Երևան +20°
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 16:30 11-05-2023

Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ ինքնաբացարկ է հայտնել և դուրս է եկել նախագահական ընտրապայքարից։ Ինչպես փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերությունը, այս մասին Ինջեն հայտնել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդդիմադիր գործիչը պարզաբանել է, որ այս որոշումը կայացրել է իր նկատմամբ իրականացված տարբեր սադրանքների, մեղադրանքների և ապատեղեկատվության տեսքով ճնշումների պատճառով։ «Այն, ինչ ես տեսել եմ վերջին 45 օրվա ընթացքում, նախորդ 45 տարիների ընթացքում նույնիսկ մեկ անգամ չեմ նկատել»,- ընդգծել է նա։

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցը անդրադարձել է նաև կեղծ չեկերի և լուսանկարների հրապարակմանը, որի նպատակը, ըստ քաղաքական գործչի, հանցագործությունների համար իրեն դատապարտելն ու ընտրություններում հաղթելն արգելելն էր։

Մուհարեմ Ինջեն միևնույն ժամանակ հայտնել է, որ այս որոշումը կայացրել է հանուն պետության։ Նրա խոսքով՝ ինքն այս ընտրություններում առաջարկել է երրորդ տարբերակ, որը սակայն մերժվել է։ Քաղաքական գործիչը նաև շեշտել է, որ եթե ընդդիմությունը պարտվեր ընտրություններում, ապա դրանում մեղադրելու էին իրեն, իսկ այժմ նման արդարացում չեն կարող ունենալ։

Վերջինս միևնույն ժամանակ Թուրքիայի բնակչությանը կոչ է արել քվեարկել իր գլխավորած Հայրենիք կուսակցության օգտին, որպեսզ վերջինս ներկայացված լինի խորհրդարանում։

Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն 2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածուն և Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ստանալով ձայների 30 տոկոսը։ Ընտրություններից երկու տարի անց նա դուրս է եկել ՀԺԿ-ից և հիմնադրել իր կուսակցությունը։ Մի շարք փորձագետների պնդմամբ՝ նրա մասնակցությունն ընտրություններին բխում էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերից և կարող էր խոչընդոտել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակին, քանի որ տարբեր հարցումներով վերջինիս օգտնին կքվեարկի Թուրքիայի քաղաքացիների մոտավորապես 5%-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Ինջեի ինքնաբացարկից հետո նախագահի պաշտոնի համար կպայքարեն Էրդողանը, Քըլըչդարօղլուն և ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը։

Եթե քվեարկության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ փուլը։ Վերլուծաբանների համոզմամբ՝ այն դաշինքը, որը խորհրդարանում մեծամասնություն կստանա, կկարողանա երկրորդ փուլում ավելի մեծ աջակցություն ցուցաբերել իր թեկնածուին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Մուհարեմ Ինջեն ինքնաբացարկ հայտնելու համար պահանջել էր Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնը, սակայն Քըլըչդարօղլուն մերժել էր նրան։

Ամենից շատ դիտված