Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:44 12-05-2023

Երեք հայց 5 ամսում․ Ավինյանը լրատվամիջոցների դեմ պայքար է սկսել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախօրեին անդրադառնալով «168.am»-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ ներկայացրած դատական հայցին՝ լրատվամիջոցներին խորհուրդ էր տվել որևէ մեկին զրպարտելուց, որևէ մեկի վերաբերյալ սուտ գրելուց ուղղակի հաշվի առնել, որ հնարավոր են նաև նմանատիպ գործընթացներ:

Միաժամանակ, նա նշել էր, որ մնացած առումով ինքը լրատվամիջոցների ոչ թշնամին է, ոչ էլ ցանկություն ունի դատական գործընթացների մեջ մտնել որևէ լրատվամիջոցի հետ:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք որ միայն այս տարվա ընթացքում Ավինյանը դատական հայց է ներկայացրել 3 լրատվամիջոցի դեմ։ ՔՊ քաղաքապետի թեկնածուն պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու մասին հայց է ներկայացրել նաև «Օրագիր Մեդիա ՍՊԸ»-ի և «Փաստինֆո» ՍՊԸ-ի դեմ։

«Օրագիր Մեդիա ՍՊԸ»-ի դեպքում դատավոր է նշանակվել Մուրադ Հովակինյանը, նախնական նիստ դեռ չի կայացել։ «Փաստինֆո» ՍՊԸ-ը դեմ ներկայացված հայցով դատավոր է նշանակվել Երեմ Եսոյանը։ Գործով առաջին նիստը կայացել է, դատավորը որոշել է գործը վարույթ ընդունել։

168-am-ի և Դավիթ Սարգսյանը գործով դատավոր նշանակված Ռուբեն Բունիաթյանը մասնակի բավարարել է հայցվորի միջնորդությունը՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու վերաբերյալ և 9-ական միլիոն դրամի չափով արգելանք է դրել Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվի և գույքի, ինչպես նաև «168․am»-ի գույքի վրա։

2018-ին Ավինյանը հայց էր ներկայացել Բորիս Թամոյանի դեմ։ Դատարանը պարտավորեցրել էր վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Միաժամանակ, Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձվել է 1 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև հօգուտ Ավինյանի որպես դատական ծախս բռնագանձվել է բավարարված հայցապահանջին համամասնորեն 24 հազար դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը, իսկ մնացած մասով դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

2018-ին նա նաև Հայաստանի Հանրապետությունից էր պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։ Հատկանշական է, որ այս գործով Ավինյանի ներկայացուցիչը Արդարադատության նախկին նախարար, ներկայից ՊԵԿ նախագահ Ռուտամ Բադասյանն էր եղել։ Գործով դատավոր նշանակված Արթուր Մկրտչյանը հայցադիմումը վերադարձնելու որոշում է կայացրել։