանի դեպսանը 2021 թվականի ընթացքում ևս երկու հանդիպում էր ունեցել ՀՀ երրորդ նախագահի հետ՝ նախքան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։

Հանդիպումներից մեկը տեղի էր ունեցել 2021 թվականի փետրվարի 4-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել էին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել ռուսական կողմին՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել էր Ռուսաստանի Դաշնության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` Հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։ Հայտնի էր դարձել նաև, որ դեսպանի խնդրանքով` Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։ Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակներում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը»:

Մյուս հանդիպումը կայացել էր նույն թվականի ապրիլի 12-ին, որի ընթացքում Սարգսյանը և Կոպերկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ։
Սարգսյանը և Կոպերկինը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես հանդիպել են՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Սարգսյանը դեսպանին տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ն սառեցրել էր ներքաղաքական օրակարգը և հայտնել համազգային կոնսոլիդացիայի մասին։

Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը 2022-2023 թվականներին շարունակել է հանդիպումներ ունենալ ՀՀ առաջին նախագահի հետ, մինչդեռ մամուլում առկա հրապարակումները փաստում են, որ երկրորդ և երրորդ նախագահների հետ այս ընթացքում հանդիպումներ չեն եղել։ Սակայն նկատենք, որ Կոպեկին-Տեր-Պետրոսյան հանդիպումների մեծ մասը կայացել են ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ։

Հայ հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը պարբերաբար հանդիպումներ ունենում ՀՀ նախկին նախկին նախագահների հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երեք նախագահներն էլ չնայած իրենց միջև առկա տարաձայնություններին, այնուամենայնիվ խստորեն քննադատում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և վերջինիս վարած քաղաքականությունը։ Նշենք, որ Ռուսաստանը մեծ հարգանք ունի պետական ինստիտուտների, ինչպես նաև պետությունների նախկին ղեկավարների նկատմամբ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել է, սակայն Կոպերկին-նախկին նախագահներ հանդիպումները պայմանավորված չեն բացառապես այս հանգամանքով։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները մտահոգություններ են ունեն Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ և սրանից ելնելով շփումներ են պահպանում նաև նախկին նախագահների հետ։ Այլ կերպ ասած ՌԴ դեսպանի և նախկին նախագահների հանդիպումները փաստում են, որ Մոսկվան չի վստահում Փաշինյանին և փորձում է նաև այլընտրանքային հարաբերություններ հաստատել նախկին նախագահների հետ, որոնցից երկուսի գլխավորած քաղաքական ուժերը ներկայացված են խորհրդարանում։