Երևան +17°
Եկեք հետ տանք Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 23:30 30-05-2023

«Քեռուս տղան է Ռոստովից եկել»․ Նիկոլ Փաշինյանն ու իր «կռուտոյ» թիմակիցները

Երեկ՝ մայիսի 29-ին, Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քննարկման սկզբում ծավալուն ելույթ ունեցավ, իսկ ելույթն ավարտելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ շտապեց դուրս։ Փաշինյանի հեռանալուց հետո դահլիճում խառնաշփոթ սկսվեց, ՔՊ-ական պատգամավորները ևս լքեցին դահլիճը, ինչից հետո միայն շարունակեց ելույթ ունենալ Վահե Հովհաննիսյանը։

Նշենք, որ դահլիճում մնացին միայն ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, երկու ընդդիմադիրներ` Արթուր Խաչատրյանը և Գեղամ Նազարյանը, կառավարության մի քանի ներկայացուցիչ։

Ստեղծված իրավիճակը մտորելու տեղիք տվեց՝ թույլ տալով հիշել տարիներ առաջ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկումների կարևորության մասին։

2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Արդեն երեք տարի է՝ ես տեսնում եմ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ պետբյուջեի քննարկումների մասին ժամանակացույց, որտեղ գրված է, որ այսօրվա քննարկմանը հրավիրված են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ մարզպետները: Ես երեք տարի է՝ ոչ մի տարի չեմ տեսել Տարոն Մարգարյանին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սա ի՞նչ է նշանակում: Ամենակրուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կոչում ունեն, նրանց հարմար չէ՞ այսպիսի քննարկումների մասնակցել: Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարևոր գործ ունի, այսինքն, մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարևոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը և Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»:

2015 թվականին Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում համայնքների 2016 թ․ բյուջեի քննարկման ժամանկ էլ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվեել էր. «Դուք այսօր ինչո՞ւ եք եկել Ազգային ժողով, Երևանի քաղաքապետի տեղակալն ասաց, որ այսօր չի եկել, որովհետև Կարմիր խաչի պատվիրակությանն է ընդունում: Այսօր պարա՞պ եք եղել, դրա համար եք եկել, մարդ չկա՞ր, որ ընդունեիք՝ գյուղապետ, Կարմիր խաչ, կամ մարզպետարանում մնայիք ձանձրույթից, չեմ ուզում ասել մեռնեիք, բայց ասենք՝ ձանձրույթից պետք է Ձեր ինքնազգացողությունը վատանա՞ր: Նկատի ունեմ, որ Կարմիր խաչից մարդ է գալիս այստեղ չեն գալիս, նշանակում է՝ նույն մարզպետները, բան չունեն անելու, ուզած-չուզած եկել են այստեղ: Ճիշտ եմ հասկանո՞ւմ իրավիճակը»,- ապա շարունակել էր․ «Ես լուրջ եմ ասում, այն մարզպետները, որոնք ամեն տարի պարտաճանաչ գալիս են, ինչի՞ են գալիս, ես նրանց կոչ եմ անում ուղղակի չգալ, որովհետև սա վիրավորական է իրենց համար: Իսկապես տպավորություն է ստացվում, Կարմիր խաչից մարդ է եկել, քեռուս տղեն է Ռոստովից եկել, ես էի գնացել բանակի քեֆ ունեի Սանկտ Պետերբուրգում: Այսինքն՝ մարդիկ այստեղ պարա՞պ են, չեմ հասկանում: Ձեզ խաբել են, պարոն Մինասյան, մայիսի 27-ին Տարոն Մարգարյանը Երևանում է եղել առավոտից մինչև երեկո և Ձեզ խաբել են, Դուք Ձեզ զավեշտալի իրավիճակում եք դնում, մի հատ էլ խոսում եք զավեշտի մասին: Եթե ուզում եք զավեշտից դուրս գա այս ամեն ինչը, առաջինը՝ հետևեք Ձեր գործունեությանը և գործելակերպին»։

2016 թվականին քննարկումներից մեկի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «ՀՀ վարչապետը, համաձայն ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, հերթական նստաշրջանի կոնկրետ օրը պետք է այնտեղ նստած լինի: Նա բացի այնտեղ նստած լինելուց, իրավունք չունի աշխարհի որևէ այլ կետում լինել»։ Իսկ երկրի թիվ մեկ օրենքի քննարկման ժամանակ վարչապետի հետ միասին պետք է նաև կառավարության մյուս անդամները ներկա լինեին, քանի որ դա թիվ մեկ քաղաքական օրենքն է ու ԱԺ է ներկայացվում տարին մեկ անգամ:

Ժամանակները փոխվեցին, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սրտի թեկնածուներին տարավ ԱԺ, իր կառավարությունը ձևավորեց, բայց նախկինում արված հայտարարությունները կարծես թե մոռացավ։

Օրինակ, 2019 թվականին երկրի թիվ մեկ փաստաթղթի քննարկումներին Նիկոլ Փաշինյանը, լինելով վարչապետ և բյուջեի հիմնական պատասխանատուն, նախագիծը ներկայացրել էր մի քանի բառով, ապա շատ շտապ հեռացել խորհրդարանից։ Իսկ հաջորդած քննարկումների ժամանակ էլ իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ բացակայում էին։

Ազգային ժողովում 2020-ի բյուջեի քննարկումներին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, չէր ներկայացել, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումների առաջին օրը կոչ էր արել բոլոր պաշտոնյաներին ներկայանալ և կարևորել այս քննարկումները:

2021 թվականին խորհրդարանի կիսադատարկ դահլիճում ընթանում էր 2020 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումը։ Վարչապետի պաշտոնակատարի փոխարեն զեկուցում էր փոխվարչապետի պաշտոնակատարը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մի շարք նախարարություններ ներկայացել էին տեղակալների մակարդակով։ Եվ դա այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մասնակցում էր բյուջետային քննարկումներին և բացահայտում իշխանության «բացթողումները»։