Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:02 08-06-2023

ՔՊ-ական Փչանի Սուրոն գազ է փչել հիվանդ տղայի աչքերին ու փայտով հարվածել գլխին, 7 կար են դրել

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրում կրքերը չեն հանդարտվում:

Էպիլեպսիայով հիվանդ տղային ծեծի ենթարկելու համար գյուղացիները պահանջում են, որպեսզի իրենց համագյուղացի Սուրեն Թորոսյանին՝ Փչանի Սուրո, խիստ պատժի ենթարկեն: Արագածավանի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց տեղի ունեցած միջադեպից․

«Ծեծի ենթարկվածն Արագածավանի բնակիչ 24-ամյա Ա․ Ս․-ն է, որը իրենց ավտոլվացման կետում է աշխատում։ Սուրոն երեկ գնացել է այնտեղ, ինչ-որ խոսակցություն է եղել, որից հետո սկսել է գոռալ տղայի վրա, նա էլ կոպիտ ձևով է պատասխանել, դրան հաջորդել են Սուրոյի գործողությունները:

Շատ լավ իմանալով, որ տղան առողջական խնդիրներ ունի՝ սկզբում գազ է փչել աչքերին, հետո սկսել է փայտե առարկայով հարվածել, այդ թվում գլխին։ Այնպես է խփել, որ տղայի գլուխը բացել է, տեղափոխել են հիվանդանոց, եթե չեմ սխալվում՝ 7 կար են դրել»:

Արագածավանի բնակչի խոսքով՝ Սուրեն Թորոսյանը նախկինում նման վարքով աչքի չի ընկել։ Թուրն աջ ու ձախ սկսել է կտրել միայն 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: «Այդ անգրագետն անգամ իր անուն-ազգանունը ճիշտ գրել չգիտի, հեղափոխությունից հետո այնքան քսմսվեց իշխանություններին, որ վերջը Ջրայինի պետի պաշտոնում նշանակեցին:

Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Պապիկյանի հետ նկարվել է, աշխատասենյակում էլ գլխի վերևը Փաշինյանի «դուխով» գլխարկով նկարն է փակցրել ու բոլորին ասում է՝ ես իրենց մարդն եմ, ինչ ուզեմ, ոնց ուզեմ՝ կարող եմ անել»,- պատմեց բնակիչը։

Այս պահին ի՞նչ իրավիճակ է Արագածավանում, տեղեկություն ունե՞ք արդյոք Սուրեն Թորոսյանին ձերբակալե՞լ են, թե՞ ոչ, հարցրեցինք Արագածավանի բնակչին․ «Նախ նշեմ, որ ծեծի ենթարկված տղայի հայրը երկրում չէ, այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մարդիկ հույս ունեն, որ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն Սուրոյին, այլապես բունտ կանեն»։

Թալինի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ տղայի մոտ ախտորոշվել է գլխի գագաթային շրջանի պատռվածք վերք, վիրահատել են․ «Նրա կայնքին վտանգ չի սպառնում»։

Քննչական կոմիտեից էլ մեզ փոխանցեցին, որ միջադեպի առնչությամբ այս պահին որևէ տեղեկատվություն չունեն․ «Սպասում ենք տեղեկատվության»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել Արագածավանի բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել է Թալինի ԲԿ։ Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեն։

Ձեզ գուցե հետաքրքրի