copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 21:22 15-05-2023

Նաև բանաստեղծ էր, ճարտար կոմիկ դերասան և քաջ պարող․ Կոմիտաս վարդապետի էության անծանոթ կողմը

Կոմիտաս վարդապետի անձը անսահման սիրելի է մեր ժողովրդի կողմից։ Նրան շատ հաճախ համարում են հայոց ազգային ողբերգության խորհրդանիշը։ Նա էլ իր ժողովրդի հետ ու նման անցավ Գողգոթայի մի ճանապարհ․․․ Բայց ժամանակակիցների հուշերը փաստում են, որ Կոմիտասն իր ողջ էությամբ զվարթ ու կենսախինդ մարդ է եղել։

Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում լեզվաբան Հրաչյա Աճառյանի հուշերը Կոմիտասի մասին։

«1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը... Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:



Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:

Անգամ մը Ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասին կողմե այնքան անուշ երգվելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան: Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսու ցիչ և ուսանող աջ ու ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար... Այդ օրը հավաքված էին Հայաստանի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային՝ ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լեցնելով օդը: Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին...

Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»:

Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ՝ Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով՝ ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը:



Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը: Կպատմեր, որ իր ուսանողական տարիներեն ան ընտրած էր իր կյանքի ուղին: Ան հաճախ կըսեր, որ «Երաժշտական չոր մասնագիտությունը ոչ մի բավարարություն չի ներկայացներ իրեն, իր միակ փափագը խորանալն է անոր մեջ»: Միշտ կըսեր, որ ժողովրդական բանահյուսությունը իր հոգվույն մեջ զուգընթաց էր ժողովրդական երաժշտության հետ: Եվ կավելցներ վստահ շեշտով մը. «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին և մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն...»:

Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքա՜ն հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ: Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:



Կոմիտաս շատ կսիրեր ազատ ժամերուն երկար զբոսնել բացօթյա դաշտերուն մեջ և կըսեր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»: Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը: Երկար ժամեր ճամփորդելե վերջ, երբ կվերադառնայինք փոշեթաթախ վիճակով, ան մինչև բոլորովին չմաքրվեր՝ չէր կրնար ճաշել, նույնիսկ ամենաքաղցած վիճակին մեջ: Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ...»»: