Երևան +13°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:30 03-05-2023

Եթե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, ապա խաղաղություն չի լինի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ այցելել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք, որտեղ մի շարք հակահայկական և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Շուշիում Ալիևը մասնակցել է իր հոր՝ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված «Մեծ եվրասիական աշխարհաքաղաքականության ձևավորում. անցյալից մինչև ներկա և ապագան» թեմայով համաժողովին: Ալիևը հայտարարել է, որ Հեյդար Ալիևի ամենամեծ ցանկությունը «Շուշին ազատ տեսնելն էր, և իրենք իրականացրել են այդ ցանկությունը»։

«Մենք կատարեցինք նրա ցանկությունը։ Մենք հպարտ ենք և ուրախ դրա համար։ Բոլոր ադրբեջանցիները՝ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլև աշխարհի բոլոր ադրբեջանցիները հպարտանում են մեր հաղթանակով»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի հաղթանակը «արդարության, պատմական արդարության և միջազգային իրավունքի հաղթանակն է»:

Ալիևը նշել է, որ համաժողովի ընթացքում ցանկանում է մտքերի ու գաղափարների փոխանակման միջոցով քննարկել Ադրբեջանի հետագա զարգացման հետ կապված գործնական քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման գործընթացները։ Նրա խոսքով՝ Բաքուն չի կարող անտեսել տարածաշրջանային գործընթացները։ Նա հայտնել է, որ Արցախյան պատերազմից հետո երկրի ներսում այլևս ռիսկերի չեն հանդիպում՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ իրենք կղզում չեն ապրում։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, որ օկուպացված Շուշին «միշտ եղել է ադրբեջանական քաղաք» և միայն այսպես կոչված «օկուպացիայի ժամանակ 28 տարի գտնվել է օտար տիրապետության տակ»։ Վերջինս նշել է, որ Շուշին հայկական տիրապետության շրջանում «գրեթե ամբողջությամբ ավերվել էր, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն հայերի համար երբեք հայրենի քաղաք չի եղել»։

Իլհամ Ալիևը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ նշելով, որ կառույցը 28 տարի որևէ արդյունք չի տվել։ Նրա խոսքով՝ դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չէր ցանկանում վերադարձնել տարածքները։ Նա ասել է, որ այսպես կոչված «օկուպացիայի ժամանակ» Մինսկի խումբն Ադրբեջանում այդքան էլ հայտնի չէր։ «Դա էր հիմնական պատճառը, որ հակամարտությունը հնարավոր չեղավ լուծել խաղաղ ճանապարհով, Հայաստանը դա չէր ցանկանում»,- նշել է նա։

Վերջինս նաև նշել է, որ եթե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, ապա խաղաղություն չի հաստատվի։ Նրա խոսքով՝ պատմությունից հայտնի է, որ մի շարք երկրներ հրաժարվել են խաղաղության պայմանագիր ստորագրել։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը ռացիոնալ կգործի և խաղաղության պայմանագիրը կստորագրի։

«Պատմությունից գիտենք, որ կան երկրներ, որոնք չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Սա լավ չի լինի ոչ Հայաստանի, ոչ տարածաշրջանի համար. Իհարկե, դա լավ չի լինի նաեւ Ադրբեջանի համար։ Ուստի մենք դեռ հույս ունենք, որ նրանք իրենց ռացիոնալ կպահեն, չեն օգտագործի այն մարտավարությունը, որը կիրառում էին օկուպացիայի ժամանակ, երբ նախկին Մինսկի խումբն ակտիվ էր»,- եզրափակել է Ալիևը։

Ձեզ գուցե հետաքրքրի