Երևան +26°
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 20:15 11-05-2023

Վրաստանի նախագահը ՌԴ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է համարում, վարչապետը՝ դրական քայլ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման և ուղիղ չվերթների վերականգնման որոշումը միանգամայն անընդունելի է։ Ինչպես փոխանցում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծռայությունը, Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումը որակել է որպես սադրանք։

Զուրաբիշվիլին շեշտել է, որ Ռուսաստանն ագրեսոր է ամբողջ աշխարհի համար, և քանի դեռ նա օկուպացրած է պահում Վրաստանի տարածքները ժեստը ժամանակավրեպ է և անընդունելի։ «Այսօր մենք բոլորս լսեցինք ռուսական հերթական սադրիչ հայտարարությունը։ Ո՞րն է այդ սադրանքի նպատակը։ Հնարավոր է, մի կողմից, իր պարտությունը, Բախմուտում տապալումը քողարկելը, հնարավոր է, որ դա պատասխան էր նախօրեին ԵՄ-ի կողմից հայտարարված պատժամիջոցների 11-րդ փաթեթին»,-ասել է նա։

Սալոմե Զուրաբիշվիլիի համոզմամբ՝ Ռուսաստանի այս որոշումը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը դնում է մեծ մարտահրավերի առջև։ Վերջինս նշել է, որ դա որոշակի լարվածություն կառաջացնի կուսակցությունների միջև, իսկ հասարակությունը լավ հասկանում է, որ երբ Ռուսաստանը նման քայլեր է անում, ապա դա անում է միայն իր շահերից ելնելով։

«Ցավալի է, որ մեր իշխանությունը դեռ չի հասկացել ու չի մտածել մեր անցյալի պատմության ու այն օրինակների մասին, որոնք գոյություն ունեն, որ Ռուսաստանը երբեք չի պատասխանում իշխանության զիջումներին զիջումներով, իշխանությունը պետք է մտածի այդ մասին։ Ես արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը թվիթթերում»,- նկատել է նա։

Զուրաբիշվիլին հայտնել է նաև, որ բազմիցս պահանջել է այս հարցով հրավիրել անվտանգության խորհուրդ և հրապարակայնորեն քննարկել Ռուսաստանի հետ 3-ամսյա վիզաների ներդրման հարցը, որն անհրաժեշտ է երկրի ներքին մարտահրավերներին դիմագրավելու համար։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է ավելի մեծ վերահսկողություն իրականացնի այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք մուտք են գործում երկիր և մնում այնտեղ։

Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դրական է համարել Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի և չվերթների արգելքի վերացումը՝ նշելով, որ թռիչքները առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են կազմում։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի որոշմամբ դեպի Վրաստան չվերթները չեղարկվել են 2019 թվականից:

Ղարիբաշվիլին շեշտել է, որ շարք խոշոր երկրներ Ռուսաստանի հետ ունեն ուղիղ չվերթներ՝ այդ թվում նաև Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ և Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ունեցող երկիր է։ Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ի թիվ մեկ ռազմավարական գործընկերներից Իսրայելը, ինչպես նաև ԱՄԷ-ն, Չինաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ուղիղ ավիահաղորդակցություն ունեն Ռուսաստանի հետ՝ չարտոնված ինքնաթիռների օգտագործմամբ։

«Քանի որ մեր դեպքում թռիչքները դադարեցվել են 2019 թվականից, մենք այդ ժամանակից ի վեր թռիչքները չենք չեղարկել, դա Ռուսաստանի որոշումն էր, և այդ ժամանակից ի վեր թռիչքներն այլևս չեն իրականացվում։ Մեր համաքաղաքացիները ստիպված էին Վրաստան մեկնել Բելառուսով կամ Հայաստանով, Ադրբեջանով, Թուրքիայով, ստիպված էին ժամերով սպասել և տոմսի համար վճարել երկու-երեք անգամ ավելի, դրանք հսկայական անհարմարություններ են և մեծ ծախսեր»,- կարծում է Ղարիբաշվիլին:

Վերջինս հավելել է, որ երկիրը Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունի, առևտուրը վերականգնվել է, ինչին ձգտում էր նաև Վրաստանի նախկին կառավարությունը։ Նա հիշեցրել է, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին անձամբ է դիմավորել ռուս զբոսաշրջիկներին։

«Ուստի երբ երեկ հայտարարվեց ռուսական կողմից թռիչքները վերսկսելու որոշման մասին, մենք քննարկում ունեցանք թիմի ներսում, մենք այդ ամենը վերլուծեցինք եւ ասացինք, որ թռիչքները, հատկապես չարտոնված օդանավերով, շատ պարզ բառերով, առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են։ Մեր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար»,- եզրափակել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագրեր է հրապարակել, որոնցով չեղարկել էր Վրաստանի հետ վիզային ռեժիմը և թույլատրել ուղիղ չվերթների վերականգնումը։