copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:25 30-03-2023

Ադրբեջանցի պատգամավորի դեմ մահափորձ է կատարվել, Բաքուն մեղադրում է Թեհրանին

Ադրբեջանում մարտի 28-ի երեկոյան անհայտ անձը կալաշնիկով ինքնաձիգից կրակել է այդ երկրի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողին հաջողվել է փախուստի դիմել, իսկ պատգամավորը ողջ է մնացել, սակայն վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

BBC-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավորի դեմ մահափորձից հետո Բաքուն Իրանին մեղադրում է Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու փորձի մեջ։ Նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները լարվել են 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, երբ երկու կողմերն էլ զորավարժություններ են անցկացնում միմյանց սահմաններում, իսկ Ադրբեջանը ձերբակալում է իրանցի լրտեսներին և բարեկամանում Իսրայելի հետ։

Ավելի ուշ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Ադրբեջանական մամուլը շտապել էվարկած առաջ քաշել առ այյն, որ հանցագործության հետևում կանգնած է Իրանը, որի հետ Ադրբեջանը բարդ հարաբերություններ ունի։

Ադրբեջանցի պատգամավորը հայտնի է իր հակաիրանական դիրքորոշմամբ։ Նա բազմիցս հայտարարել է, որ Իրանը փորձում է ազդել Հարավային Կովկասի մզկիթների քարոզիչների վրա, ինչպես նաև մեղադրել է իրանական կողմին՝ Հայաստանին աջակցելու մեջ։ Ֆազիլ Մուստաֆան նաև կարծում էր, որ ադրբեջանական շիիզմը (իսլամի ուղղությունը-խմբ) տարբերվում է իրանականից, և քննադատում էր որոշ կրոնական ծեսեր

BBC-ն հայտնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք պատերազմել են Արցախում, սահմանակից են Իրանին, իսկ 2020 թվականի 44-օրյա հակամարտության ընթացքում Իրանն իր զորքերը տեղակայել է երկու երկրների հետ սահմանի երկայնքով։ Լրատվականը նշում է, որ Ադրբեջանին դուր չէր գալիս, որ պատերազմի ժամանակ Իրանը չի փակել Հայաստանի հետ սահմանը, իսկ դրանից հետո Իրանից Հայաստանի տարածքով բեռներ են գնացել Արցախ՝ հիշեցնելով, որ եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը ձերբակալել է այնտեղ մեկնող իրանցի վարորդներին։

Հաղորդվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, ավելացել է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից և Իրանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայի դերը։ Բացի այդ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանը զենք է ստացել Իսրայելից, որն Իրանում համարվում է երկրի գլխավոր թշնամիներից մեկը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվեց. Ավելացել է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից և Իրանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայի դերը։ Իսկ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանը զենք է ստացել Իսրայելից, որն Իրանում համարվում է Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամիներից մեկը։ Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա վատթարացումը քչերին է զարմացրել։ Բացի այդ BBC-ն հիշեցրել է, որ պատերազմի ավարտից հետո երկու երկրներն էլ մի քանի անգամ զորավարժություններ են անցկացրել միմյանց հետ սահմանին, այդ թվում՝ Արաքս գետի երկայնքով, որն անցնում է երկու երկրների սահմանով։

Ավելի ուշ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ իբր Ադրբեջանի տարածքում՝ Իրանի հետ սահմանի մոտ, գտնվում են իսրայելական զինված ուժեր՝ նշելով, որ Իրանը պատրաստ է ձեռնարկել նրանց դեմ բոլոր անհրաժեշտ միջոցները։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Թեհրանի և Բաքվի միջև առկա լարվածությունը սրվեց 2023թվականի հունվարին, երբ Թեհրանիում զինված տղամարդը հարձակում էր իրականացրել Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի արդյունքում դեսպանատան մեկ աշխատակից է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են։ Նշվում է, որ Ադրբեջանը վաղուց և հաճախ Իրանին մեղադրում է երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ։ Բացի այդ նախորդ տարվա նոյեմբերին հաղորդվեց Ադրբեջանի մի քանի քաղաքացիների ձերբակալության մասին, որոնց Իրանի իշխանությունները տեղափոխել են իրենց տարածք, զենք բաժանել, սովորեցրել օգտագործել այն և տեղափոխել Ադրբեջան՝ արմատական ​​խմբավորումներ ստեղծելու համար։ Իսկ Ադրբեջանում, դեռևս ղարաբաղյան պատերազմից առաջ, մարդկանց էին ձերբակալում՝ Իրանի օգտին լրտեսելու համար։

Հատկանշական է, որ ադրբեջանցի պատգամավորի դեմ մահափորձի նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի և մի քանի խորհրդարանականների մասնակցությամբ տեղի է ունեցել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացումը ։

BBC-ն միևնույն ժամանակ հայտնում է, որ Իրանն ու Ադրբեջանը կապված են ընդհանուր պատմությամբ և էթնիկական արմատներով, Իրանի տարածքում բնակվող ադրբեջանցիները Իսլամական Հանրապետության ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։ Երկու երկրների բնակչությունը հիմնականում դավանում է շիականություն, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան՝ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը, սուննի երկիր է։

Հաղորդվում է, որ Ադրբեջանը 19-րդ դարի սկզբին անցավ Ռուսական կայսրության կազմ։ Մինչև այժմ Ադրբեջանին սահմանակից Իրանի նահանգները, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, կոչվում են համապատասխանաբար Արևելյան և Արևմտյան Ադրբեջան։ Բաքվում այդ տարածքները միասին կոչվում են Հարավային Ադրբեջան։ Իրանի իշխանություններն անհանգստացած են անջատողական տրամադրություններով և Ադրբեջանի՝ որպես մեկ անկախ պետության վերամիավորման գաղափարի կողմնակիցների ակտիվությամբ։