Երևան +16°
copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 21:07 03-05-2023

Երգը մեր պատմությունն է, հիշողություն է երգը․ այսօր Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է

Ազգային երգն ու երաժշտությունը արժևորող յուրաքանչյուր մարդ լավ գիտի Հայրիկ Մուրադյանի անունն ու առանձնահատուկ, գրավիչ ձայնը․․․

Այսօր պատմաբան, երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է։



«Հայրիկը ապրեց, տոկաց, շատախցու երգերը` իր պապերի երգերը, լռության մոխիրներից հանեց ու հայերի նոր սերունդներին հասցրեց իբրև սուրբ ճաշակ ու սուրբ նշխարք և նաև օտարներին մատուցեց` հարուցելով զարմանք ու հիացմունք...

Հայրիկ Մուրադյանի ձայնը... Շատախի հերկած հողի ակոսների պես փխրուն, Շատախի շալ կտավի պես թավշյա, որ հայրը` Մանուկը, գործում էր չուռ տեսակի այծի նրբագեղ մազից… Հայրիկ Մուրադյանի ձայնը, որ հաճախ ու հաճախ հնչում է Հայաստանի ռադիոյի եթերներից ու հեռուստատեսության էկրաններից, և հայաստանաբնակ հայերն են լսում, Սփյուռքի տարագիր հայերն են ունկնդրում և այդ ձայնով միավորվում»,- այսպիսի ջերմ խոսքերով է բնութագրել Հայրիկ Մուրադյանին Հովհաննես Մելիքյանը։

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։



Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապում մանկան հետ․ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դրել՝ ասելով՝ «թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի», հայրը «Նարեկ» էր դրել՝ «թող գիտուն լինի», իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը և ասել՝ «թող ֆիդայի դառնա»։ Հարևան գյուղի ավագ քահանան, որը կրթվել և դաստիարակվել էր Հայրիկ Խրիմյանի բարոյական շնչի ներքո, փոքրիկին մկրտել է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։

Տարիներ անց իր հայրենի գյուղի մասին հուշերում Հայրիկ Մուրադյանը գրել է․ «Սակայն թող չկարծեն, թե Շատախը դրախտի անկյուն էր` հողն ու քարն օրհնված Աստծու բերանով, աղբյուրներից հորդող կաթ գետերը` կարմիր գինի, քարերին` գազպա... Չէ: Ոչ մի բան էլ չէր իջնում երկնքից, ոչինչ չէր տրվում վերուստ` առանց արյուն–քրտինքի ու տառապանքի: Ի՜նչ գնով էին ստեղծում հացն ու գինին, ի՜նչ կռվով: Կռվում էին քարի դեմ, ժուժկալ հողի հետ, որ դաշտի հող չէր, սար էր, դարավանդ էր, լեռների գլխին էր՝ մի պատառ էր, մի կամի չափ:
Բայց թե ո՞ւր էր, երանի թե` կռիվը լիներ միայն հողի ու քարի հետ` հացի համար և գինու համար: Այդպես չէր: Կռվով էր ամեն բան...»։



Ու հացի համար կռիվ տվող հայ շինականը հող հերկելիս երգ է երգել, վար անելիս երգ է երգել, ցորեն ցանելիս երգ է երգել, արտ հնձելիս երգ է երգել․․․․ Ցավի ու տառապանքի դեմ հայ գեղջուկը երգով է կռիվ տվել։ Մանուկ հասակից այդ երգերի մեջ է մեծացել մասնագիտությամբ պատմաբան, բայց առաքելությամբ՝ երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանը։

Մուրադյանը կարծում էր, որ երգը մեր հիշողությունն է, և նաև երգի միջոցով էր փորձում վերականգնել կորցրած հայրենիքի հիշողությունը։

Հայրիկ Մուրադյանի կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական ֆիլմերին։ Նրա կատարման ձայնագրություններով է ձևավորվել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացումը (1971)։ Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում (1971) լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։ Մուրադյանը ձայնագրվել է շուրջ 200 երգ՝ ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանում, «Հայրենի երգեր» ժողովածուում (1980) և այլն։

Հայրիկ Մուրադյանի երգերը լսեք այստեղ։

Ձեզ գուցե հետաքրքրի