copy image url
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 11:47 23-03-2023

Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, այլևս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։

Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել արբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերերն արձանագրությունները և հարցը համարել լուծված»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որը վերաբերում է ներքին տեղահանված անձնաց ու փախստականների վերադարձին։

«Մարտի 18-ը պետք է նշանավորվեր դեպի Թալիշ հայ բնակչության վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով։ Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից մեկ հիմնական ուղերձ կարելի է դուրս բերել․ նա բացահայտ ու բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները ու համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։ Սա հայտարարություն է, որն ընդունվել է նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից, նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից, որտեղ ասվում է՝ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել ու լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիմա վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու 1991 թվականի Ալմաթայի հռկաչագրի»», - նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է այն բանի, որ Խորհրդային Հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։

«Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։ Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին։ Ցավակցություն հայտնելով սպանված զինծառայողի ընտանիքին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», - հայտարարեց վարչապետը։

Նա ասաց, թե իրենց կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձներն ու այս շարունակական, Հայաստանի գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունը, ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։

Ամենից շատ դիտված

15:08 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան
14:25 Զոհված զինծառայողի մոր փաստաբանները ուշագրավ մանրամասներ են հայտնում․ ՈւՂԻՂ
17:15 1500 հատ Նիկոլ էլ գա, չի կարող տղերքին նվիրված խաչքարը քանդել․ անհետ կորածի հայր
08:04 Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում
14:23 Փաշինյանի ելույթից և հեռանալուց հետո ՔՊ-ականները հեռացան. բյուջեն քննարկվում է դատարկ դահլիճում
12:33 Ով էր թմրանյութը գցել Միհրան Պողոսյանի գրպանը, իսկ ելույթը դրել ձեռքին
16:08 Մեր օրվա իշխանությունները մի նավակում են, որտեղ Ալիևն ու Էրդողանն են
09:34 Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա
10:32 Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները
18:00 Ադրբեջանի պահանջների կատարման դեպքում Արցախում հայ չի մնա, իսկ ՀՀ-ն կդադարի գոյություն ունենալ