Բրյուսելյան հայտարարությունը վտանգավոր է ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ-ի համար
copy image url

Բրյուսելյան հայտարարությունը վտանգավոր է ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ-ի համար

Ներքին 1 տարի առաջ - 22:07 15-05-2023
«Երբ իրավունքից հրաժարվում ես պատերազմի սպառնալիքի հետևանքով, նշանակում է, որ դու ընդունում ես ագրեսան որպես լուծուման միջոց։ Բրյուսելյան հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն դրական էր գնահատել՝ ի տարբերություն Վաշինգտոնյան հանդիպման, որտեղ ձևակերպումներ ավելի զուսպ էին, այստեղ ավելի դրական արձագանքներ են տեղ գտել, որովհետև հայտարարության մեջ հստակ տարածքներ են արձանագրվում։ Այսինքն, տարածքային ամբողջականության սկզբունքը միշտ էլ դրված է եղել Լեռնային Ղարաբաղի համակամարտության հիմքում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նա նշեց, որ 3 սկզբունք է դրված եղել՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և ուժի չկիրառման սկզբունքը:

«Հիմա, երբ Ադրբեջանի պահով հստակ տարածքներ են նշվում, ակնհայտ է, որ այդ պարագայում Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, հետևաբար, Ադրբեջանն էլ այդ ֆոնին կշտապի իր գործողությունները Արցախում ներկայացնել որպես բացառապես իր ներքին գործ, որովհետև մինչև այդ պաշտոնյաները նշում էին, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը կարևոր է միջազգային մեխանիզմների ներքո, իսկ եվրոպական հարթակում ընթացող բանակցությունների արդյունքներով Շառլ Միշելը ավելի ընդհանրական ձևակերպումներ էր անում։ Ոչ մի խոսք չկար միջազգային մեխանիզմների մասին։ Կարծում եմ, այդ իրավիճակում Ադրբեջանը փորձելու է իրավիճակը մաքսիմալ իր օգտին օգտագործել»։

Հայրապետյանը նշեց, որ Արցախի մասով Հայաստանը, առանց որևէ հստակ երաշխիքներ ստանալու, առանց ինքնորոշման իրավունքի, կյանքի իրավունքի և այլ իրավունքների հետ երաշխքների, պատրաստ է գնալ նման քայլի ու Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ դրանով վտանգի տակ դնելով 120 հազար մարդու կյանքը, որովհետև նույն կառավարությունը և Փաշինյանը մի քանի անգամ արձանագրել են, որ այնտեղ կա տեղահանման, էթնիկ զտման վտանգ։

«Երբ գնում ես ու նման բան հնչեցնում, որ պատրաստ ես գնալ նման քայլի, դա նշանակում է, որ կամ չկա նման վտանգ, կամ դու պատրաստ ես նման վտանգի առկայության պայմաններում նման զիջումների գնալ։ Այսինքն, դու դառնում ես վտանգների դեպքում պատասխանատուներից մեկը։ Իսկ վտանգն առկա է, ու բոլորը դրա մասին գիտեն։ Փաշինյանը հիմա հրաժարվում է թե՛ իր նախընտրական խոստումներից, թե՛ կառավարության ծրագրից, և ընդ որում՝ այդ հայտարարությամբ նա հակասության մեջ է մտնում ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության հետ։ Իրավական առումով՝ այստեղ լուրջ «կազուս բելի» կա»։

Նա ընդգծեց, որ բրյուսելյան հայտարարությունը վտանգներ է պարունակում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար։ Բազմաթիվ քարտեզագիրներ և միջազգային իրավունքի մասնագետներ արձանագրում են, որ այդտեղ կա բուն Հայաստանի Հանրապետության տարածքների՝ «անկլավների» խնդիր։

«Արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այդ խնդիրները բարձրաձայնել։ Թեև ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, որ նման թեմա չի քննարկվում։ Սակայն ես վստահ եմ, որ այդ հարցը նույնպես դրել են սեղանին։ Մյուս հարցը, որ առկա է, այն է, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանարպետության տարածքում։ Օկուպացված է մոտ 15 հազար հեկտար տարածք։ Արդյո՞ք ադրբեջանական զորքերը դուրս են գալու այդ տարածքներից․ այդ հարցերի պատասխանները չկան։ Այսինքն, Փաշինյանը, Արցախի ժողովրդի գլխին կախված ցեղասպանության վտանգի պայմաններում այդ քայլը ներկայացնելով ՀՀ օգտին, իրականում դրանով ՀՀ գլխին նորանոր սպառնալիքներ է կախում։ Մինչդեռ երբ Ադրբեջանում հասկանում են, որ հարևան երկիրը պատրաստ է կենսական իրավունքներից հրաժարվել ուժի, սպառնալիքի կիրառման պարագայում, արդյոք սա չի նշանակում, որ կարելի է ուժ կիրառել Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ ու Հայաստանին պարտադրել դա ընդունել։ Երբ իրավունքից հրաժարվում ես պատերազմի, ռազմական գոծողությունների սպառնալիքի հետևանքով, դա նշանակում ,է որ դու ընդունում ես ագրեսիան որպես լուծուման միջոց։ Արդյունքում, դու անընդհատ ագրեսիայի ես ենթարկվելու և դրա արդյունքում անընդհատ ստիպված ես լինելու գնալ զիջումների։ Սա շատ վտանգավոր գործելաոճ է»։

Ձեզ գուցե հետաքրքրի