Երևան +15°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:31 24-03-2023

Հինգ հայտնի նկարիչ, որոնց մահը շարունակում է առեղծված մնալ

Այս նկարիչների կտավները տարիներ շարունակ վայելում են արվեստասերների սերն ու հիացմունքը՝ միաժամանակ հետաքրքրություն առաջացնելով նրանց անձի հանդեպ։ Նրանց մահն էլ իրենց կտավների նման առեղծվածային ու անտեսանելի կողմեր ունի։ Երբեմն նրանք մահանում են շատ երիտասարդ՝ չհասցնելով վայելել իրենց հռչակը, թողնելով միայն գաղափար, թե ինչ կարող էին դառնալ: Մյուսները մահանում են առանց որևէ բացատրության. այս մահերը սովորաբար դառնում են անլուծելի առեղծվածներ: Ահա հինգ հայտնի նկարիչներ, որոնք մահացել են առեղծվածային մահով:

Վինսենթ վան Գոգ. արդյոք հայտնի նկարիչն ինքնասպան է եղել



Բոլորը գիտեն Վինսենթ վան Գոգի վաղաժամ մահվան տխուր պատմությունը։ Տառապելով դեպրեսիայից՝ Վան Գոգն ինքնասպան եղավ 1890-ին։ Մահվան պահին նա հայտնի նկարիչ չէր և վաճառել էր ընդամենը մեկ կտավ։ Եթե միայն իմանար, որ մի օր նա կդառնա բոլոր ժամանակների ամենաճանաչված արվեստագետներից մեկը և կհայտնվի Դա Վինչիի, Ռեմբրանդտի և Պիկասոյի նման մեծերի հետ նույն շարքում:

Ասում են՝ 1890-ի հուլիսյան մի կեսօր Ֆրանսիայի հարավում գտնվող իր տան մոտվան Գոգը կրակել է իր կրծքին:


«Աստղազարդ գիշեր», 1889

2011-ին Վան Գոգի մասին գրված նոր կենսագրականը հուշում էր այլ բան՝ սպանություն։ Վան Գոգի կենսագիրներ՝ Սթիվեն Նաիֆեի և Գրեգորի Ուայթ Սմիթի առաջադրած վարկածի բացասական արձագանքը չուշացավ։ Այնուամենայնիվ, գրողներն ամեն ինչ անում էին նրանց վարկածը հաստատելու համար և եթե 1956-ին վան Գոգի մասին նկարահանված ֆիլմում նկարիչը ինքնասպան է լինում, ապա 2017-ին նկարահանված «Սիրելով Վինսենթին» ֆիլմը հիմնված է Սմիթի և Նաիֆեի տեսության վրա: Նույնը ներկայացված է 2018-ի «Հավերժության դարպասների մոտ» ֆիլմում:

2014-ին Սմիթի և Նաիֆեի խնդրանքով ատրճանակի փորձագետ Վինսենթ դի Մայոն վերանայեց Վան Գոգի ինքնասպանության վերաբերյալ դատաբժշկական ապացույցները: Դի Մայոն նշել է, որ որովայնի ձախ հատվածին ինքն իրեն կրակելու համար Վան Գոգը պետք է ատրճանակը պահեր շատ անհարմար անկյան տակ, այդ դեպքում ձեռքերի վրա պետք է այրվածքներ լինեին և այլ հետքեր մաշկի վրա՝ վերքի շուրջ, որոնցից ոչ մեկը նշված չէ զեկույցում։ Դի Մայոն տվել է հետևյալ եզրակացությունը․ «Ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, Վան Գոգը չէր կարող ինքն իրեն նման վիրավորում հասցնել, այլ կերպ ասած՝ նա ինքն իրեն չի կրակել»։

2․ Կարավաջո. ինչպիսին նկարիչն էր՝ քաոսային, այնպիսին էլ նրա մահը



Կրակոտ բնավորությամբ բարոկկո ոճի նկարիչ Կարավաջոն արվեստի աշխարհի «վատ տղան» է: Կարավաջոյի կտավները լի են դրամատիզմով, զգացմունքներով և խելագարությամբ: Ասում են՝ արվեստը կյանքի պատճեն է, իսկ Կարավաջոյի կյանքն իսկապես դրամատիկ էր:

Հայտնի նկարչի տխրահռչակ կերպարը լավ պատկերացնելու համար մի օրինակ բերենք․ մի անգամ նա ափսեն նետել է մատուցողի վրա, քանի որ ցանկացել է, որ իր արտիճուկները եփված լինեն յուղով, ոչ թե կարագով: Ահա այսպիսի դրամատիզմ:


«Ջուդիթը գլխատում է Հոլոֆերնին», 1599

1610-ին Կարավաջոյի մահից ի վեր, արվեստաբանները առաջ են քաշել բազմաթիվ ենթադրություններ։ Ոմանք ասում են, որ նա մահացել է սիֆիլիսից առաջացած բարդություններից, ոմանք էլ՝ որ նրան սպանել են: 2010-ին Տոսկանայում հետազոտողները հայտնաբերեցին ոսկորներ և ուսումնասիրությունից հետո պարզեցին, որ 85% հավանականությամբ ոսկորները պատկանում են Կարավաջոյին: Ոսկորների փորձաքննության արդյունքում հայտնաբերվեց սեպսիս, որը արյան վարակ է։ Հավանաբար, նա վիրավորվել է, չի մաքրել վերքն ու արյան վարակումից մահացել է։ Այս վերջաբանը միանգամայն տրամաբանական է կռվարար Կարավաջոյի համար:

Բայց ոչ բոլորն են համոզված դրանում։ Նախ ոսկորները կարող են Կարավաջոյինը չլինել: Բացի այդ՝ որոշ արվեստաբաններ կարծում են, որ Կարավաջոն մահացել է ներկի մեջ առկա կապարի բարձր քանակի թունավորումից: Մեկ այլ տեսություն էլ կա, որ Կարավաջոն սպանվել է Մալթայի ասպետների կողմից, երբ վեճի ժամանակ վիրավորել է նրանցից մեկին: 1606-ին նա ստիպված է եղել փախչել Հռոմից՝ բուռն ծեծկռտուքի ժամանակ մի մարդու սպանելուց պատճառով, ուստի Կարավաջոյի մահը մեկ այլ ծեծկռտուքի ժամանակ անհնարին չէ:

3․ Մազաչչո․ շատ շուտ գնաց



Ֆլորենցիայում ծնված Տոմազո դի Ջովաննի դի Սիմոնե Կասսայի ընկերները նրան կնքեցին Մազաչչո մականվամբ: Masaccio նշանակում է «թուլամորթ անպիտան»։ Նա ստացել է այդ մականունն իր խառնվածքի և հասակակիցներից հեռու մնալու պատճառով: Մազաչչոն երիտասարդ ու քմահաճ նկարիչ էր, որ ցանկանում էր իր ժամանակը հատկացնել նկարչությանը, այլ ոչ թե շփվել հասակակիցների հետ: Ինչ էլ որ աներ, նա իր ժամանակից առաջ էր և հանճարեղ էր նկարչության մեջ:

Մազաչչոն այդքան էլ հայտնի անուն չէ, բայց առանց նրա կարճատև կյանքի ու ստեղծած փայլուն աշխատանքի, իտալական վերածնունդ չէր լինի:Նա իր ժամանակի հանճարն էր։ Նրա արվեստը ոգեշնչման աղբյուր հանդիսացավ երկու այլ հայտնի նկարիչների՝ Դոնատելլոյին և ճարտարապետ Բրունելեսկիի համար: Առանց Մազաչչոյի ազդեցության և նրա նատուրալիստական ֆլորենցիական նկարչական ոճի, իտալական վերածնունդն այդքան ազդեցիկ չէր լինի: Ո՞վ գիտի, արդյոք Ռաֆայելի, դա Վինչիի կամ Միքելանջելոյի ստեղծագործությունները գոյություն կունենային առանց Մազաչչոյի:


«Սուրբ Երրորդություն», 1425-26

Եվ չնայած նրա՝ արվեստի մեջ ունեցած շրջադարձային դերի, շատ քիչ բան է հայտնի նրա մասին։ Մազաչչոն մահացել է 1428-ին, սակայն մահվան ճշգրիտ ամսաթիվն ու պատճառը հայտնի չեն։ Ենթադրվում է, որ նա մահացել է բուբոնային ժանտախտից, որն այն ժամանակ շատ տարածված էր Եվրոպայում։ Բայց կոնկրետ ապացույց չկա։ Գուցե ինքնասպանությո՞ւն, կամ սպանություն։ Թերևս գուցե դժբախտ պատահար էր, որ սպանեց վաղ իտալական վերածննդի հանճարին: Այդպես էլ չենք իմանա, միայն գիտենք, որ Մազաչչոն փայլուն նկարիչ էր, որը շատ շուտ հեռացավ կյանքից: Իտալիայի ամենահայտնի «թուլամորթ անպիտանը» հավերժ կապրի Ֆլորենցիայի ամենագեղեցիկ եկեղեցիների պատերին:

