Երևան +14°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 18:30 08-06-2023

Եթե ԱԽ քարտուղարը չմասնակցեր ՀԱՊԿ-ի նիստին, ապա դա բացահայտ դեմարշ կլիներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել էր Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ նշելով, որ Գրիգորյանի խոսքում Մոսկվային ուղղված հարձակումներ են եղել։

«Նախ, կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլև պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կամ ահա այսպիսի հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել էր նա։

Հատկանշական է, որ նման հայտարարությունների ֆոնին Հայաստանի ԱԽ քարտուղարն այսօր Մինսկում մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների խորհրդի նիստին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները տարբեր քայլերով փորձում են իրագործել այն, ինչի համար բերվել են իշխանության։ Նրա խոսքով՝ այդ քայլերից մեկը Հայաստանում ռուսաստանցի սահմանապահներին հայաստանցիներով փոխարինելու գործընթացն է, որը, բնականաբար, Հայաստանում թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը։

«Ռուսաստանը Հայաստանում ունի տարբեր լծակներ, որոնցից մեկն էլ դա է։ Եթե դու դա վերացնում ես, ապա դա առաջացնում է ռուսական ազդեցության թուլացում, որն ամբողջովին տեղավորվում է իշխող քաղաքական թիմի կողմից իրականացվող Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համատեքստում»,- կարծում է նա։

Քաղաքագետը շեշտում է, որ սա, բնականաբար, պետք է արժանանար Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքին։ Նա միևնույն ժամանակ կարծում է, որ Մոսկվայի արձագանքը որոշակիորեն մեղմ էր, սակայն ամեն դեպքում Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինքն այդքան էլ համաձայն չէ ՀՀ-ի կողմից տարվող քաղաքականությանը։

Բադալյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ռուսական ոչ պաշտոնական լրատվամիջոցները՝ տելեգրամյան ալիքները և այլն, որոնք ռուսական տարբեր գերատեսչությունների այլընտրանքային տեսակետներն են հնչեցնում, արդեն գրում են, որ խիստ դժգոհությամբ են վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի կողմից լրացուցիչ երեք նստավայր ստեղծելու հարցին։

Նա ընդգծեց, որ սա առաջացնում է Ռուսաստանի ղեկավարության դժգոհությունը, սակայն նրանք դեռևս ոչինչ չեն կարող անել, քանի որ այս պահին զբաղված են ուկրաինական պատերազմով։ Քաղաքագետը նշում է, որ տվյալ իրավիճակում կարևոր չէ, թե ինչ բառերով արտահայտվեց Զախարովան, կարևորն այն է, որ նա ռուսական կողմի դժգոհությունն արտահայտեց, ինչպես դա արել է անվտանգության խորհրդի քարտուղարի նախորդ հայտարարություների պարագայում։

Բադալյանի խոսքով՝ Զախարովան դրանից ավել որևէ բան չի կարող անել։ Անդրադառնալով նման հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների խորհրդի նիստին Արմեն Գրիգորյանի մասնակցության նպատակահարմարությանը՝ Բադալյանը ընդգծեց, որ նա չէր կարող չմասնակցել, քանի որ նա ի պաշտոնե պարտավոր էր մասնակցել։ Մեր այն դիտարկմանը, որ ավելի վաղ կայացած ՀԱՊԿ ՊՆ նախարարների հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարարը չէր մասնակցում՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու կուրս են որդեգրել, սակայն չեն ցանկանում դա միանգամից անել։

«Եթե պաշտպանության նախարարը չի մասնակցել և դրանից հետո էլ Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ չմասնակցեր, ապա դա արդեն այլ համատեքստում կդիտարկվեր։ Այսինքն, եթե Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները չեն մասնակցում ՀԱՊԿ-ի հանդիպումներին, դա արդեն բացահայտ մեսիջ է, հատկապես այն դեպքում, երբ մեկ օր առաջ վարչապետը Միշուստինի հետ միասին մասնակցում էր ԵԱՏՄ-ի նիստին և բավականին ոգևորված տրամադրությամբ նիստ էր անցկացնում»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը հավելեց, որ եթե Արմեն Գրիգորյանը չմասնակցեր ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների նիստին, ապա դա բացահայտ դեմարշ կլիներ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն երկրում Ռուսաստանի դիրքերը թուլացնել, սակայն ոչ դեմարշի ճանապարհով։