Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:08 11-04-2023

Քննարկե՞լ եք ՄԻՊ պաշտոնում քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկան առաջադրելու հարցը․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ քարտուղարին

«Մեծամասնությունը որոշ ժամանակ առաջ նման բարձր գնահատականներով խոսում էր նաև Քրիստինե Գրիգորյանի մասին․ կարճ ժամանակ անց նա հրաժարական տվեց։ Ձեզ հայտնի՞ է՝ ի վերջո, նա ինչու հրաժարական տվեց։Ի՞նչ երաշխիք կա, որ Անահիտ Մանասյանն էլ նույնը չի անի։ Պատճառներից մեկն էլ արդյոք այն չէ՞, որ ՄԻՊ-ն ավելի շատ հանրության և ընդդիմության վստահությունը պետք է վայելի։ Վրաստանում, օրինակ, ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դարձավ օմբուդսմեն։

Երբ խոսում եք Էդգար Ղազարյանի մասին, տեղյա՞կ եք սահմանադրության նորմի մասին, որ ամեն ոք իրավունք ունի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնելու ակնկալիք ունենալ։ Եվ երբ մարդկանց վարքագծի մասին եք խոսում, միակ տարբերակը ձեր համար վիրավորե՞լն է, սպառնա՞լը։ Գուցե դրա համար իրավական գործընթաց կա, ինչո՞ւ չեք իրականացրել»,- այսօր ԱԺ հերթական նիստում դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նախ, ես արդեն ասացի, որ պետք չի տրվել էմոցիաներին, բայց․․․Ինչ վերաբերում է տիկին Գրիգորյանին, կարծում եմ, պատեհ պահի հանրությունն այդ մասին կիմանա։ Իսկ տիկին Մանասյանի անաչառության վրա ես չեմ կասկածում։ ՄԻՊ ինստիտուտը քաղաքական գործընթացներից պետք է դուրս լինի։ Երբ տիկին Գրիգորյանի թեկնածությունն էր քննարկվում, նրա անաչառությունը ևս կասկածի տակ դրվեց, բայց նրա աշխատանքով ապացուցվեց հակառակը։ Վստահ եմ, որ նույնը կլինի տիկին Մանասյանի դեպքում։ Ինչ վերաբերում է իրավական ճանապարհին, ապա այո, այն կա, բայց իրավիճակները տարբեր են։ Ամեն դրվագ պետք է դիտարկել դրա ամբողջության մեջ։ Ես դիմել եմ դատախազություն՝ դեպքերի փոխկապակցվածությունն ուսումնասիրելու համար։ Այո, պետք է գնալ իրավական ճանապարհով»։

Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց․ «Քննարկումների ժամանակ ի՞նչ թեկնածուների եք քննարկել, ինչո՞ւ եք հենց տիկին Մանասյանին ընտրել։ Նկատի ունենալով ձեր պահվածքը, քննարկե՞լ եք ոստիկանության աշխատակիցներից ՄԻՊ թեկնածու առաջադրելու հնարավորություն։ Հատկապես այն ոստիկաններից, որոնք բռնություն են գործադրել քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ»։

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Երկար քննարկումներ ենք ունեցել։ Այսքանով կսահմանափակվեմ։ Ինձ զարմացնում է, որ ասում եք ոստիկաններից ընտրեինք։ Դուք առաջադրել եք մի թեկնածուի, որը հայ ժողովրդին անվանարկում է։ Ու հիմա ինձ նման հարց եք տալիս համ էլ ասում եք, որ բոլորն իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին։ Այո, ունեն, բայց քաղաքական ուժը պատասխանատու է իր թեկնածուի համար, որը հայ ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»»։