Էրդողանի նախկին մրցակիցն այս ընտրություններում կարող է փրկօղակ դառնալ վերջինիս համար. Reuters
copy image url

Էրդողանի նախկին մրցակիցն այս ընտրություններում կարող է փրկօղակ դառնալ վերջինիս համար. Reuters

Արտաքին 2 տարի առաջ - 14:15 07-04-2023
Թուրքիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն կարող է նպաստել, որ նախագահական ընտրությունները կայանան երկու փուլով և հավանականորեն մեծացնել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի հնարվորությունը։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Թուրքիայի համապետական ընտրություններին և անցկացվող տարբեր սոցհարցումներին հետևող վերլուծաբանները։

Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Մուհարեմ Ինջեն միացավ նախագահական ընտրապայքարին, ով 2018 թվականին կայացած նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն էր, Թուրքիայի ընդդիմության շրջանում մտագոհություններ է առաջացրել, որ իր մասնակցության հետևանքով ընդդիմադիր քվեները կպառակտվեն։ Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Ինջեն կարող է ստանալ ձայների շուրջ 5%-ը, իսկ Panoramatr հետազոտական ընկերություն նրա վարկանիշը գնահատել է 10%։

Reuters-ը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ինջեն՝ որպես «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունից հեռացած գործիչ, «կարող է այս ընտրություններում Էրդողանի համար փրկօղակ դառնալ»։

Միևնույն ժամանակ սոցհարցումները փաստում են, որ Ինջեի կողմնակիցները կքվեարկեին ընդդիմության հիմնական թեկնածու, «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու օգտին, եթե Մուհարեմ Ինջեն չառաջադրեր իր թեկնածությունը։ Panoramatr հետազոտական ընկերության տնօրեն Օսման Սերթը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ Ինջեի մասնակցության հիմնական հետևանքը կլինի այն, որ ընտրությունները կտեղափոխվեն երկրորդ փուլ։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Ինջեն կարող է համաձայնության գալ Քըլըչդարօղլուի հետ, ով տարբեր հարցումներով առավելություն ունի Էրդողանի նկատմամբ, և քվերակությունից առաջ ինքնաբացարկ հայտնել։ Ինքը՝ Մուհարեմ Ինջեն նշել է, որ չի խոնարհվի նման ճնշման առաջ՝ ասելով, որ ինքն արդեն պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու և այլևս չի կարող հրաժարվել իր թեկնածությունից։

Ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չի ցանկացել իր անունը հրապարակել, ասել են, որ Ինջեի մասնակցությունը ընտրություններին կբարդացնի Էրդողանին առաջին փուլում հաղթելու հավանականությունը,սակայն այդ խնդիրը հաղթահարելի կլինի։ Գործող նախագահ Էրդողանի գլխավորած «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից էլ մի անանուն պաշտոնյա հայտնել է, որ իրենց կողմից անցկացված հարցման տվյալներով Ինջեի վարկանիշը կազմում է 8-9%, սակայն նա հրաժարվել է գործակալության փոխանցել հարցման արդյունքները։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Եթե քվեարկության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ փուլը։ Վերլուծաբանների համոզմամբ՝ այն դաշինքը, որը խորհրդարանում մեծամասնություն կստանա, կկարողանա երկրորդ փուլում ավելի մեծ աջակցություն ցուցաբերել իր թեկնածուին։ Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի կուսակցությունը կշարունակի մնալ խորհրդարանի ամենամեծ քաղաքական ուժը, սակայն նրան չի հաջողվի ստանալ ձայների մեծամասնությունը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն 2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրություններում եղել է «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության թեկնածուն և Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ստանալով ձայների 30 տոկոսը։ Ընտրություններից երկու տարի անց նա դուրս է եկել ՀԺԿ-ից և հիմնադրել իր կուսակցությունը։

Ամենից շատ դիտված