Երևան +10°
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:01 08-06-2023

Զոհված տղերքին նվիրված հուշահամալիրը քանդում են, որ շենք կառուցեն․ 1 ամիս ժամանակ են տվել․ Բեկ

Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, ահազանգում է, որ տասնամյակներ առաջ Երևանի Ուլնեցու փողոցի վերջնամասում իր կողմից կառուցված «X զորամասը» պահանջում են քանդել։

Oragir.News-ի հետ զրույցում Աղաբեկ Խաչատրյանը պատմեց, որ զոհված զինծառայողների հիշատակին նվիրված «X զորամաս»-ի կառուցման նպատակով դեռ տասնամյակներ առաջ է 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հատկացվել, սակայն չափագրումն իրականացնելուց հետո հողի փաստաթղթերի հարցով այլևս չեն զբաղվել։

Իսկ ահա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է մեկը, որը ներկայացել է նշված տարածքի սեփականատեր և պահանջել ապամոնտաժել հերոսներին նվիրված հուշահամալիրը, այլապես հարցը դատական կարգով կլուծվի։

«X զորամաս»-ի տարածքում՝ հուշաքարերի վրա, 7500 հերոսների անուններ կան գրված, ինչպես նաև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված շուրջ 2000 տղաների լուսանկարներ։ Հիմա նշված հասցեի սեփականտերը հայց է ներկայացրել դատարան, պահանջել, որ տարածքն ազատեն, դատարանն էլ մինչև 2023 թվականի հուլիսի 5-ը ժամանակ է տվել։

«Ամեն մի մետրի վրա 50-100 զոհ ենք տվել, ի՞նչ է նշանակում սա քանդել։ Խաչատրյան Աղաբեկին ինչո՞ւ եք դատում, հոդված են դրել վրես, կգնամ կնստեմ, ես չեմ վախենում։ Ավելի լավ է ձեռքերս կտրեն, ես սա չեմ քանդի․․․»,- մեզ հետ զրույցում ասաց Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը։

Հերոսների հուշարձանը քանդելու որոշումն առաջացրել է նաև զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ թույլ չեն տալու իրենց որդիներին նվիրված հուշարձանն ապամոնտաժեն։

Մանրամասները՝ տեսանյութում