Երևան +21°
copy image url
Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 22:45 01-06-2023

Նախկիններն էլ էին շնորհավորում Թուրքիայի ղեկավարներին, սակայն դա անում էին արժանապատվորեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 28-ին Թուրքիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում հաղթանական տարավ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ստացավ պետությունը ևս հինգ տարով ղեկավարելու հնարավորություն։ Հատկանշական էր, որ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Էրդողանին շնորհավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչն առաջացրել հայ հասարակության մի զգալի հատվածի դժգոհությունը։ Փաշինյանի շնորհավորանքի նկատմամբ դժգոհությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նա Թուրքիայի նախագահին շնորհավորեց բավականին հապճեպ, քանի որ այդ պահին Էրդողանին շնորհավորել էին միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Այս համատեքստում հետաքրքրություն է առաջանում, թե Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները նախկինում շնորհավորե՞լ են իրար և եթե նույնիսկ շնորհավորել են, ապա դա ի՞նչ ժամկետներում են արել։ Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, այնուամենայնիվ երկու երկրները պահպանել են դիվանագիտական արարողակարգի պահանջները և հիմնականում շնորհավորել են միմիյանց, երբ երկրներից մեկում ղեկավարի փոփոխություն է տեղի ունեցել, կամ ղեկավարը վերընտրվել է իր պաշտոնում։

Մեզ հաջողվեց պարզել, որ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը 1998 թվականի ապրիլի 10-ին շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել էր 1998 թվականի մարտի 30-ին, իսկ ապրիլի 9-ին Քոչարյանը ստանձնել էր նախագահի պաշտոնը։

Թուրքիայում 2000 թվականի մայիսի 16-ին նախագահի պաշտոնը ստանձնեց Ահմեթ Նեջդեթ Սեզերը, իսկ 2002 թվականի նոյեմբերի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն երկու դեպքում էլ Հայաստանի նախագահի կողմից շնորհավորական ուղերձ չի եղել։

Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը 2003 թվականի մարտի 21-ին շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մարտի 5-ին վերընտրվել էր Հայաստանի նախագահի պաշտոնում։

2007 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվեց Աբդուլլահ Գյուլը, ով մինչև այդ զբաղեցնում էր Թուրքիայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարը և հայ թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանակցություններ էր վարում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին շնորհավորել էր Գյուլին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Իր նախկին պաշտոնակցին շնորհավորել էր նաև Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Գյուլին շնորհավորել էր նաև Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ Գյուլի նախագահության շրջանում հայ-թուրքական հարաբերությունները կմտնեն ներհայեցողության, հետազոտման, բացահայտման եւ վերջնական կանոնակարգման որակապես նոր փուլ։

2008 թվականի փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանին, ով նույն թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել էր Հայաստանի նախագահի պաշտոնում։ Թուրքիայի նախագահն իր ուղերձում հույս էր հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այս շնորհավորանքից հետո մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փուլը, որը միջազգային հանրության կողմից ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, սակայն հետագայում այն վիժեցվեց Թուրքիայի կողմից։

Աբդուլլահ Գյուլը 2013 թվականի փետրվարի 21-ին կրկին շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հայաստանում նախագահական ընտրությունները կայացել էին 2013 թվականի փետրվարի 18-ին։

Թուրքիայում 2014 թվականի օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում նախագահ ընտրվեց այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բավականին կոշտ քարոզարշավ էր վարել, հակահայկական հայտարարություններ էր հնչեցրել՝ միևնույն ժամանակ ստանալով Հայաստանի նախագահի համարժեք արձագանքը։ Նախագահական ընտրություններից երեք օր անց՝ օգոստոսի 13-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Էրդողանին՝ ընդգծելով, որ վերջինս հնարավորություն ունի ներդնել իր եռանդը՝ երկու երկրների միջև ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:

Սարգսյանի այս շնորհավորանքը վերջինն էր նախքան մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Էրդողանին ուղղված շնորհավորանքը։ Թուրքիայի իշխանությունների կողմից որևէ շնորահավորանք չեղավ 2017-2018 և 2021 թվականներին Հայաստանում կայացած ընտրությունների դեպքում, Հայաստանի իշխանություններն էլ չշնորհավորեցին Թուրքիայի իշխանություններին 2018 թվականի հունիսի 24-ին կայացած ընտրությունների կապակցությամբ, որոնցում կրկին հաղթեցին Էրդողանը և իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

Այսպիսով ամփոփելով վերոհիշյալ իրողությունները՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի գրեթե բոլոր իշխանություններն էլ շնորհավորել են Թուրքիայի ղեկավարներին՝ տարբեր ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Թուրքիայի իշխանություններն էլ իրենց հերթին շնորհավորել են Հայաստանի ղեկավարներին։ Միևնույն ժամանակ նախկին որևէ իշխանություն Թուրքիայի ղեկավարներին չեն շնորհավորել նման հապճեպ կերպով, ինչը Անկարայի կողմից դիտարկվելու է ոչ այլ ինչ, քան քծնանք։ Այլ կերպ ասած՝ նախկինները նույնպես շնորհավորել են Թուրքիայի ղեկավարներին, սակայն դա արել են արժանապատվորեն և առանց ավելորդ քծնանքի։

Առհասարակ ընդունված է, որ նման արագ կերպով պետությունների ղեկավարները շնորհավորում են միայն բարեկամական պետությունների ղեկավարներին, ինչպես օրինակ՝ Էրդողանի պարագայում կատարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից Փաշինյանի շնորհավորանքն անհրաժեշտ էր՝ նաև հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն դա պետք է կատարվեր ճիշտ ժամանակին՝ ընտրությունների հաջորդ օրը, կամ գոնե այն ժամանակ, երբ կհրապարակվեին ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
12:48 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել. shamshyan.com
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
12:32 Չհաջողված «էքսպերիմենտ»․ Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն