Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 11 ամիս առաջ - 22:30 17-05-2023

Առգրավված տոննաներով թմրանյութերն ու Հայաստանում թմրանյութերի օրինականացման թեման «վառողները»

Երեկ համացանցը ողողեց Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի լուրը, որը Վրաստանի Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան՝ բանանի արկղերի մեջ թաքցված։

Եվրոպական մամուլում տարածված հաղորդագրությանն այսօր հաջորդեց ՀՀ ԱԱԾ-ի կողմի տարածված նմանատիպ մեկ այլ հաղորդագրություն։ Ըստ այդմ, Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերություններից մեկը Հայաստան է ներմուծել շուրջ 1 տոննա «Կոկաին»։ Թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։

Հաղորդագրությունները թույլ են տալիս ենթադրել, որ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությանը հաջողվել է կոկաինի շուրջ 1 տոննա խմբաքանակ Հայաստան հասցնել, իսկ 2,7 տոննան առգրավվել է իտալացի իրավապահների կողմից։

Այս սկանդալային բացահայտումների ֆոնին արժե հիշել, թե վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչներից ովքեր են թմրանյութի օրինականացման թեման լցրել լրահոս և հասարակական-քաղաքական միջավայր կամ, օրինակ, հայտարարել, որ Հայաստանում թմրաշջանառությունն այնքան տարածված երևույթ է, որ կարելի է հանդիպել միջին վիճակագրական ցանկացած խնջույքում։

Եվ այսպես, 2021թ. ապրիլին 29-ին Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում էր թույլատրել արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Զուգադիպություն էր, թե պատահականություն, բայց նախագիծն այսօր քննարկվում էր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստոմ, որպեսզի 2-րդ ընթերցմամբ քննարկվեր ու քվեարկության դրվեր ԱԺ նիստում։ Սակայն նախագիծը դրական եզրակացություն չստացավ հանձնաժողովի կողմից։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շուկան այլևս գրավիչ չէ, իսկ հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ պնդեց, որ հիմնավորումները բավարար չեն ռիսկային նախագիծն ընդունելու համար։ Իսկ օրինակ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Ցիրունյանն էլ այսօր կարծիք հայտնեց, որ կանեփ Հայաստանի ամբողջ տարածքում կա, խնդրեց խնդրեց այդ բույսի մասին խոսելիս չկիրառել թմրամիջոց բառը և ընդգծեց, որ կանեփը շատ օգտակար բույս է։

Բոլորովին վերջերս ԱԺ նիստերից մեկի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ոստիկանապետին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդեր անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում: Ի պատասխան ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում։

Հայաստանում թմրամիջոցների ազատականացումը նորմալ երևույթ է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Նա չի թաքցնում իր կարծիքը և օրինակ ամիսներ առաջ մեկնաբանել էր ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանի գրառումը, որտեղ վերջինս դեմ էր արտահայտվել մարիխուանայի ազատականացմանը։ Սիմոնյանը գրել էր․ «Կարող է օրինականացվել և կարծում եմ, որ ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում»։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէր, երբ Ալեն Սիմոնյանը նման կարծիք է հայտնում։ Նույն կարծիքն Ալեն Սիմոնյանն ուներ նաև 2017 թվականին, երբ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ էր։ Նրա կարծիքով մարիխուանայի դեմ պայքարը անիմաստ և ժամանակատար զբաղմունք է, հետևաբար այն պետք է օրինականացնել, բերել հարկային դաշտ և հետևել որակին, որպեսզի մարդիկ չթունավորվեն, չմեռնեն։ «Ես չգիտեմ մարդ, որը մարիխուանայի օգտագործումից մահացել է, բայց ես հազարավոր մարդիկ գիտեմ, որ մահացել են սիգարետի օգտագործումից։ Թոքի քաղցկեղի հիմնական պատճառը սիգարետն է։ Իսկ մարիխուանան թուլացնում է քաղցկեղի ուռուցքի աճը։ Այն բժիշկների կողմից ցուցված է նաև նյարդային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց։ Իսկ մենք, չգիտես ինչու, դրել ու պայքարում ենք մի բանի դեմ, որի դեմ պայքարն անիմաստ է»,- ասել էր Սիմոնյանը։