Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:28 05-04-2023

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե պահեստազորայինները պատերազմին չեն մասնակցել, էժանագին մանիպուլյացիա է․ Էդգար Հովհաննիսյան

«Անդրանիկ Քոչարյանը, հայտարարելով, թե 44-օրյա պատերազմին պահեստազորը չի մասնակցել, մոռանում է, որ ինքն արդեն վաղուց ընդդիմության ներկայացուցիչ չէ, և եթե անգամ այդպիսի բան տեղի ունեցած լիներ, ապա դրա համար ամբողջ պատասխանատվությունը կրում են ներկա իշխանությունները»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը։

«Սա էժանագին մանիպուլյացիա է։ Փորձ է արվում հերթական անգամ վարկաբեկել ԶՈՒ-երը։ Պահեստազորի ծառայողներ կամավորական սկզբունքով ներկայացել են համապատասխան տարածքային զինկոմիսարիատներ։ Նրանք կամավոր գրանցվել են, ինչից հետո էլ մեկնել են մարտադաշտ։ Այնպես որ այդ հայտարարություններն առնվազն տարօրինակ են։ Հարց է առաջանում՝ բա այդ մարդիկ, որ զորակոչվել են, ի՞նչ կարգավիճակով են զորակոչվել»,- ասաց նա։

Այս համատեքստում Հովհաննիսյանը հիշեց օրեր առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունը 11․000 դասալիքների մասին։

«Ես պարբերաբար հետևում եմ գլխավոր դատախազության պաշտոնական հրապարակումներին ու որքանով տեղյակ եմ, դատախազությունը որևէ տվյալ չի հրապարակել։ Այս առումով հարց է առաջանում․ տիկն Հակոբյանին որտեղի՞ց այդպիսի տվյալներ։ Արդյո՞ք այդ տվյալները ռազմական գաղտնիք չեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դասալքությանը, Հովհաննիսյանը հիշեց դեռևս Արցախյան վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած մի իրողության մասին։

«Ես, իհարկե, Նիկոլ Փաինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մարտական ամբողջ գործունեությանը չեմ հետևել, բայց հրապարակումներից, որքանով հիշում եմ, ինքը պատերազմի սկզբին մարտական գործողություններին մասնակցել է Ջեբրայիլի (Մեխակավան – խմբ․) ուղղությամբ։ Ընդ որում, եթե չեմ սխալվում, Ջեբրայիլը (ՄԵխակավանը- խմբ․) հոկտեմբերի 16-ին է ընկել։ Դրանից հետո արդեն Աշոտ Փաշինյանը, լուսանկարների համաձայն, ի հայտ է եկել տիկին Հակոբյանի կողքին, եթե չեմ սխալվում, Ստեփանակերտում բունկերներ այցելելու ընթացքում։ Այս առումով հարց է առաջանում․ քանի որ պատերազմն ավարտված չէր, իսկ Աշոտ Փաշինյանը վիրավորում չի ունեցել և համապատասխան բուժհաստատություններում հաշվառված չի եղել, այդ ինչպե՞ս է եղել, որ Աշոտ Փաշինյանը մարտական գորղությունների շարունակության պայմաններում այդ ժամանակն անցկացրել է իր մոր մոտ։ Արդյո՞ք դա դասալքության նշան չէ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե պահեստազորայինները չեն մասնակցել պատերազմին, մեկնաբանելն իր արժանապատվությունից ցածր համարեց։

«Նա, այդպիսի հայտարարություններ անելով, ինքն առաջին հերթին վարկաբեկում է իրենց իշխանությունը, քանի որ պահեստազորի կազմակերպումը առաջնահերթորեն իշխանության ուսերին է։ Տվյալ դեպքում ես կարող եմ խոսել իմ լավ ընկեր, լուսահոգի Ցոլակ Խաչատրյանի մասին։ Պատերազմի առաջին իսկ օրից ինքը ներկայացել է զինկոմիսարիատ և համապատասխան գործառույթներից հետո անմիջապես մասնակցել է մարտական գործողություններին։ Նա հոկտեմբերի 16-ին, հենց Ջեբրայիլի (Մեխակավան- խմբ․) ուղղությամբ հերոսաբար զոհվել է իր ընկերների հետ միասին»,- ասաց նա։

Այս առումով, Հովհաննիսյանը մի զավեշտալի դեպք հիշեց։

«Ցոլակի զոհվելուց հետո, երբ դիմել էին ՊՆ՝ նրա մարտական ուղի տրամադրելու համար, ՊՆ-ից հարցումն ուղարկել էին Արցախի Հանրապետություն, ընդ որում, Արցախի Հանրապետությունից պատասխան եկավ՝ իբրև Ցոլակը դեկտեմբերի վերջին բարեհաջող արձակվել է պահեստազոր, այն դեպքում, երբ նա անմահացել էր հոկտեմբերի 16-ին։ Տվյալ պարագայում իրենց անհեթեթ հայտարարություններին ուշադրույթուն դարձնելը, իմ կարծիքով, անմաստ է»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը ևս այդ օրերին մի քանի անգամ գնացել զինկոմիսարիատ, փորձել է մեկնել մարտադաշտ, սակայն, իր խոսքով, ինչպես իրեն, այնպես էլ հազարավոր մյուս տղաներին ասել են, որ անհրաժեշտություն չկա, իսկ անհրաժեշտության դեպքում իրենց կկանչեն։

«Այս սպասելու ամբողջ ընթացքում ես թիկունքից անհրաժեշտ պարագաներ հայթայթելու գործով եմ զբաղված եղել։ Նաև Շուշիում եկեղեցու ռմբակոծության ժամանակ վիրավորված լրագրողների գործունեության կազմակերպման աշխատանքներին եմ մասնակցել»,- ասաց նա։

Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին տարիներին զինկոմիսարիատները թերի են կատարելի իրենց աշխատանքը։ Այդուհանդերձ, իր տվյալներով, պատերազմի ժամանակ մարտադաշտ է մեկնել առնվազն 150․000-200․000 պահեստազորային։

«2018 թվականից ի վեր իրենք իշխանության ղեկին է եղել։ Իրենց ո՞վ էր խանգարում այդ հաշվառման աշխատանքներն իրականացնել։ Գուցե դա հենց միտումնավո՞ր է տեղի ունեցել։ Հիմա էլ իրենք մեղադրում են բոլորին՝ բացի իրենցից»,- ասաց նա։