4․ Ժորժ Սյուրա. մահ՝ առեղծվածային հիվանդությունից



Բոլոր ժամանակների ամենահամբերատար նկարիչը՝ Ժորժ Սյուրան, ֆրանսիացի նեոիմպրեսիոնիստ նկարիչ է։ Նա ստեղծեց պուենտիլիզմը՝ փոքր կետերով ներկելու մեթոդը, որոնցով կազմվում է ավելի մեծ պատկեր:Սյուրան նկարեց ընդամենը ինը տարի և մահացավ 1891-ին՝ 31 տարեկանում:

Հիվանդությունը արագ խլեց նկարչի կյանքը, որին հաջորդեց նրա որդու և հոր մահը։ Մադլենը՝ նրա սիրուհին, կորցրեց իրենց երկրորդ երեխային ծննդաբերության ժամանակ և կարճ ժամանակ անց մահացավ լյարդի հիվանդությունից՝ 35 տարեկանում:


«Կիրակի կեսօրը Լա Գրանդ Ժատ կղզում»,1884

Նկարչի և նրա ընտանիքի մահը շարունակում է ենթադրությունների առարկա լինել։ Ոմանք կարծում են՝ մենինգիտ կամ թոքաբորբ է եղել։Մյուսները համաձայն են այն մտքի հետ, որ Սյուրան մահացել է դիֆթերիայից՝ մահացու շնչառական հիվանդությունից։ Նրա խիստ վարակիչ բնույթը նշանակում է, որ նկարիչը վարակել է իր ընտանիքին: Մյուսները պնդում են, որ իհարկե 19-րդ դարում Ֆրանսիայում դիֆթերիայի համաճարակ է եղել, բայց հիմնականում ազդել է երեխաների վրա, ուստի նկարչի մահը այդ հիվանդությունից անհնար է:

Ոչ ոք չի կարող հետաքննել նրա մարմինը և իր պնդման ապացույց գտնել։ Այնուամենայնիվ, Սյուրայի աշխատանքն ու ժառանգությունը ապրում են բազմաթիվ կետերում, որոնք լրացնում են նրա գլուխգործոցները:

5. Թոմ Թոմսոն․ մահ լճում



1917-ի հուլիսին նկարիչ Թոմ Թոմսոնի մարմինը հայտնաբերվեց Օնտարիոյի Ալգոնքին գավառական այգում գտնվող Կանոե լճում՝ բերանքսիվայր ընկած։ Մի լիճ, որ նա նկարել էր միլիոն անգամ, ցավոք, խլեց նրա կյանքը: Դա մայր բնությո՞ւնն էր, թե՞ ուրիշ բան:

Նրա վաղաժամ մահվան շուրջ սկսեցին շրջանառվել սպանության և ինքնասպանության վարկածները:

Թոմ Թոմսոնը հինգ մատի պես գիտեր Կանոե լիճը: Նա բազմիցս նկարել էր և նավարկել նրա ջրերով։ Քննիչը կարծում էր, որ մահը դժբախտ պատահար էր: Թոմսոնը հավանաբար կանգնել է ուռկանը նետելու համար, կորցրել հավասարակշռությունը, գլուխը հարվածել նավին ու անգիտակից ընկել լճի մեջ։


«Դեպի հյուսիսային երկիր», 1915-16 թթ.

Այնուամենայնիվ, հասարակությունը չհամոզվեց. Թոմսոնը մեծ կասկածելի կապտուկ ուներ քունքի վրա։ Քննիչը համոզված էր, որ Թոմսոնը խեղդվելիս գլուխն հարվածել է նավին, իսկ մարդիկ ենթադրում էին, որ նրա գլխին հարվածել են, այնուհետև ջուրը նետել: Թոմսոնի նավի թիակը այդպես էլ չհայտնաբերվեց, գուցե հենց դա է սպանության զենքը եղել: Բացի կապտուկից, Թոմսոնի ոտքերը կապված էին մետաղալարով։ Կանադացիները ենթադրում էին, որ ինչ-որ մեկը նախքան ջուրը նետելը կապել է Թոմսոնին: Այնուամենայնիվ, կոճերի շուրջ մետաղալարեր փաթաթելը սովորական պրակտիկա էր նրանց համար, ովքեր այդ ժամանակ տառապում էին արտրիտով կամ հոդացավերով:

Ըստ մեկ այլ վարկածի՝ Թոմսոնն ինքնասպանություն է գործել, երբ իմացել է, որ մի կին, հավանաբար այն պանդոկատիրոջ դուստրը, ուր նա հաճախում էր, հղի էր իրենից։

Այնուամենայնիվ սա կանադացիների համար մեջ կորուստ էր, քանի որ նրանք բարձր էին գնահատում Թոմսոնի արվեստը։

Արմինե Մուրադյան







Ամենից շատ դիտված