Երևան +19°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:05 31-05-2023

Երաժշտական դպրոցներում բարձր գնահատական ստացածները նորից են քննություններ հանձնում

Վերջին շրջանում Երևան քաղաքում գործող տարբեր երաժշտական դպրոցների սաներից Oragir.News-ը տեղեկություններ է ստանում, որ իրենք ավարտական քննություններում ստացել են բարձր՝ 8, 9, 10 գնահատականներ, բայց իրենց ևս մեկ անգամ քննության են կանչել։

Oragir.News-ը քաղաքում գործող մի քանի երաժշտական դպրոցներից փորձեց տեղեկանալ, թե որն է նման փոփոխության պատճառը։

Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցից, զարմանալով մեր հարցից, ասացին, որ մեզ փոխանցելու ինֆորմացիա չունեն, դա ներքին ինֆորմացիա է։

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Սյուքիասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զանգահարել են դպրոց, անուններ են հնչեցրել մոտ՝ 10 երեխայի անուններ, քանի որ իրենք էին բարձր գնահատական ստացել և ասել են, որ այդ երեխաները ևս մեկ անգամ պետք է գան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց։

«Հարցրինք, թե ինչումն է բանը, չհասկացանք, ասացին, որ ուղղակի ուզում են այդ երեխաներին տեսել, ես էլ մտածեցի, որ երևի ուզում են երեխաներին պատվոգրեր տալ, խրախուսել որպես բարձր գնահատականներ ստացած երեխաների։ Երեխաները հանգիստ գնացին և վերադարձան, մեր դպրոցում ինչ-որ խնդիր չի եղել»,- ասաց նա։

Հարցին, թե այդ քննությունից հետո եղե՞լ են նախկինում եղած գնահատականի փոփոխություն, ասաց. «Գնահատական չեն դրել, երեխաները ասացին, որ մտել են, իրենց նախկին հարցերն են տվել, իրենք նույն ձևով պատասխանել են, դուրս են եկել»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցրինք տնօրենից՝ իսկ ծնողների մոտ դժգոհություն չառաջացա՞վ, թե ինչու են ևս մեկ անգամ քննություն հանձնելու, պատասխանեց. «Ինչպես որ Դուք, այնպես էլ ծնողները հարցրին, թե ինչումն է բանը, ինչու են նորից գնում, ես, որ անձամբ չգիտեի պատճառը, մտածում էի, որ երեխաներին ուզում են խրախուսել»։

Հարցրինք Սուսաննա Սուքիասյանին, թե միայն իրե՞նց դպրոցի բարձր գնահատական ստացած երեխաներին են կանչել, թե՞ մյուս երաժշտական դպրոցներինն էլ, պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, բոլոր դպրոցների՝ բարձր բալեր ստացած աշակերտներին»,- ասաց տնօրենը և հավելեց, որ իրենց ծնողներից դժգոհություն չի եղել։

Oragir.News-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից տեղեկանալ, թե որն է պատճառը, որ բարձր գնահատական ստացած աշակերտներին ևս մեկ անգամ քննություն է պարտադրվել։

Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին. «Երևանի քաղաքապետարանը ամեն տարի անցկացնում է արվեստի և երաժշտական դպրոցների մրցույթ-փառատոններ, այս տարվանը եղել է 14-րդ մրցույթ-փառատոնը, որը, ի տարբերություն նախորդ տարիների, անցկացվել է նաև սոլֆեջիո առարկայից, և որպեսզի այդ բոլոր բարձր ստացած երեխաներից որևէ մեկի մեջ չմնա թեր կարծիք, այսինքն՝ համոզվածություն լինի, որ գնահատականը արդար է, և որևէ մեկը ներքուստ չմտածի, որ խնդիր կա, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր կարիք են ունեցել, որ համոզվեն իրենց գնահատականի արդար լինելու մեջ, կամավորության սկզբունքով հրավիրվել են, որպեսզի ցույց տան իրենց աշխատանքները, որպեսզի մասնագետները ցույց տան, որ ամեն ինչ արդար է, և իրենք էլ ստացել են իրենց արժանի գնահատականը։ Այդ քննությունը բոլոր այն երեխաներն են հանձնել, որոնք որ ցանկացել են գնալ և համոզվել, որ իրենց գնահատականը արդար է, այսինքն՝ զուտ սեփական նախաձեռնությամբ է եղել։ Այսինքն՝ եթե իրենք ցանկացել են, մենք պատրաստ ենք եղել ցույց տալ, համոզել, ապացուցել, որ արժանի գնահատական են ստացել՝ նշելով, թե ինչու 8, 9, 10․ նպատակը դա է եղել, որ մասնագիտորեն ցույց տան, որ իրենց գնահատականը դա է եղել»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Հարցրինք, թե որն է տրամաբանությունը, որ 10-ը ստացող աշախերտներն էլ են մասնակցել այդ երկրորդ փուլին․ չէ՞ որ 10-ը առավելագույն գնահատականն է, պատասխանեց. «Այո՛, առավելագույնն է, բայց հնարավոր է, որ ուրիշ մեկը ուզենա համոզվել, թե դիմացինը ինչու է 10-ը ստացել, ինքը՝ 9-ը․ այդպես ցույց է տրվել, որ այդ 10-ը ստացող երեխան 10-ի է արժանի եղել»։