copy image url
Ավելին Սպորտ 11 ամիս առաջ - 22:57 17-04-2023

Աշխարհի առաջնության առաջին գավաթի ոդիսականն ու առևանգումը

ՖԻՖԱ-ի 3-րդ նախագահ Ժյուլ Ռիմեի որոշմամբ, այն հավաքականը, որն առաջինը 3 անգամ կհաղթի աշխարհի առաջնությունը իրավունք ձեռք կբերի անվերադարձ տիրել հաղթական գավաթին։ Աշխարհի առաջնության ընթացիկ գավաթն առաջին անգամ հայտնվեց 1974-ի ԱԱ ժամանակ, քանի որ 1970-ին Բրազիլիան երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսն ու դարձավ գավաթի տերը։

Սակայն 1983-ին գավաթը գողացվեց Բրազիլիայից։ Իսկ գուցե գողացվել էր դեռ 1950-ականներին, կամ փոխել էին 1960-ականներին, և այն մեկը, որը բոլորս իսկական էինք համարում, իրականում կրկնօրինակ էր:



Բայց մինչ վերջաբանին անդրադառնալը, սկսվենք սկզբից։ Հեռավոր 1928-ին, երբ մեր վաղեմի ընկեր Ռիմեն եկավ այն եզրակացության, որ 4 տարին մեկ ֆուտբոլի համաշխարհային մրցաշար անցկացնելը լավ գաղափար է, որոշեց, որ հաղթողներին պարգևատրելու համար ինչ-որ սիմվոլիկ բան է պետք և վարձեց փարիզցի քանդակագործ Աբել Լաֆլերին։ Վերջինս հորինեց գավաթը՝ հիմնվելով հին հունական «Սամոթրակիայի թևավոր հաղթանակը» (որը կարելի է տեսնել Լուվրում), քանդակի վրա՝ հաղթանակի աստվածուհի Նիկան՝ ութանկյուն բաժակն իր թևերի վրա:
Գավաթը սկզբում պարզապես անվանեցին «Հաղթանակ», իսկ 1956-ին Ժյուլ Ռիմեի մահից հետո գավաթը կոչվեց նրա անունով։ Գավաթի բարձրությունը 35 սմ էր, պատրաստված արծաթից և պատված ոսկով։



1930-ին ԱԱ գավաթը շահեց Ուրուգվայը, իսկ 1934-ին և 1938-ին Իտալիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գավաթը փորձեցին գողանալ Իտալիայից։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օտտորինո Բարասին, կանխազգալով գողությունը, գավաթը հանել էր բանկից և պահել իր տանը։ Նացիստները, իհարկե, ենթադրեցին, որ Բարասին իր տանը պահած կլինի և խուզարկեցին, բայց ոչինչ չգտան․ նրանց մտքով չանցավ բացել մահճակալի տակ դրված կոշիկի տուփը։ Այդ արկղի միջից 1950-ին գավաթը վերադարձավ Ուրուգվայ, 1954-ին գնաց Գերմանիա։ Հետքարքրականն այն էր, որ 1958-ին, երբ գավաթը տեղափոխեցին Շվեդիա, որտեղ անցկացվելու էր ԱԱ-ն, այն 5 սմ ավելի երկար էր, քան պետք է լիներ։ Ոչ մի փաստական ապացույց չկա, որ գավաթը փոխել են կամ գողացել, բայց սա ավելի է մեծացնում դրա շուրջ պտտվող առեղծվածը։

Իսկ ահա 1966-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատում ցուցադրության ժամանակ գավաթն իսկապես գողացան։ Սկսվեցին որոնումները, խոստացվեց գումարային պարգևատրում և մեկ շաբաթ անց Դեյվիդ Քորբեթ անունով մի մարդ, երբ իր շանը՝ Փիքլսին, զբոսանքի էր տարել հարավային Լոնդոն, շունը հոտոտելով ցանկապատի տակից գտավ գավաթը: Քորբեթը ստացավ շուրջ 6000 ֆունտ ստեռլինգ (մոտ 7300 ԱՄՆ դոլար) պարգև, Փիքլսը ստացավ կերի մեկ տարվա պաշար, սակայն մեկ տարի չանցած խեղդամահ եղավ՝ կապած ժամանակ փորձելով հետապնդել կատվին։



1970-ին Մեքսիկայում կայացած ԱԱ ժամանակ Բրազիլիան հաղթեց առաջնությունը և գավաթն անվերադարձ նվիրեցին Բրազիլիային։ 1983-ի դեկտեմբերին զինված ավազակները գողացան գավաթը Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գրասենյակից։ Գավաթը ցուցադրված էր զրահապատ ապակու հետևում, սակայն փայտե պատյան ուներ, որը գողերը հեշտությամբ պոկել էին։

Մի քանի մարդ ձերբակալվեց, բայց ոչ ոքի մեղադրանք չառաջադրվեց, իսկ գավաթը այդպես էլ չհայտնաբերվեց: Հիմնական շրջանառվող տեսությունն այն է, որ գավաթը հալեցրել են ոսկու ձուլակտորներ ստանալու համար, սակայն, ինչպես կհիշեք ավելի վաղ, գավաթը պատրաստված էր ոչ թե ոսկուց, այլ ոսկեզօծ արծաթից, ուստի դա քիչ հավանական է: Մինչ օրս ոչ ոք չգիտի, թե որտեղ է ԱԱ առաջին գավաթը։