copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:59 24-04-2023

Այսօր Հայ ժողովուրդը գտնվում է իր դեմ ծառացած տարատեսակ փորձությունների շղթայի ամենածանր օղակում․ հայտարարություն


Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով․

Հայ ժողովուրդի դեմ գործված ցեղասպանության ու հայրենազրկումի վերաբերյալ սովորույթի ուժով կազմակերպվող ոգեկոչման հանդիսությունները եւ այդ առիթով հրապարակվող գրեթե նույնիմաստ հայտարարությունները, կոչերը եւ ուղերձներն արդեն տասնամյակներ վերածվել են ձանձրանալի կրկնության։ Այսօր Հայ ժողովուրդը եւ Հայկական պետականությունն անտարակույս գտնվում են վերջին երեք տասնամյակներին իրենց դեմ ծառացած տարատեսակ փորձությունների շղթայի ամենածանր եւ տագնապալից օղակում։

Ծանրագույն սպառնալիքները եւ լրջագույն մարտահրավերներն առաջացրել են մի շարք գոյաբանական հարցադրումներ, որոնց տրվելիք պատասխաններից է կախված մեր ժողովրդի պատմական երթի հետագա ընթացքը: Արդյո՞ք, աշխարհաքաղաքական բուռն զարգացումների ներկա շրջափուլում, երբ արդեն իսկ ուրվագծվում է աշխարհակարգի արմատական փոփոխության հեռանկարը, հայոց պետական-քաղաքական միտքը կգործի նույն ահռելի սխալները, որոնք գործեց նաեւ հարյուր տարի առաջ՝ մեզ համար կործանարար եւ ցարդ անշրջելի հետեւանքներով:

Թե՞ այս անգամ շրջահայաց, խոհեմ եւ հեռատես կգտնվենք ու քաղաքական հնարավոր ընտրություներում կընտրենք առավելագույն շահեկանը կամ գոնե՝ նվազագույն վնասակարը: Արդյո՞ք, անտեսելով կամ մոռացության տալով հայ–թուրքական հարաբերությունների պատմական իրարահաջորդ փորձառությունները, պիտի հետեւենք Գրիգոր Զոհրապի քաղաքական հայացքների օրինակին, որի քաղաքական ու անհատական ողբերգական վախճանը ծանոթ է բոլորիս:

Թե՞ որպես քաղաքական ուղեցույց պիտի որդեգրենք Զորավար Անդրանիկի՝ երիտթուրքական հեղաշրջումից հետո հայ-թրքական եղբայրություն երազող շրջանակներին ուղղված պատգամի՝ այսօր եւս արդիական խորհուրդները:

Արդյո՞ք ընթացք կտանք, օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարձր ամբիոնից հնչող հայրենասիրական դիտանկյունը փոխելու կոչերին եւ մեր հայեացքը դեպի Արարատ լեռն ուղղելու փոխարեն՝ Արագած լեռ ուղղելու հորդորներին, որոնք կարճ ժամանակ հետո, ըստ «քաղաքական նպատակահարմարության», հերթական անգամ կարող են փոխվել, եւ այս անգամ մեզ հանձնարարվի՝ հանուն «կենաց իմաստության», մեր հայացքը դեպի Արայի լեռ կամ Երեւանի Կասկադ ուղղել միայն:

Թե՞ ի լուր բոլորին՝ պիտի բարձրագոչ հայտարարենք, որ մենք մեր հայրենասիրական դիտանկյունը չենք փոխելու եւ մեր հայացքը հավիտյանս հավիտենից պիտի ուղղված մնա Արարատ լեռ, որ չսխալվեն եւ իրենց նահանջի պատրաստակամությունը չփաթաթեն Հայ ժողովուրդի վզին, որովհետեւ մենք որոշել ենք ավետյաց մի օր, հաղթանակի շուրջպարը պարել Արարատ լեռան՝ թէ՛ արեւելյան, թէ՛ արեւմտյան լանջերին:

Արդյո՞ք, Հայ ժողովուրդը, լիարժեք չիմաստավորելով եւ խորապես չըմբռնելով պատմական երթի իր հավիտենականության միակ գրավական՝ նորաստեղծ պետականության անփոխարինելի դերը ու այն մշտապես հզորացնելու հրամայականը, պիտի շարունակի ապրել ու գործել դարերի ընթացքում իր մեջ արմատավորված՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» նյութապաշտ տրամաբանությամբ:

Թե՞ պիտի շրջենք պատմության անիվը եւ ամրագրենք, որ այսուհետ պիտի ապրենք ու գործենք՝ «Հայրենիք կաց» տրամաբանությամբ: Արդյո՞ք, ռազմական պարտությունը անխուսափելի ճակատագրական պատահար համարելով, ազգովին պիտի ավելի խրվենք պարտվողականության, նահանջի եւ ընկճվածության տիղմի մեջ:

Թե՞ պիտի սթափվենք, վերազինվենք հավատքով եւ վերստին համոզվենք, որ պարտությունը մշտական է, երբ չկա հաղթանակի տեսլական եւ հաղթանակը հավանական է, երբ կա կամքի հզորություն: Պատասխանները, որ ազգովին պետք է տանք, պիտի վճռեն ազգի ու հայրենիքի ճակատագիրը ու տնօրինեն մեր արժանավայել ու արժանապատիվ տեղն ու դերը ժողովուրդների միջազգային ընտանիքում:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը՝ հայկական նորագոյն ազգային - ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպությունը՝ 48 տարի առաջ, իր ստեղծմամբ ու ձեռնարկած պայքարով փարատեց հայկական մշուշապատ իրականությունը, որ խարխափում էր անորոշության, կրավորականության եւ նպատակասլաց գործի բացակայության արահետներում, եւ ի ցույց դրեց արժանապատիվ պատմություն կերտելու ուղին: Մեկ խոսքով՝ «խենթերը» տվեցին իրենց պատասխանը: Ժամանակն է՝ որ «խելագարված ամբոխները» տան իրենց պատասխանը: Խոնարհում բոլոր նահատակների հիշատակին: Հաղթանակը մերն է:

24 ապրիլ 2023

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ բովանդակ Հայաստանի քաղաքական ղեկավարություն

Հ.Գ. Զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով առատորեն վարձատրուող մամոնայի հաշվին՝ «հայրենասիրական դիտանկյունը» փոխելու քաղաքականությանը մի շարք թափթփուկների ծառայությունը, խիստ հավանական է, որ սույն հայտարարությունը հերքող հաղորդագրություն տարածվի, որի բովանդակությունը՝ ի սկզբանե համարում ենք կեղծիք ու անճշտություն: