Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:45 01-04-2023

Աջակցություն պաշարված Արցախի՞ն, թե՞ դադար՝ մեծ քայլից առաջ․ ինչ է անում Ռուբեն Վարդանյանն Արցախում

Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից ազատվելուց ոչ միայն չլքեց Արցախը, այլև շարունակում է ակտիվ հասարակական, նաև բարեգործական ու ներդրումային գործունեություն իրականացնել Արցախում։

Նախօրեին պատասխանելով արցախցիների հարցերին՝ Վարդանյանը խոսեց «Մենք ենք մեր սարերը» գործակալության մասին, որով փորձ է արվում լուծել արցախցիների գործազրկության խնդիրները։

Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառանալով Վարդանյանի գործունեությանն Արցախում, քաղաքագետ Վիգեն Հակոբյանն ասաց, որ պետական պաշտոնից հեռացնելուց հետո էլ Ռուբեն Վարդանյանն, ըստ էության, այնտեղ աշխատում է՝ փորձելով իրականացնել ծրագրեր՝ ուղղված Արցախի վիճակի կայունացմանն ու զարգացմանը։

«Այնտեղ փորձ է արվում ձևավորել մի իրավիճակ, որ մարդիկ կարողանան աշխատանք ունենալ։ Ըստ էության՝ դա նույնպես կարող է նպաստել, որպեսզի արցախցիները չլքեն Արցախը, այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի պայմաններն անտանելի դառնան և մարդիկ լքեն Արցախը։ Իսկ եթե արցախցիները չլինեն այնտեղ, ապա չի լինի նաև խնդիր։ Այս առումով, ես կարծում եմ, որ անկախ նրանից՝ Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնում է, թե այլ գործունեություն կամ աշխատանք է կատարում, այնուամենայնիվ, նա Արցախում չափազանց կարևոր գործունեություն է իրականացնում։

Միայն այն փաստը, որ «Ֆորբս»-ի ցուցակում ընդգրկված մեծահարուստ գործարարն այնտեղ է, կարծում եմ՝ դրական նշանակություն ունի։ Իսկ իր հնարավորությունները մենք տեսանք, երբ նա պաշտոն զբաղեցնելիս բոլոր արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներով բարձրաձայնում էր Արցախի անկախության և ինքնորոշման հարցը։ Կարծում եմ՝ հիմա էլ, եթե նման անհրաժեշտություն առաջանա, նա կարող է իր քաղաքական կապերով առնվազն լուրջ քարոզչական աշխատանք իրականացնել, կազմակերպչական աշխատանքի մասին էլ չասեմ։ Այս առումով ես դրական եմ գնահատում իր այսօրվա գործունեությունն Արցախում»։

Հակոբյանն ընդգծեց, որ Վարդանյանն ազատվեց պաշտոնից, քանի որ նրա քաղաքական դիտարկումները Արցախի և Հայաստանի իշխանությունների համար չափազանց արմատական էին։ «Նա անկախության, ինքնորոշման ու պայքարի մասին էր խոսում, կարծում եմ՝ դա ինչ-ինչ պատճառներով դուր չեկավ Արցախի իշխանություններին, ճիշտ այնպես, ինչպես դուր չէր գալիս Ադրբեջանի իշխանություններին, որոնք զարմանալի է, բայց փաստ, որ անգամ ամենաբարձր ամբիոններից պահանջ էին դնում՝ Ռուբեն Վարդանյանին հեռացնելու։ Նույնն անում էր նաև Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Սա պատահական չէ։ Հայաստանի իշխանություններն ասում են՝ Արցախ չկա, իսկ Վարդանյանն ասում է՝ պետք է պայքարել»։

Հարցին, թե որքանով է հավանական համարում Հայաստանում նրա քաղաքական գործունեության շարունակությունը՝ Հակոբյանը դժվարացավ ասել։ «Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն ասոցացվում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ, հետևապես, եթե նա մոտ ապագայում, ֆիզիկապես չկարողանա այստեղ գործունեություն իրականացնել, ապա ակնհայտ է, որ իր գործունեության ստվերն ընկնելու է իր համախոհների, իր քաղաքական նախընտրությունների վրա։

Ընդհանրապես, Վարդանյանը սիրում է ինստիտուցիոնալ կառույցներով աշխատել, հայտնի են նրա մեծ նախագծերը, որ իրականացնում է Հայաստանում, ենթադրում եմ, որ իր համագործակցությունը Հայաստանում տարբեր ինստիտուտների ու կառույցների միջոցով է լինելու։ Հիմա դժվար է միանշանակ ասել, թե քաղաքական ինչ նկրտումներ կարող են լինել Հայաստանում, բայց Արցախում իր գործությունը դրական ազդեցություն ունենալու է»։

Հարցին, թե նրա գործունեությունը մարդկանց հուսադրելու համար է, թե առավել հեռուն գնացող քաղաքական ծրագրերի պլանավորում է՝ Հակոբյանն ասաց, որ այսօր Արցախը պաշարված ամրոց է։ «Այդ մարդիկ արդեն ավելի քան 110 օր պաշարման մեջ են, մյուս կողմից էլ՝ մարդիկ դեռ կրում են այն հոգեբանական ճնշումը, որ առկա էր պատերազմի ժամանակ ու դրանից հետո, երբ Հայաստանի իշխանությունն ասում է՝ ես ձեզ հետ այլևս գործ չունեմ, ես ձեր գարանտը չեմ, այսինքն, առկա բավականին բարդ իրավիճակում նման ստատուսով ու հնարավորություններով մարդու ներկայությունը՝ պաշտոնով, թե առանց պաշտոնի, հոգեբանական ու բարոյական իմաստով որոշակի հույս է ներշնչում արցախցիներին, հատկապես, որ արդեն վաղուց տեղի լոկալ իշխանության հետ որևէ մեկը հույսեր չի կապում։

Այնպես որ կարծում եմ, առնվազն նրա ներկայությունը հույս է նեշնչում, որ դեռ կան հնարավորություններ, տարբերակներ Արցախի համար, որ աշխարհի մի հատվածի համար Վարդանյանի միջոցով Արցախը դեռ կարող է ու լսելի է դառնում, հատկապես որ իր կապերով և հնարավորություններով նա շատ ավելի ազդեցիկ է»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նշեց, որ այս պահին Հայաստանն առաջնորդվում է արևմուտքի պահանջով և իրականացնում է Արցախի հարցի վերաբերյալ արևմտյան ծրագիրը, այն է՝ Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, ինչպես նաև ռուս խաղաղապահ կոնտինգենտի հեռացում Արցախից։

«Սա բխում է Ադրբեջանի շահերից, իսկ Թուրքիան էլ աջակցում էր Ադրբեջանին այդ հարցում։ Այս ընթացքում Արցախում պետք է լիներ մի գործիչ, որ արմատապես կընդդիմանար այդ քաղաքկանությանը։ Դրա համար նման խոշոր, միլիարդատեր գործիչը գործուղվեց Արցախ։ Նշանակման հենց առաջին օրից նա ընդգծված հակադրվում էր Հայաստանի իշխանությունների արտահայտած դիրքորոշմանը՝ Արցախի հարցի վերաբերյալ։ Ուստի, եթե Հայաստանի իշխանությունները կարողանային նրան հեռացնել՝ կհեռացնեին նշանակումից մի քանի օր անց։ Վարդանյանը պաշտոնից հեռացվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում երկրաշարժ եղավ ու Թուրքիան Հարավային Կովկասում ընթացող ակտիվ խաղից դուրս եկավ։ Այս է պատճառը, որ այս գործիչը ժամանակավորապես պասիվ գործունեություն է իրականացնում։ Սա չի նշանակում, որ նա այլևս պետական պաշտոն չի զբաղեցնի։ Նա կարող է նորից վերադառնալ, ընդ որում՝ նշանակվելով կամ ընտրվելով քաղաքական էլ ավելի բարձր պաշտոնի»։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է