copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:18 30-03-2023

Հայազգի գործարարները, ավելի լավ կլինի, որ շարունակեն զբաղվել գործարարությամբ

Լավ կլինի, եթե մեր ռուսաստանաբնակ հայազգի գործարարները զբաղվեն գործարարությամբ։ Սա է իմ պատասխանը՝ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու մասով գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե դա կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Հայաստանն ինքնիշխան պետություն է ու ինքն է որոշում, թե միջազգային ինչ կապեր հաստատի։ Իսկ այդ քայլը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։ Ի միջի այլոց, Հայաստանը Հռոմի ստատուտին միացել է 1998 թվականին։ Այդ ի՞նչ՝ քնել-արթնացել են 25 տարի անց։ Բա, երբ Հայաստանը 1998 թվականին միանում էր, ինչո՞ւ մի հատ ծպտուն չէին հանում»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանը միացած է այդ ստատուտին, պարզապես, մինչև օրս դա դեռևս վավերացված չի եղել։ «Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի մասով Միջազգային քրեական դատարանի որոշմանը՝ ուզում եմ ուշադրություն դարձնել, որ Սահմանադրական դատարանը փաստել է, որ այդ քայլը լինելու դեպքում, այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Այսինքն, եթե ԱԺ-ն վավերացնի, ապա դրանով որևէ հակասահմանադրական քայլ չի անի։ Ինչ վերաբերում է հայազգի ռուսացած գործարարներին՝ դա իրենց պրոբլեմն է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է փորձագետների տեսակետին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը բացասական ու գրեթե կործանիչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա՝ Խաչատրյանն ասաց, որ իր կարծիքը բացարձակապես տարբերվում է այդ տեսակետից։

«Կգա պահը վավերացման, ու այդ ժամանակ կիմանանք՝ ինչ ենք կարծում ու ինչ ենք ասում։ Ինչ վերաբերում է վտանգներին, ապա ես բազմաթիվ վտանգներ են տեսնում, որը որևէ կապ չունի ստատուտի հետ։ Իհարկե, բազմաթիվ վտանգներ եմ տեսնում, որ Ռուսաստանն իրեն թույլ է տալիս՝ ի վնաս Հայաստանի գործելով։ Իսկ այդ երևելիները ծպտուն չեն հանում, երբ Ռուսատանը որևէ քայլ չի անում՝ ըստ պայմանավորվածությունների։ Այն պայմաններում, երբ ոտնձգություն կա Հայաստանի անձեռնմխելի սահմանների նկատմամբ, երբ վայրագություններ են կատարվում Ղարաբաղում։ Ռուսաստանը գրավել է նեյտրալ դիրք։ Այդ իրենց է պետք հարցնել՝ բա որտե՞ղ էիք դուք, ինչո՞ւ կարծիք չէիք հայտնում։ Այնպես որ վտանգներ, իհարկե, շատ կան, տեսնում եմ այդ վտանգները»,- ասաց նա։

Պատգամավորը հավաստիացրեց, որ Հայաստանը տրամադված չէ որևէ քայլ կատարել Ռուսաստանի դեմ, միևնույն ժամանակ, սպասարկում է իր ժողովրդի ու պետության շահերը։ «Մենք չենք սպասարկում ռուսական շահեր։ Հիմա Ռուսաստան պետությունն իր պատրեկացումներով սպասարկում է իր շահերը։ Իսկ Ձեր նշած գործարարները, որպես Ռուսաստանի քաղաքացի, նորմալ է, որ սպասարկում են այդ պետության շահերը։ Ազգանունն այնտեղ կապ չունի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի դեմ վճիռ կայացնելու դեպքում, արդյո՞ք Հայաստանը չի ընդգրկվում Ռուսաստանի դեմ գործող երկրների ցանկում՝ Խաչատրյանը խոսեց ստատուտին միանալու բուն նպատակի մասին։ «Այդ ստատուտին միանալը հնարավորություն կտա քրեական գործ հարուցել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների առիթով, երբ նրանք գնդակահարել են գերիներին, վայրագություն են կատարել հայ զիվորների հանդեպ, ռազմական բազմաթիվ հանցագործություններ են կատարել։ Այդ դատարանում մենք կարող են այդ հարցերը լուծել։ Այդպիսով հնարավոր կլինի քրեական հետապնդում իրականացնել Ադրբեջանի ռազմական ղեկավարության հանդեպ։

Եթե Ռուսաստանն իր դաշնակցային պարտականությունները կատարած լիներ ու այդ ամենը չլիներ, ապա մենք կմտածեինք՝ այդ ստատուտի կարիքն ունեինք, թե՝ ոչ։ Իսկ այսօր Ռուսաստանը կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարողանում կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Իսկ մեր հայրենասեր քաղաքագետները և իբր հայ բիզնեսմենները ռուսական բերանները ջուր են հավաքել, ծպտուն չեն հանում։ Հիմա՝ բլբուլ են կտրել»,- ասաց նա։