Երևան +15°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:37 13-04-2023

Մարզպետները գուկան՝ ձեզի լավ լուր ենք բերել. գյումրեցիներն սպասում են բնակապահովմանը

Շիրակի մարզում վթարային է համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են։

Ավելի քան երեք տասնամյակ Գյումրիի վթարայինների խնդրի լուծումը ձգձգվում է: Դեռ 2019 թվականին քաղաքի 92 վթարայիններից առանձնացվեցին Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնց բնակիչների բնակապահովման առաջարկ ներկայացվեց։

Համաձայն այդ առաջարկի՝ ամրացման ենթակա էր միայն իր փլուզումներով ու 3-րդ հարկից մինչև առաջին հարկ մշտական կաթոցներով Տիգրան Մեծ 5 շենքը, մյուսների բնակիչներին պետք է տրվեին ԲԳՎ-ներ։



Մասնավորապես, Իսահակյան 9 շենքի բնակիչները չհամաձայնեցին վկայագրի տարբերակին։ Անտառավան 26, Ղուկասյան 29 և Իսահակյան 9-ը վթարային շենքերի բնակիչների բնակարանային ապահովման ծրագիրը ևս մնում է առաջնահերթներից։

Անտառավան 26 շենքում անցած տարվանից սպասում են բնակարանի գնման վկայագրերին։ Գյումրիի վթարային ու խիստ վթարային շենքերի շարքում Անտառավան 26-ը համարվում է ամենավտանգավորը, այսինքն՝ բնակվելն այստեղ անթույլատրելի է, բայց ապրողներին որևէ մեկը չի արգելում քայքայվող շենքում շարունակել ապրելը։



60 բնակարանանոց շենքում 9 ընտանիք է մնացել, նրանք, որոնք ավեի քան 30 տարի շենքը փորձել են պահել։ Ջուրը դրսից են տուն հասցնում, տներն առանց կոյուղատար ցանցի են։ Օրեցօր քայքայվող շենքում փլուզումների ակտիվացումը բնակիչները չափում են տեղումներով, վերևի հարկերում արդեն ծածկասալերը պահող գրեթե ոչինչ չի մնացել, բայց վթարայնությունը տարիներ առաջ չի խանգարել, որ 10-15 տարի առաջ բնակարանների գնման վկայագրերով տներ վաճառեն այս շենքում, անգամ սեփականաշնորհեն։ Վատի ու ավելի վատի միջև ընտրությունը բնակիչների մի մասի համար դարձել է գլխացավանք։

«Ամեն տարի մենք միշտ էլ բողոքել ենք, կառավարություն ենք դիմել, մարզպետարան, քաղաքապետարան, բայց սայլը տեղից չի շարժվում, գալիս, խոստումներ են տալիս՝ մի բան կանենք, մի բան կանենք, բայց ոչ մի բան չեն անում»,- նշում է վթարային շենքի բնակիչներից մեկը։



«Ամեն անգամ խոստումով մարզպետները գուկան՝ ձեզի լավ լուր ենք բերել, էս դեկտեմբերին կեղնի, մյուս դեկտեմբերին կեղնի, բայց կոնկրետ չեն նշում, թե որ տարվա դեկտեմբերին, մենք էլ հույսով կսպասենք, որ գոնե էս տարվա դեկտեմբերը կեղնի»,- ասում է մեկ այլ բնակիչ։

Այս տարիների ընթացքում վթարայինների բնակիչները խոստումների պակաս չեն ունեցել։ Նախագիծ և խոստումներ տարբերակների արանքում Անտառավան 26 բնակիչները լսել են բնակապահովման ևս մեկ առաջարկի մասին, որը հնչել է բոլորովին վերջերս՝ Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«Գյումրիում ունենք մի շենք ԲԷՑ-ի բալանսում է և կարծես այդքան խիստ կարիք չկա օգտագործելու, և Գյումրու համայնքապետարանի ու բարեգործական ընկերության հետ ծրագիր ենք անում, այդ շենքը կհատկացնենք համայնքապետարանին՝ պայմանով, որ բարեգործական ընկերությունը կվերանորոգի, կդարձնի բնակելի տարածք-շինություն և այնտեղ մի շարք ընտանիքներ կբնակվեն»,- այս մասին հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։



Մարզպետարանից էլ տեղեկանում ենք, որ «Փարոս» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել՝ շենքը վերակառուցելուց հետո 4-5 բնակարաններ հանձնել քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանն էլ պարտավորվել է, որ եթե լինի գործընթացը՝ 4-5 բնակարանները կհատկացնի Անտառավան 26 շենքում այս պահին բնակվող բնակիչներին։

Բարձրավոլտ էլեկտրացանցերի ենթակայության կիսակառույց շենքը գտնվում է Մսի կոմբինատ թաղամասում։ Բարեգործությամբ վերանորոգելու դեպքում կունենա 4-5 բնակարան, այսինքն՝ շենքում ապրող 9 ընտանիքներից 4 կամ 5-ի բնակապահովման հարցը կարող է լուծվել, իսկ թե երբ՝ ժամկետներ չեն նշվում։ Շենքի մյուս ընտանիքների համար լուծման ուղղությունը մնում է ԲԳՎ-ն։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում վերջին անգամ վթարային շենք ամրացվել է 19 տարի առաջ՝ 2004 թվականին, «Լինսի» հիմնադրամի միջոցներով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի