Ներքին 3 տարի առաջ - 20:51 10-05-2023

Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ մայիսի 10-ին Ստրասբուրգում քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Հատուկ շեշտադրվել են հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման, խտրականության արգելքի սկզբունքի պատշաճ իրացման, անհամաչափ ուժի բացառման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառին վերաբերելի մի շարք այլ հարցեր։

Պաշտպանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը, անդրադարձել Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, բարձրաձայնել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապության և գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցերի մասին:

Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանում կալանավորված զինծառայողներին այցին։ Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել այցի արդյունքներով իր դիտարկումներն ու վերջիններիս իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը։

Անահիտ Մանասյանը խոսել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրեր Մարդու իրավունքների պաշտպանի կատարած փաստահավաք այցերի արդյունքների մասին, ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ վարքագծի հետևանքով ի թիվս այլնի տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերը, երեխաների իրավունքների վերաբերյալ արձանագրած խախտումները:

Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:

«Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող անձանց, իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ: Եթե նույնիսկ, որոշակի իրավիճակով պայմանավորված, դրանք առկա են, ապա պետք է փնտրել այդ փակ դռները բացելու հնարավորություններ։ Հակառակ պարագայում մարդու իրավունքների պաշտպանության մեր առաքելությունը հաջողված համարել հնարավոր չի լինի»,- շեշտել է Պաշտպանը։

Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵԽ պատրաստակամությունը։

Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցելու է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։ Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան