Ուղիղ եթեր

Երբ երգում է նա, ասես լռում է Մադոննայի հրաշալի լռությամբ․ այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 20:57 01-06-2023
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- Լուսինե Զաքարյանի կատարյալ երգեցողության մասին այսպես է արտահայտվել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։

Այսօր հայ հոգևոր երգարվեստի անփոխարինելի կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է։



Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։ Մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշևիչը (ծագումով լեհահայ), եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։ Տատը՝ Ելենա Տոմաշևսկայան, դաշնակահարուհի էր, հայրը՝ Հաբեթ Զաքարյանը, սիմֆոնիկ նվագախմբի կազմում նվագում էր բաս փողային գործիք, մայրը՝ Վերոնիկա Տոմաշևսկայան, նույնպես օժտված էր երաժշտական կարողություններով։

Ժամանակակիցները պատմում են, որ Սվետլանան (այդպես էր նրա ծննդյան անունը) Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին աչքի էր ընկնում արտակարգ համեստությամբ, չափավոր էր, գրեթե միշտ հագնում էր նույն, ոչնչով աչքի չընկնող հագուստը, քչախոս էր։



Լուսինե Զաքարյանին թույլ չեն տալիս երգել Մայր տաճարի երգչախմբում, որովհետև աղջիկը հայերեն չգիտեր։ Նրա ուսուցիչն ստիպված է լինում Կոմիտասի «Տեր ողորմեայ»-ի բառերը ռուսերեն տառերով գրել։ Երգչուհու առաջին ելույթը Մայր տաճարում ցնցեց կաթողիկոսին։ Լուսինեի «Սուրբ, սուրբը» հալվում էր ծխի խնկաբույր քուլաների մեջ, առինքնում բոլորին․․․ Նույն օրը կաթողիկոսը հանձնարարում է աղջկան գրանցել հոգևոր երգչախմբում։

Երգչուհու ստեղծագործական և անձնական կյանքում շրջադարձային էր 1965 թ․։ Նա հանդիպում է Մայր Աթոռի երիտասարդ հոգևորական Մեսրոպ վարդապետին։ Այս հանդիպումը ճակատագրական էր․ կուսակրոն վարդապետը կարգալույծ է լինում և ամուսնանում Լուսինեի հետ։ Խորեն Պալյանը դառնում է ռուսախոս երգչուհու հայերենի, գրաբարի և երաժշտության ուսուցիչը, ոգեշնչման աղբյուրը։



Լուսինե Զաքարյանը համարձակություն ունեցավ խորհրդային տարիներին հոգևոր երգը մեծ բեմեր բարձրացնել՝ այդպիսով վայելեով մեծ սեր ու ժողովրդականություն։ Նրա շնորհիվ հայ հոգևոր երգը հնչեց ռուսական, ֆրանսիական, արգենտինական մեծ բեմերում։ Հռոմի պապի հատուկ թույլտվությամբ՝ նա երգել է նաև Փարիզի Աստվածամոր տաճարում։

Հատուկ Լուսինե Զաքարյանի համար է գրվել Առնո Բաբաջանյանի հայտնի «Վոկալիզը»։

Շաքարախտով տառապող երգչուհին հաճախ էր ասում․ «Աստված ինձ կօգնի երգել․ ես վախենում եմ համերգի ավարտից, որովհետև երբ ավարտվում է համերգը, ես հիվանդանում եմ»։



Լուսինե Զաքարյանը վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում երկարատև հիվանդությունից հետո։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ համաժողովրդական սիրո արժանացած երգչուհու մարմինը 1993 թվականի հունվարի 4-ին հողին է հանձնվել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը, քանի որ ՀՀ կառավարությունը չի թույլատրել նրան հուղարկավորել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

«Լռում է նա՝ թվում է դեռ շարունակում է երգել, իսկ երբեմն էլ երգում է․ ասես լռում է Մադոննայի հրաշալի լռությամբ»,- գրել է նրա մասին Սիլվա Կապուտիկյանը։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
13:32 Երեկվա առյուծի կաթ խմած գազանը համեստ հարսի պես նստած է Կրեմլում․ Դավիթ Կարապետյան
12:10 Այսօր 6 օր անհետացած երեխայի ծննդյան օրն է
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
16:20 Բյուջեն դատարկվում է․ կենսաթոշակի անցնելու տարիքը կբարձրացվի՞
08:02 Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից. Ժողովուրդ
18:28 Լուրջ ճնշում է սկսվել, անհիմն ազատում են իմ թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին. Մարտուն Գրիգորյան
13:20 Կեղծավորության շքերթ. 300 հազար զոհը, սովը, աքսորը ժպի՞տ են առաջացնում  
20:05 Լիլիթ Աղեկյանին կալանավորել են, նրա կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
22:59 Դատապարտելի է, որ պատրիարքը շքանշան է տվել բռնարարին. Շիրակի թեմի քահանա