Ներքին 3 տարի առաջ - 00:22 30-03-2023

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին․ ՀՀ-ն ընդունված հռչակագրին միացել է վերապահումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով:

Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով:

Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում հետևյալ պարբերությունից. «Մենք վերահաստատում ենք մեր ամուր վճռականությունը՝ աջակցելու աշխարհի այն երկրներին և ժողովուրդներին, որոնք հավատարիմ են ազատության և ժողովրդավարության արժեքներին՝ ընդդեմ դրանք խարխլելու ուղղակի կամ անուղղակի փորձերի կամ սպառնալիքների: Մենք ընդունում ենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Մենք ընդունում ենք պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի: Մենք ընդգծում ենք Ուկրաինայում հնարավորինս շուտ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Մենք ցավում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքների և մարդասիրական սարսափելի հետևանքների համար, ներառյալ ողջ Ուկրաինայում կրիտիկական ենթակառուցվածքների դեմ շարունակական հարձակումները, որոնք ավերիչ հետևանքներ ունեն խաղաղ բնակչության համար, և մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքացիական զոհերի մեծ թվի կապակցությամբ, ներառյալ կանանց և երեխաների, մարդասիրական օգնության կարիք ունեցող ներքին տեղահանված անձանց և փախստականների թվի, ինչպես նաև երեխաների նկատմամբ կատարված խախտումների ու բռնությունների կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք համաշխարհային պարենային անվտանգության, էներգետիկայի, միջուկային անվտանգության և ապահովության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա պատերազմի անբարենպաստ ազդեցությամբ: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում զինված հակամարտության կողմերին հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին: Մենք նաև կոչ ենք անում ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին, ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և վերադարձնել բոլոր ներկալվածներին և բռնի տեղափոխված և արտաքսված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի տարածքում միջազգային իրավունքով լրջագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը՝ ազգային կամ միջազգային մակարդակով պատշաճ, արդար և անկախ հետաքննությունների և քրեական հետապնդումների միջոցով, ինչպես նաև բոլոր զոհերի համար արդարադատության ապահովումը և ապագա հանցագործությունների կանխարգելումը»: քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը