Շրջափակված Արցախում ապրում և գործում է գեղեցկուհի Լուսինե Զաքարյանը։ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի նախկին խմբագիր, Արցախի Հանրային հեռուստատեսության «Կոչեմ ապրողաց» հաղորդաշարի խմբագիր֊հեղինակ Լուսինե Զաքարյանը անընդհատ դիրքերում է։
Oragir.News-ը մի քանի հարց է ուղղել ազատամարտիկ-լրագրողին։
-Լինելով երկու զավակների մայր, լրագրող, խմբագիր միշտ լինում եք դիրքերում,զինվորի կողքին։ Կարե՞լի է ասել, որ դիրքերը ձեր համար երկրորդ տուն են, զինվորները եղբայրներ։ -Այո, ես միշտ բարձր եմ պահել բանակ-հասարակություն կապը` իմ խմբագրած թերթից սկսած մինչև այսօր։ Որովհետև նրանք ամենից կարևոր գործն են կատարել ու կատարում։ Զորամասը և դիրքերը ինձ համար շատ հոգեհարազատ, միաժամանակ հպարտության վայրեր են։ Զինվորի ու հրամանատարի հետ մեր հարգանքը փոխադարձ է եղել միշտ։ Մեր հրամանատարները ձգտում էին ինձ հրավիրել գրեթե բոլոր միջոցառումներին ու ես մեծ ոգևորությամբ էի մասնակցում ։ Պատերազմի օրերին էլ միշտ եղել եմ նրանց կողքին, դա կփաստեն դիրքապահները։ Կային մարդիկ, որ դեպի ապահով տարածք էին շարժվում, կամ դուրս գալիս, ես դեպի մարտական վայրեր էի գնում։Այսօր էլ նույնն է , բան չի փոխվել իմ մոտ, կրկին աշխատանքիս բնույթը այնպիսին է, որ շարունակ շփումս լինում է բանակի հետ. իմ հաղորդաշարում պատմում եմ անմահացած Հերոսների մասին, իհարկե մեծ դժվարությամբ ու ափսոսանք եմ ապրում ամեն մի հաղորդում պատրաստելիս, հատկապես որ շատերին գիտեի անձամբ.... բայց ի շնորհիվ մեր հերոս տղաների, մի կերպ ուժ եմ գտնում իմ մեջ ու շարունակում ներկայացնել մեր Հերոսներին։
-Առաջին անգամ երբ որոշեցիք, որ պետք է բարձրանաք դիրքեր ու ձեր առաքելությունը ո՞րն էր։ -Առաջին անգամ դիրքեր բարձրացա 2008 թվականին, տոնական օր էր` Հայրենիքի պաշտպանի օրն էր, նվերներ էին պատրաստել զինվորների համար, ինձ հրավիրեցին լուսաբանելու,գնացի ու տեսա , թե տղաները ինչպես են մարտական հերթապահություն իրականացնում, իրոք որ նրանք հերոսներ են, ու այդ օրվանից որոշեցի լինել այդ հերոսների կողքին։
-Մանկությունից թերեւս պատերազմի միջով եք անցնում, այժմ էլ շրջափակված Արցախում եք, Ձեր հոգեւիճակի մասին խոսենք։-Ես այն սերնդից եմ, որ երեք պատերազմ եմ տեսել, առաջին պատերազմի ժամանակ ուսանող էի։ Ուսանող ընկերների եմ կորցրել, որոնց հետ մասնակցել եմ նաև բոլոր ցույցերին։ Շատ գրագետ ու հերոսական սերունդ էին, ցավով եմ հիշում բոլոր զոհված տղաներին՝ Իգորից սկսած Զաքարով վերջացրած։ Փառք մեր տղաներին։ Այդ ամեից հետո հետո ապրիլյան պատերազմ, դրանից հետո էլ այս 2020-ի արյունահեղ պատերազմը, որը իմ ամենացավոտ տեղն է, այնքան զինվոր կորցրինք, երբ հիշում եմ սիրտս մռմռում է, կորցրինք նաև փորձառու հրամանատարների ։ Այսօր էլ շրջափակման մեջ ենք, դե մեզ համար նորություն չէ թշնամու այդ քայլերը։ Ասեմ, որ չենք ընկճվում, մի խոսքով մենք ամուր ենք և հուսով եմ լավ կլինի, ուզում եմ ինձ լավատեսորեն տրամադրել, նաև շրջապատում։
-Զենքը եւ կինը․ ձեր դիտարկումը։-Հայ կինը պետք է տիրապետի զենքին, անշուշտ, մեր ազգի ճակատագիրն այնպիսին է, որ պետք է։Ես տիրապետում եմ որոշ զինատեսակների, և իմ կյանքում դա կարևոր եմ համարում։
-Ձեր երազանքների մասին կպատմեք- Շատ բան եմ երազում, ու այդ բոլորը բերում են մի կետ. երազում եմ Արցախս ու Հայաստանը տեսնել խաղաղ, իսկ սահմանները նախկինում ինչպես կային, այնպիսին։Այդքանի հետ մեկտեղ, ուզում եմ , որ ունենանք հզոր բանակ։Երազում եմ տեսնել Մարտակերտի, Մատաղիսի ու Թալիշի, Եղնիկների մարտական դիրքերում կանգնած իմ տեսած զինվորների նման զինվորներ, ու երազում եմ, որ նրանք ծառայեն խաղաղ պայմաններում։ Ամենավտանգավոր դիրքերում խորոված ու ժենգյալով հաց եմ կերել զինվորների հետ ու ցանկանում եմ, որ խախաղ օրերում այդ ավանդույթը պահենք։

