Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:41 03-04-2023

Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը թող հասկանան՝ մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել. Սաղաթելյան

Իրենք՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը, պետք է մի բան հասկանան. կլինի Երևանի կենտրոնում, Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել, Ձերբակալվածների պահման վայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Երեկվա հոխորտալուց հետո, հավանաբար, Ալեն Սիմոնյանը հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով»,- ասաց Իշխան Սաղա թելյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Աշոտ Փաշինյանի հարձակման ենթարկվելու մասին․ «Իրենց բոլոր հակազդեցությունները՝ նման դեպքերին պատասխանել բռնություններով, ինչպես երեկ տեղի ունեցավ, և ինչպես ոչ օրինաչափ կերպով կալանքի տակ էր գտնվում Մհեր Սահակյանը, ունենալու են հակառակ ազդեցություն»։

Պատգամավորն ասաց, թե միայն ուրախ կլինեն, որ այդ ամենը ունենա քաղաքական և իրավական հետևանքներ, ինչպես հայտարարում են իշխանությունները․ «Եթե այդ ամեն ինչը քաղաքական ու իրավական հետևանք ունենար, այսօր Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այդ խմբակը հայտնված կլինեին բանտում՝ այս ժողովրդին բերած աղետի համար»։

Սաղաթելյանը նշեց, որ առաջիկայում հնարավոր է ընդդիմությունը փողոցային պայքար սկսի։

«Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել սրանցից (իշխանություններից), որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից և նպատակից։ Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովհետև մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա», - ասաց Սաղաթելյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի