Ներքին 3 տարի առաջ - 18:00 31-05-2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյակի միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, մայիսի 30-ին մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն ու շնորհավորել վրաց գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ պարոն Շոթաձե, հարգելի՛ գործընկերներ,

Ինձ համար պատիվ է Վրաստանի դատախազության հիմնադրման 105-ամյա հոբելյանի միջոցառմանը ներկա լինելն ու այս հարթակից շնորհավորանքի խոսք ասելը:

Հարգելի՛ գործընկերներ,
Իմ և Հայաստանի Հանրապետության բոլոր դատախազների անունից շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական և մարդկային բարձր որակների շնորհիվ, հանցավորության դեմ անզիջում պայքարի և հանցագործությունից տուժած մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու առաքելությանը հավատարիմ՝ հաջողություններ կգրանցեք իրավունքի և օրինականության գերակայության ապահովման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում սա իմ առաջին այցն է Վրաստան: Մեր երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ու դատախազությունների միջև արդյունավետ համագործակցությունը հիմք ընդունելով՝ վստահ եմ, որ, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը, մեր հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ համագործակցությունն ունենալու է նոր որակ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը վկայում եմ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական և միջպետական հարաբերությունների հարուստ տարեգրության, մեր անձնական շփումների կարևորության, Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել այն հոգատարությունը, որ դրսևորում են վրաց ժողովուրդն ու պետական մարմինների ներկայացուցիչները՝ Վրաստան այցելություն կատարող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Այցելություններն ակտիվ են՝ պայմանավորված անձնային, գործարար և մշակութային կապերով, ինչպես նաև Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի առկայությամբ:

Մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը ևս արդյունավետ է և շարունակական:
Հայաստանի և Վրաստանի միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է գործող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի և որ անձամբ ինձ համար շատ կարևոր է՝ դատախազությունների բարեկամական հարաբերությունների ու բարի կամքի հիման վրա, առանց որոնց՝ համագործակցության արդյունավետությունն ապահովելն անհնար է:

Միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չունենք, քանի որ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս բոլոր մարտահրավերները հաղթահարել գործընկերային ձևաչափով և օպերատիվ կարգով:

Այս կապակցությամբ հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր վրաց գործընկերներին՝ քրեական գործերով ցուցաբերվող ամենօրյա աջակցության համար:

Մեծարգո՛ պարոն Շոթաձե,

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու հրավերս ընդունելու համար:

Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական պատվաբեր ծառայության մեջ, ժամանակի մարտահրավերներին դիմակայելու ուժ և երջանկություն»:

Միջոցառման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