copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:13 27-04-2023

Սերիալ է երևի․ չկարողացա հասկանալ, թե որոնք են իմ գործած մեղքերը․ Հովհաննես Շահինյան

Օրեր առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են ծնողների բնակարան՝ պատճառաբանելով, որ իբրև թե ցանկանում են ինձ հետ զրուցել։

«Բայց, ինչպես ընդունված է մեր օրերում, այդքան մեծ կազմով բնակարան այցելում են միայն ձերբակալման նպատակով: Քանի որ մեր իրավապահները հետևում են իմ էջին, ուստի ցանկանում եմ նշել, որ այս պահին գտնվում եմ ՌԴ Մոսկվա քաղաքում և վերադառնալուն պես անպայման կայցելեմ իրենց»:

Oragir.News-ի հետ զրույցում Շահինյանը հարցին, թե ինչում են իրեն մեղադրում՝ պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ՝ այս գործը դեռ 2019 թ-ին հարուցված քրեական գործի շարունակությունն է, որը 2022 թ-ին ավարտվեց։

«Ենթադրում եմ՝ հիմա գործը նորից վերաբացվել է, բայց, անկեղծ ասած, ես 3 տարվա ընթացքում չկարողացա հասկանալ, թե ինչ գործի մասին է խոսքը և որքանով է այն ինձ վերաբերում, որոնք են իմ գործած այն մեղքերը, որոնց համար հետապնդվում ու հետախուզվում էի»։

Նա պատմեց, որ 2020 թ-ի սեպտեմբերից արտերկրում էր, երբ պարզվեց, որ նոյեմբերի 20-ին քննիչը ցանկացել է իրեն հրավիրել, որից հետո էլ իր նկատմամբ հետախուզում էր հայտարարել։

«Հիմա նույն սցենարի 2-րդ արարն է, եթե հաջողվի՝ իմ փաստաբան Արսեն Բաբայանը կկարողանա պեղել, հասկանալ, թե ինչին է վերաբերում այդ երկրորդ արարը։ Սեզոնային սերիալ է երևի։ Ցավոք, քննիչին դեռ չենք գտել, անհանգիստ եմ քննիչի համար, գուցե առողջական կամ զբաղվածության խնդիր ունի, բայց հուսամ՝ մի օր ժամանակ կգտնի ու կհանդիպի փաստաբանիս հետ, մենք էլ կհասկանանք ու պատկերացում կունենաք, թե ինչում են մեզ մեղադրում, որ հասկանանք, ինչից պաշտպանվենք»։

Հարցին, թե ինչու են նորից որոշել վերաբացել արդեն փակված գործը՝ Շահինյանը պատասխանեց, որ սա քաղաքական հետապնդում է, որը սկսվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտարարությունից հետո։

«Պատճառն այն է, որ ցանկացել եմ առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններին ու խորհրդակցություններ էին անցկացնում քաղաքական ուժերի հետ։ Քանի որ «Երևան-2805» նախաձեռնությունը, որի հիմնադիրն եմ՝ քաղաքական ուժ չի ներկայացնում, մենք ընդհանուր հայտարարի էինք եկել «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ նպատակ ունենալով միասնաբար մասնակցելու ընտրություններին, բայց տեսաք, թե ինչ վերաբերմունք ու մոտեցում եղավ կուսակցության նախագահի նկատմամբ։

Արտակ Գալստյանին ապօրինի ձերբակալեցին, մի մարդու ցուցմունքով, ում գործունեությունը առնվազն վերջին 10-20 տարիներին կապված է եղել շորթումների հետ, նա Արտակ Գալստյանին մեղադրում է շորթման կամ գումարային պահանջներ ներկայացնելու մեջ։

Ես բացառում եմ, որ նրաց միջև նման զրույց կարող էր տեղի ունեցած լինել։ Հնարավոր է, որ անգամ 2 տղամարդու զրույց է եղել, միգուցե, հանդիպել, զրուցել են, բայց ճանաչելով Արտակ Գալստյանին՝ բացառում եմ, որ նման բան կարող էր լինել։

Իհարկե, կարող ենք ասել, որ քննությունը ցույց կտա, բայց կարծում եմ՝ կարելի է ենթադրել, թե ինչ քննություն է ընթանալու, վստահաբար, քննություն չի լինելու, այլ ուժի իրավունքով նկարելու են ինչ ուզեն։ Այս ամենը արդեն ոչ թե ենթադրություն, այլ վստահություն է տալիս ասելու, որ ԿԸՀ-ի հետ գնալու են նկարչության։

Կառավարությունն անգամ որոշում էլ չունի, որ Ավինյան Տիգրանն է քաղաքապետի պաշտոնակատարը, բայց փաստացի աշխատում է որպես քաղաքապետ։ Սա իշխանության բռնազավթում է, դրա համար, այնքան էլ հակված չեմ, որ ընտրություններում որևէ բան փոխվելու է»։

Նա նաև նշեց, որ 2022-ին գործը փակելուց հետո իրեն չեն անհանգստացրել։ «Ավելին՝ ես որևէ ցուցմունք չեմ տվել որևէ գործի շրջանակներում, չեմ էլ պատրաստվում պատասխանել քննիչի հարցերին, եթե այդպիսիք կլինեն, այնպես որ գործը իմ մասով հենց այսօր կարող են ավարտել և ուղարկել դատարան»։

Շահինյանը նաև նշեց, որ ժամանակավորապես է արտերկրում։ «Իհարկե, վերադառնալու եմ, անձնական հարցերով եմ դրսում, բժշկական հետազորություն եմ անցնում։ Այստեղ պատասխանները լսելուց հետո, հնարավոր է՝ Եվրոպայում ևս հետազոտություն անցնեմ։ Ըստ այդմ՝ կորոշենք վերադառնալու ժամկետը։ Գալու դեպքում պետք է գնալ քննության, բայց ես ոչ գրելու բան ունեմ, ոչ էլ պատասխանելու։ Ապօրինի, անօրինական գործ են հարուցել իմ վրա, գնամ, նստեմ, ինչ խոսեմ հետները»։

Հիշեցնենք, որ Շահինյանի պատշպանությունն ստանձնած փաստաբան Արսեն Բաբայանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Արդեն երեք օր է ջանասիրաբար փնտրում եմ, բայց չեմ կարողանում գտնել ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննիչին, որը Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացրել»: