Ռազմականացված սահմանապահ բնակավայրերի բնակիչներին պետք է կարգավիճակ տալ ու զինել
copy image url

Ռազմականացված սահմանապահ բնակավայրերի բնակիչներին պետք է կարգավիճակ տալ ու զինել

Ներքին 2 տարի առաջ - 13:52 28-03-2023
ՀՀ Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում սահմանային բնակավայրերի անվտանգության հարցում ՀՀ իշխանությունների անտարբերության մասին` Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում խորագրի ներքո։

«ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սթափ գնահատելով իրավիճակը, հատկապես այն, որ 2020 թ-ի սեպտեմբերյան պատերազմից անցել է շուրջ երեք տարի, սակայն Հայաստանի սահմանապահ գյուղերի անվտանգությունը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում։

Դրա մասին փաստում են բազմաթիվ տեղեկություններ՝ հակառակորդի կողմից հարձակումների, դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների ու սադրանքների մասին։ Ուստի վերոնշյալը կանխելու նպատակով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը 27.03.2023 թ. թիվ 770540 համարով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն է ուղարկել նախաձեռնության ռազմական փորձագետների՝ Սարգիս Գաբրիելյանի գլխավորությամբ մշակված՝ ՀՀ սահմանապահ ռազմականացված բնակավայրերի մասին օրինագիծը հետագա ընթացք տալու նպատակով:

Օրինագիծը պարունակում է ռազմականացված բնակավայրերի բնակիչներին կարգավիճակ տալու, սպառազինելու և ՀՀ Զինված ուժերի, ինչպես նաև ռազմականացված այլ ստորաբաժանումների հետ ինքնապաշտպանական համալիր համագործակցության միջոցառումների կազմակերպման նախագիծ, ապա այդ պատճառով հրապարակման ենթակա չէ:

Տպավորություն է, որ օրվա իշխանությունը անտարբեր է սահմանապահ բնակավայրերի անվտանգության հարցով, հակառակ դեպքում արդեն իսկ կունենայինք համապատասխան օրենք, սակայն այսօր ականատես ենք լինում սահմանապահ գյուղերի բնակիչների արտագաղթմանը և թշնամու առաջխաղացմանը, ուստի վերոնշյալ օրինագիծը անարձագանք թողնելով արձանագրվելու է, որ օրվա իշխանությունը դավադիր կերպով սպասարկում է Ադրբեջանի շահերը:

Հ.Գ. Մի ժողովուրդ, որ իր ուժը փնտրում է իր սահմաններից դուրս, կուրորեն իր պարտությունն է փնտրում»,- ասված է հայտարարության մեջ: