Չնայած այն հանգամանքին, որ ոչ ֆորմալ կրթությունը շատերին հնարավորություն է տալիս ստանալ պրակտիկ գիտելիքներ, բայց Շիրակցի ուսանողների համար բուհը շարունակում է արդիական մնալ։
Այս տարի Գյումրիի բուհերում նախորդ տարվա հետ համեմատ, ավելի շատ դիմորդներ ունեն, որը գոհացնող ցուցանիշ է։
Շիրակի պետական համալսարանը 421 անվճար ու վճարովի տեղեր ունի, իսկ դիմորդների թիվը 103-ով պակաս է, բայց դարձյալ սրանով հանդերձ ցուցանիշն աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։
ՇՊՀ-ն այս տարի ունի 318 դիմորդ, անցյալ տարի մոտ 40-ով քիչ էր դիմորդների թիվը։ Շիրակի պետական համալսարանում պահանջված մասնագիտությունների ցանկը մի քանի տարի անփոփոխ է մնում, այսինքն՝ դիմորդները նախընտրում են անգլերեն-հայերեն թարգմանչական գործ, նաև հոգեբանություն բաժինները։
Դիմորդների թիվն ավելացել է նաև Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, 6 մասնագիտություններ են հայտարարագրել, որոնց 101 տեղ է հատկացված, իսկ դիմորդների թիվը 97 է՝ ընդամենը 4-ով պակաս հատկացված տեղերի թվից։
Ամենապահանջվածը Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտում տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինն է, ամենաքիչը «Շինարարություն» բաժինը։ Դիմորդները այս բուհում ևս գնում են մոդայիկ մասնագիտությունների հետևից։
Արվեստների ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը և ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղերը դիմորդների համար ամենապահանջված բուհերն են, այստեղ դիմորդը նախապատվությունը չի տալիս մասնագիտության մոդայիկությանը։
Նշենք որ Գյումրիի պետական բուհերի բնագիտամաթեմատիկական բաժիններում այս տարի անվճար տեղերի քանակը ավելացել է, իսկ տարկետման իրավունքը, որը ներդրվեց այս տարի, Գյումրիի բուհերին չի վերաբերում, իսկ բուհերում կիրառվող տարկետման իրավունքը, ընտրվել է հաստատությունների վարկանիշավորմամբ և պետության համար ռազմավարական նշանակության բաժիններում կրթություն ապահովելու հնարավորությամբ։