copy image url
Խոսք Ներքին 11 ամիս առաջ - 16:54 01-06-2023

Կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լինել, որ Արցախում ընդհանրապես այդ երեխաները չլինեին․ Ալեն Սիմոնյան

Մենք որպես ժառանգություն պետք է թողնենք խաղաղ երկիր, որպեսզի ծնողները, երբ իրենց տղաները 15 տարեկան դառնան, չմտածեն՝ ինչ անեն, որ իրենց երեխաները խուսափեն բանակ գնալուց, որ չմտածեն երկիրը լքեն, որպեսզի չմտածեն, որ իրենց երեխաներն անվտանգ երկրում չեն ապրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ խաղաղ երկիր թողնեն երեխաներին։

Հարցին՝ ո՞րն է խաղաղությունը արցախցի երեխաների համար՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Նույնը, ինչո՞ւ եք տարբերակում արցախցի երեխա, հայաստանցի երեխա, երեխաներին պետք չի տարբերակել։ Առաջին հերթին դա արվում է արցախցի երեխաների համար, որ իրենք նույնպես ապրեն խաղաղ ու չմտածեն իրենց վաղվա օրվա մասին, չմտածեն, որ կարող է կրակոց կամ պայթյուն լինի, երբ իրենք խաղում են», - նշեց ԱԺ նախագահը։

Սիմոնյանն ասաց, որ պատերազմից անմիջապես հետո շատերն ասում էին, որ այն իշխանությունը, որ ի հեճուկս շատերի, նորից վստահության քվե ստացավ, չի կարողանալու մոտ ապագայում խաղաղություն ապահովել, բայց այսօր ակնհայտ է, որ այդ ուղղությամբ արվող քայլերը առնվազն հնարավոր պատերազմը հետաձգում են:

«Խաղաղության գործընթացը սկսվել է և ինչ-որ արդյունք կարող է և ունենանք, եթե շարունակենք լավ աշխատել:

Այո, կարող եմ մեր դիրքորոշման հետ չհամաձայնել, բայց ես կարող եմ մեկ այլ բան ասել, կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լինել, որ Արցախում ընդհանրապես այդ երեխաները չլինեին: Իսկ այդ պարագայում ո՞վ կհամաձայներ կամ չէր համաձայնի, կասե՞ք ինձ: Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք այսօր:

Ոչ մեկը չի ասում, որ ամեն ինչ գերազանց է, բայց քաղաքական գործիչների, Հայաստանի և Արցախի իշխանությունների աշխատանքը հենց ձեր ասածը բացառելն է: Մենք մինչ այս պահը թե միջազգային, թե այլ հարցերով բավականին լավ առաջ ենք գնում»,-ասաց նա:

Ըստ Սիմոնյանի՝ մենք պետք է հասնենք, որ Ադրբեջանը խոսի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, որովհետև հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի։

«Կլինի մի մեծ բաց, որն անընդհատ տարիների, գուցե տասնամյակների ընթացքում ինչքը չի կարող փակել: Եթե ինքը չնստի և չխոսի Արցախում ապրող հայ բնակչության հետ, մեր վերքը իր պտուղները տալու է»,-ասաց նա:

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը չհամաձայնի, Ալեն Սիմոնյանը կոչ արեց չխոսել «եթե»-ի մասին. «Այնուամենայնիվ, բանակցությունները տեղի են ունենում, միջազգային գործընկերները հայտարարում են դրա մասին, իսկ դա նշանակում է, որ մենք միջազգային հանրության կողմից աջակցություն ունենք»:

ԱԺ նախագահը նկատեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ կարևոր է. «Նույն Ադրբեջանը 2020-ի պատերազմը սկսելուց առաջ միջզգային առումով բոլոր հնարավոր գործողությունները կանխատեսելով և մթնոլորտ ստեղծելով սկսեց պատերազմը: Միջազգային գործոնը, միջազգային ճնշումը մեծ դեր ունի: Այդ առումով մենք այսօր հաջողում ենք»,- ընդգծեց նա:

Ալեն Սիմոնյանի համոզմամբ, եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. «Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը իհարկե թույլ չենք տա, որ տեղի ունենա։ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ այդ հարցը իրենց համար շատ ավելի կարևոր է, քան մեր»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Սիմոնյանն ասաց, որ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։

«Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում և կան Հայաստանի ինքնիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։

Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։ Այն, ինչը դեմարկացիայից, դելիմիտացիայից հետո քարտեզների հիման վրա կլինի ՀՀ տարածքում, ադրբեջանական զորքերը դուրս պետք է դուրս գան, և դուրս կգան: Այն, ինչը Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը հետ կքաշվեն»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ այդ կետերը Հայաստանի համար շատ կարևոր են. «Տեղ կգտնե՞ն դրանք պայմանագրի մեջ, թե որեւէ այլ ակտով կլուծվեն, ես տեղյակ չեմ: Բացառվում է, որ 29 800 քառակուս կիլոմետրից դուրս, ավելի, պակաս խաղաղության պայմանագիր կնքվի։ Դա մշտապես ասել ենք: 29 800 քկմ թիվը մենք ենք հնչեցրել, վարչապետը ԱԺ ամբիոնից «կարմիր գիծ» է գծել եւ այդ 29 800 քկմ-ն մենք ենք բերել օրակարգ:

Նույնը կարող եմ ասել միջանցքի մասին: Մենք բազմիցս ասել ենք, որ միջանցք չի լինելու: Չի կարող նման բան լինել: Մենք «միջանցքի» խոսույթը դուրս ենք հանել և կարմիր գիծ ենք գծել»,-ասաց Ալեն Սիմոնյանը: