Իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հատվածին, Անկարան դատապարտել է հարձակումը
copy image url

Իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հատվածին, Անկարան դատապարտել է հարձակումը

Արտաքին 1 տարի առաջ - 15:30 09-05-2023
Իսրայելական բանակը մայիսի 9-ի գիշերը Գազայի հատվածի պաղեստինյան շրջափակված էսքկլավի նկատմամբ ավիահարված է իրականացրել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է արաբական Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով Գազայի առողջապահության վարչության տվյալներին։

Հաղորդվում է, որ զոհվածների թվում կան չորս երեխաներ, նույնքան էլ կանայք: Հարձակման հետևանքով երեք երեխա և յոթ կին հոսպիտալացվել են։

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կիսառազմական թեւ համարվող «Ալ-Քուդս» բրիգադի ներկայացուցիչները հայտնել են, որ զոհերի թվում են նաև խմբավորման երեք անդամներ՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին։ Շարժման խոսնակ Տարիկ Սիլմին սպառնացել է պատասխան հարված հասցնել «օկուպացիոն ուժերին»։

Իսրայելական կողմը պնդել է, որ հարձակումն իրականացվել է Գազայից իսրայելական հատվածի նկատմամբ հրթիռակոծությունից հետո, տեղեկացնում է DW-ն։

Հերթական սրման պատճառը իսրայելական բանտում ամիսներ տեւած հացադուլից հետո «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան ներկայացուցչի մահն էր։ Գազայում արմատականները հայտարարեցին պատասխան հարվածների մասին, որից հետո Իսրայելի տարածքը մի քանի օր շարունակ հրթիռակոծվում էր։

Հարավային Իսրայելի բնակիչներին իշխանությունները խնդրում են մնալ ապաստարանների մոտ, մի շարք բնակավայրերում փակ են դպրոցները և առանձին փողոցներով ճանապարհորդությունները:

Պաշտոնական Անկարան դատապարտել է իսրայելական հարվածները շրջափակված պաղեստինյան էքսլավ՝ Գազայի հատվածին, որոնք հանգեցրել են պաղեստինցիների, այդ թվում՝ կանանց և երեխաների մահվան։

«Մենք դատապարտում ենք իսրայելական զորքերի հարձակումը Գազայի հատվածի վրա, որը հանգեցրեց այսօր պաղեստինցիների, այդ թվում՝ կանանց և երեխաների մահվան: Նման գործողությունները բացարձակապես անընդունելի են։ Անկարան ակնկալում է, որ նման հարվածներն անհապաղ կդադարեցվեն և այլևս չեն հանգեցնի մահերի և տարածաշրջանում լարվածության նոր փուլի»,- ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Պաղեստինի իշխանություններին և պաղեստինյան ժողովրդին՝ Իսրայելի բանակի գործողությունների հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։