Երևան +18°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:29 23-03-2023

Փոխմարզպետն ասաց` եթե քեզ տուն տանք, հիվանդ երեխաները կբուժվե՞ն․ կինն ահազանգում է՝ կարող է փողոցում հայտնվեն

Oragir.News-ն ահազանգ էր ստացել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչ Արփիկ Արշակյանից այն մասին, որ երկու անչափահաս և առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների հետ կանգնած է փողոցում հայտնվելու սպառնալիքի առաջ։ Կինը պատմեց, որ երբ ավագ որդու մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերվել, ամուսնու հորաքույրը առաջարկել էր ընտանիքին վարձով բնակարանից ժամանակավորապես տեղափոխվել իր տուն։ Նա նաև նշեց, որ ամուսնու հորաքրոջ տունը վթարային շենքում է գտնվել, որը քանդվել է, դրա փոխարեն նոր շենք է կառուցվել։

«2022 թ-ի սեպտեմվերի 13-ին ինձ մարզպետարանից զանգ եկավ, ասացին՝ ձեր թղթերը հավաքեք ուղարկեք մարզպետարան, ես չգիտեի, թե ինչի համար է նախատեսված։ Թղթերը ուղարկեցի։ Որոշ ժամանակ անց մարզպետից՝ Սերգեյ Մովսիսյանից, հանդիպում խնդրեցի։ Մարզպետն ասաց, որ մեր թղթերն ուղարկել են կառավարություն, և քանի որ ես ունեմ 2 հիվանդ երեխա, ասաց, թե ձեզ բնակարան տրամադրելու հարցով կաջակցեն։ Անգամ շեշտել է, որ կառուցվող շենքում 5 հատ ավել տուն կա, ու մեզ 2 սենյականոց բնակարան կհատկացնեն։ Ես մինչև երեկ վստահ էի, որ այդ շենքից ինձ տուն են տալու։ Բայց Աբրահամյան Գոռը (խմբ․ համայնքապետի առաջին խորհրդական), մտածելով, որ դե հիմա ամուսնուս հորաքուրը մենակ կին է, մեզ էլի կխղճա ու դրսում չի թողնի, ներկայացրել է, որ կարիք չկա ինձ տուն տալու»։ Նա նշեց, որ երկրորդ անգամ, երբ հանդիպել է մարզպետի հետ, նա ասել է, որ տները տալու են զոհվածների ընտանիքների։

«Գոռ Աբրահամյանն ասաց՝ գնա դիմի քո ընտրած վարչապետին, քո նախագահին, ես եկել եմ տեսնեմ՝ ով իմ հարցին լուծում կտա։ Թող գան տեսնեն՝ 5 բնակարանը ում տալիս են, ինձնից ավելի կարիքավո՞ր են, թե չէ։ Իրենք ինադու չեն ուղարկել թղթերս, որ տան իրենց հարազատներին»։

Նա նշեց նաև, որ հանդիպել է նաև փոխմարզպետ Հարություն Գուլյանի հետ։

«Գուլյանն էլ ասաց, թե եթե քեզ տուն տվեցինք, քո հիվանդ երեխաները կբուժվե՞ն։ Ես, որ հիմա փողոցում եմ, վրան խփեմ՝ երեխաներս կբուժվե՞ն։ Սուրեն Պապիկյան, արի իմ տուն էլ մտի, զոհվածի տուն էլ մտի, տես՝ ով է ավելի վատ պայմաններում ապրում»։

Համայնքի ղեկավարի առաջին տեղայակ Արկադի Կարապետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ շենքում եղել է 5 ավել բնակարան, որոնցից 2-ը ևս տրվում է վթարային շենքի բնակիչների, իսկ 3-ը ՊՆ-ի, համայնքի ու մարզպետարանի որոշմամբ՝ հատկացվել է զոհված զինծառողների ընտանիքների։ Դիտարկմանը, թե կինը պնդում է, որ զոհվածների հարազատները կացարանով ապահովված են, նա պատասխանեց, որ չգիտի՝ ապահոված են, թե չէ։

«Գիտեմ միայն, որ ընտանիքներից մեկը անապահով ընտանիքից է, երկորդը մայոր է եղել, որի վերաբերյալ որոշումը կայացրել է ՊՆ-ն, մի ընտանիք էլ ապրում է 1-սենյականոց բնակարանում և ունի 2 անչափահաս և 1 չափահաս տղա։ Տղան արդեն 21-22 տարեկան է, նրանց բնակարանային տարածքը, պայմանները բավարար չեն, որ այդ տղան հետագա այդ տանը բնակվի»։

Հարցին, թե դեռ սեպտեմբերին իրեն վստահեցրել են, որ իրեն բնակարան կհատկացվի, նա ասաց, որ խոսել է կնոջ հետ։

«Բայց թե ինչ հիմքով է մարզպետը նման պնդում արել, ինչ հիմքով է ասել կամ չի ասել, տեղյակ չեմ։ Մենք տեղյակ ենք այդ ընտանիքի խնդիրներից, և շատ կուզենանք ինչ-որ հարցերով իրենց օգնել հնարավորության սահմաններում, մենք մեր բնակիչների մեջ տարանջատում չենք անում, կուզենք ինչ-որ հարցով օգնենք, բայց կառույցը համայնքային չի, պետական է ու դեռ դրա բաշխման կարգն էլ դեռ պարզ չի, դեռ հայտնի չի, թե ինչպես են բաշխվելու բնակարանները, թեև այս պահին կան հաստատված ցուցակներ»։

Անդրադառնալով կնոջ պնդմանը, թե համայնքապետարանից իր փաստաթղթերը չեն ուղարկել կառավարություն, նա նշեց, որ ներկայացման հատուկ կարգ կա։

«Բնակարանային կարիք ունեցող ցանկ կա, որը մենք ներկայացրել ենք մարզպետարան, մենք հաշվառել են իրեն բնակարանային կարիքավորների ցանկում, դրա օրինական կարգը մենք ունենք ու ներկայացրել ենք մարզպետարան, մարզպետարանն էլ ներկայացնում է կառավարություն։ Կառավարություն–համայնք շփումը տեղի է ունենում մարզպետարանի միջոցով։ Այդ ամենն արվել է, բայց մեր համայնքում միայն իրենց ընռանիքը չէ, որ բնակարանային կարիք ունեցողների ցանկում է։ Մենք ունենք բնակարանային կարիք ունեցողների ցանկ, որում 14 ընտանիք ընդգրկված է։ Մենք նրանց հաշվառման մեջ ենք պահում՝ հետագայում որևէ ծրագիր ունենենալու դեպքում նրանց կարիքները բավարարելու համար։ Ամեն դեպքում՝ համայնքը կփորձի այս ընտանիքին էլի աջակցել»։