Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» Ռուբեն Ռուբինյանին
copy image url

Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» Ռուբեն Ռուբինյանին

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:29 03-05-2023
«Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցող մարդ, գնում, այսօր մասնակցում է Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչը ուղղակիորեն շաղկապում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները»,- ասել էր Մանուկյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը նախօրեին ԱԺ-ում հայտնել է, որ Վաշինգտոնի բանակցություններում Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունն անձամբ վարչապետի որոշումն է։

Մինչդեռ, խորհրդարանական երկրում օրենսդիր մարմնի որևէ անդամի գործադիր իշխանության ղեկավարը չի կարող հանձնարարականներ տալ կամ գործուղել։

Oragir.News-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ Սահմանադրությունը իշխանությունների տարանջատման սկզբունքը ամրագրել է որպես ոսկե կանոն, բայց բացի Սահմանադրությունից՝ ունենք նաև այլ իրավական ակտեր, օրինակ, կառավարության որոշումը, որ հաստատել կառավարության կառուցվածքը ու գործունեության մասին օրենքը։

«Դրանում վարչապետի լիազորությունների իրականացումը սպառիչ կերպով թվարկված է։ Այդ երկու իրավական ակտերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վարչապետը որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրի բարձրագույն իշխանության կրող՝ իր լիազորություններն իրացնում է բացառապես կառավարության և կառավարության ենթակա մարմիններին համապատասխան հանձնարարականների տալով և դրանց գործունեությունը կանոնակարգելով, իսկ ԱԺ-ի հետ կապը բացառապես պայմանավորված է կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանով ու ԱԺ-ին կառավարության գործունեության ծրագիր ներկայացնելով»։

Նա ընդգծեց, որ անգամ եթե Սահմանադրությունն ընթերցվում է ոչ խորը մասնագիտական աչքով, ակնհայտ է, որ վարչապետն, ըստ էության, ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնյա է և իր գործունեության ընթացքում հաշվետու է ԱԺ-ին։

«Այսինքն, ակնհայտ է՝ կառավորության ղեկավարը խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում ԱԺ ղեկավար կազմի անդամին հանձնարարություն տալու իրավասություն չունի։ Եթե մենք ապրենք երկրում, որտեղ օրենքները գործում են, եթե ամեն դեպքում վարչապետը որևէ մեկին ցանկանար գործուղել Թուրքիայի հետ բանակցելու, ապա դա կարող էր լինել հատուկ հանձնարարություններով դեսպան, որին համապատասխան որոշմամբ կամ այլ իրավական ակտով կնշանակեր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց։ Իսկ եթե պարտադիր կերպով այդ բանագնացը պետք է լիներ Ռուբեն Ռուբինյանը, քանի որ, ըստ օդում կախված լուրերի՝ նա թուրքական արմատներ ունի, ապա Ռուբինյանին նման լիազորությամբ օժտելու բացառիկ իրավասությունը պատկանում է ԱԺ-ին։

Ընդ որում, դա ԱԺ նախագահի որոշմամբ կամ ստորագրած իրավական ակտով էլ չէր կարող լինել։ Դա կոնկրետ ԱԺ-ի՝ որպես սահմանադրական մարմնի լիազորությունն է։ Ենթադրում եմ, որ հենց սա է պատճառը, որ Ռուբեն Ռուբինյանին հատուկ բանագնաց հռչակելու մասին որևէ իրավական ակտ չկա։

Այսինքն, հնարավոր է, որ Փաշինյանին հուշել կամ բացատրել են, որ նա դրա իրավասությունը չունի, դրա համար էլ նա իրավաբանորեն չի մտել այդ պրոցեսի տակ, սա, իհարկե, իր մեջ դրական ազդակ ունի, քանի որ այդպիսով նրա բանակցած թեզերը հետագայում վիճարկելն ավելի հեշտ կլինի, որովհետև չկա որևէ փաստաթուղթ, որով հավաստվի, որ Ռուբինյանը Հայաստանի Հանրապետության անունից կարող է բանակցել Թուրքիայի, Ադրբեջանի, Ճապոնիայի, Չինաստանի, կամ որևէ այլ պետության հետ։

Այսինքն, Ռուբինյանի գործունեությունը հակասահմանադրական և հակաօրինական է, այնքանով, որքանով այն չունի այդ գործողությունն իրականացնելու պատվիրակված լիազորություն, այդ գործունեությունն իրականացնելու իրավական հիմք։

Վարչապետը կարող էր նման հանձնարարականով գործուղել ԱԳՆ նախարարի կամ փոխնախարարի, ԱԱԾ աշխատակցի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, բայց ոչ ԱԺ փոխնախարարի։ Եթե հենց Ռուբինյանը պետք է լիներ բանակցողը, ապա նա պետք է անհապաղ հրաժարական ներկայացներ, հրաժարվեր մանդատից, նշանակվեր նշածս պաշտոններից որևէ մեկին կամ հատուկ հանձնարարություններով դեսպան, որպեսզի Փաշինյանը իրավասություն ունենա նրան գործուղել, որպես բանագնաց»։

Նա ընդգծեց, որ, ըստ էության, 2-ն էլ խախտում են օրենքը, սակայն իրականում ավելի շատ Ռուբինյանն է հակաօրինական ու հակասահմանադրական գործունեություն իրականացնում։

«Ժողովրդական լեզվով ասած՝ Փաշինյանը Ռուբինյանին կարող է հրահանգել 15 հոգու սպանել, եթե Ռուբինյանը հասկանում է, որ դա հանցագործություն է, նա չի գնա այդ քայլին։ Նույն էլ այս պարագայում։ Փաշինյանը շատ բան կարող է ասել, եթե Ռուբինյանի համար Փաշինյանի բանավոր հանձնակարականները օրենքին կամ Սահմանադրությանը հավասարազոր իրավական հիմք ունեցող երևույթներ են՝ ուրեմն մենք լրաջագույն խնդիրներ ունենք։

Մինչդեռ, Ռուբինյանն այնքան է ոգևորվել բանագնաց լինելու հանգամանքով, որ թքած ունի օրենսդրական կարգավորումների ու իրավական հանգամքների վրա, որոնց հիման վրա, իշխանության փոփոխությունից հետո, իրեն պատասխանատվության են կանչելու»։