«Քանի որ ես միայն Աննա Հակոբյանի էջում տեղադրված տեսանյութն եմ նայել, ու այդ հանդիպումից այլ տեսանյութ չկար, ելույթն առավելապես հախուռն ու էմոցիոնալ բնույթ ուներ»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի
հայտարարությանը, թե հայկական կողմն առնվազն 11․000 դասալիք է ունեցել։
«Որոշակի ակնարկներից ու մամուլ սպրդած լուրերից ենթադրում եմ, որ այնտեղ հավաքված ժողովրդի միջից գոռացել են «մահ դավաճաններին» ու դրանից հետո, Աննա Հակոբյանի ելույթը, որը ենթադրաբար մի քիչ այլ տեքստ է ունեցել, էմոցիոնալ բնույթ է ստացել։ Իսկ մենք գիտենք, որ էմոցիոնալ պոռթկումները, ինչպես մնացած դեպքերում, այնպես էլ այս դեպքում, սովորաբար բերում են այսպիսի հետևանքների»,- ասաց նա։
Այս առումով, վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում Աննա Հակոբյանի ելույթից ևս մեկ կարևոր դետալի ուղղությամբ։
«Նա իր տեքստում ասում է մոտավորապես այսպես, որ դավաճանները միայն կառավարությունում չեն։ Այսինքն, եթե հոգեբանական վերլուծություն ենք անում, ենթադրաբար այդ պահին նա մտածել է Նիկոլ Փաշինյանի մասին։ Այդ պահն իր մեջ ասոցացվել է այն ամենի հետ, ինչը կարող էր ասոցացվել դասալիք կոչված երևույթի հետ։ Քանի որ հենց վերջերս՝ մարտի 29-ին, Ալիևը հենց այդ չարաբաստիկ թիվն էր ասել, որ ես համարում եմ չափազանցված ու պրոպագանդայի արդյունք, խոսակցության դինամիկության պայմաններում Աննա Հակոբյանի մոտ այս ամեն ինչը գումարվեց ու խոսակցության դինամիկության պայմաններում ասաց Ալիևի հայտնած թիվը»,- ասաց նա։
Ի տարբերություն այլոց՝ Մհեր Հակոբյանը տեսակետ հայտնեց, որ Աննա Հակոբյանի հայտարարությունն, ըստ ամենայնի, դիտավորություն չի եղել։
«Ոչ թե համընկավ․․․ պատահական չէր։ Ես արդեն ասացի, որ այդ պահին ամեն բան հոգեբանորեն ասոցացվեց Ալիևի հայտարարած թվի հետ։ Իհարկե, չպիտի լիներ, իհարկե, հանրային խոսք է, հասարակական, հանրային անձնավորություն է։ Մենք՝ ռազմաքաղաքական վերլուծաբաններս, շատ ուշադիր ենք մեր խոսքին։ Բայց դե հիմա այս պահին եղավ դա։ Բայց մյուս կողմից էլ վատ է, որ մարդու լեզվամտածողությունը գտնվում է թշնամական պրոպագանդայի ազդեցության տակ։ Որոշակի սթրեսային վիճակ է, մանավանդ, որ ասում են «մահ դավաճաններին», ու դու հանկարծ հիմք ունես ենթադրելու, որ դա կարող է վերաբերել քեզ կամ քո մտերիմներին։ Վատն այն է, որ այդ սթրեսային պահն ասոցացվեց թշնամական պրոպագանդայի հետ»,- ասաց նա։
Վերլուծաբանը տեղի ունեցածը բացասական ու անընդունելի է համարում նաև հասարակական առումով։
«Ուղղակ, եթե հաշվի առնենք, որ դա ասել է մարդ, որը, գոնե դե յուրե կամ ձևական առումով որևէ պաշտոն չի զբաղեցնում, այդ առումով մի քիչ ներելի է։ Պատկերացրեք, եթե այդ նույն բանն ասեր, օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը կամ հենց Նիկոլ Փաշինյանը։ Մյուս կողմից էլ Աննա Հակոբյանն այն առաջին տիկիններից չէ, որոնց անունները շատերը չգիտեին։ Նա բավականին ակտիվ է հանդես գալիս։ Այդ առումով, պետք է ուշադիր լիներ»,- ասաց նա։
Ռազմաքաղաքական վերլուծաբանը սա հատուկ շեշտում է՝ նկատի ունենալով Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո ադրբեջական մեդիա դաշտում այդ տեղեկության տարածման ու հատուկ ուղղվածությամբ պրոպագանդայի փաստը։
«Ադրբեջանական մեդիայում էլ տելեգրամ ալիքները հեգնական, նաև հաղթական ակցենտներ դրեցին։ Նաև չզլացան դա կապել այն փաստի հետ, որ Ալիևի թվերն է ասում։ Այսինքն՝ ահա, տեսեք, թե մեր Ալիևն ինչքան ճիշտ է, որ այն կողմից էլ են հաստատում»,- ասաց նա։
Այս ֆոնին, վերլուծաբանը տեսակետ է հայտնում, որ մեր երկիրն այս ընթացքում շատ բարդ իրավիճակում է հայտնվել՝ գրեթե բոլոր առումներով։
«Մեր երկրի իշխող ուժն այնքան սխալներ և թերացումներ ունի, որ, կոպիտ ասած, նույն իրավիճակն է, եթե քեզ վրա 11 տոննա դնեն կամ 11 տոննա ու գումարած 50 կգ։ Տարբերություն չկա։ Հիմա մենք այնքան վատ դրության մեջ ենք, ու կառավարչական համակարգում հասարակական քարոզչության ու գաղափարական այնքան սխալներ են արվել, որ հավատացեք, ինֆորմացիայի հոսքի մեջ սա կորչելու է։ Արդեն այսօր այս թեման անգամ արդիական չէ»,- ասաց նա։
Այդուհանդերձ, տեղի ունեցող իրադարձություններն ու այսպիսի հայտարարությունները, վերլուծաբանի խոսքով, ժամանակի ընթացքում ֆոն են ստեղծում, որից պետք է զգուշանալ։
«Մի օրինակ բերեմ, որպեսզի պատկերացնեք։ Մարդկանց մոտ ստերեոտիպային ձևով նստած է, չէ՞, որ նախկինները թալանչի են։ Հիմա որքան էլ հակափաստարկներ բերվեն՝ շատ բան փոխել հնարավոր չի լինի փոխել։ Նույնը կարող է լինել նաև այս դեպքում և մեծ վնաս հասցնել մեր երկրին»,- ասաց նա։