copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:53 21-03-2023

«Խեղճ պոետը». Պոեզիայի միջազգային օր

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21 ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Միջազգային կառույցը կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:

Պոեզիայի և բանաստեղծների նկատմամբ այս բարեհաճ վերաբերմունքը անսահման կզարմացներ գերմանացի նկարիչ Կարլ Շպիցվեգին, ով սրանից երկու դար առաջ ստեղծել էր պոետի իր կերպարը։



1808 թվականին Բավարիայում ծնված Ֆրանց Կարլ Շպիցվեգը հայտնի է իր ծաղրանկարներով և սատիրական ամսագրերի համար արված նկարներով:

19-րդ դարի 30-40-ական թվականներին նա աշխատել է որպես նկարիչ և պատկերազարդ երգիծական ամսագրերի համար։ Այս ընթացքում նրա ստեղծած նկարները հեգնական են ու սարկաստիկ են։ Քաղաքային կյանքն ու այնտեղ ապրող մարդիկ պատկերված են զավեշտական կողմով:

Այս շարքում ամենահայտնի աշխատանքը «Աղքատ պոետն» է, որը Շպիցվեգը նկարեց 1839-ին։ Սա դարձավ նկարչի ամենանշանավոր ստեղծագործությունը, որը նրան ճանաչում բերեց ողջ աշխարհում։ Ի տարբերություն համաշխարհային ընկալման ու գնահատման, նկարիչն իր հայրենի Մյունխեն քաղաքում արժանացավ քննադատության:



Շպիցվեգի ժամանակ շատ հայտնի էին պատանի պոետները, որոնք ազատ էին մտածում, չէին առնչվում առօրյա հոգսերի ու դժվարությունների հետ, ապրում էին արվեստի գեղեցիկ աշխարհում: Սակայն, սրան հակառակ Շպիցվեգը կոտրելով եղած կարծրատիպերը և ցրելով սին երազանք-հորինվածքները, ստեղծեց մի կտավ, որը զուրկ է ռոմանտիկ տրամադրություններից: Նա պատկերեց իր տեսած պոետի իրական կերպարը։ Պոետ, որն ապրում է այնպիսի մի ձեղնահարկ-սենյակում, որտեղ տանիքից կաթում է, վառանում վառելիք չկա, մահճակալը նաև ճաշասեղան է ու աշխատասենյակ։ Այստեղ, այս ձեղնահարկում մուսաները հաստատ չեն սավառնում։ Անմխիթար պայմաններում ապրող այս պոետը անհաջողակ ծերունի է, ում ստեղծագործությունը ո՛չ ճանաչում է բերում, ո՛չ էլ փող:



Ժամանակակիցների համոզմամբ, Շպիցվեգը պատկերել է մյունխենյան բանաստեղծ Մատիաս Էտտենհուբերին: Նկարն արված է բիդերմայեր ոճում, որը ռոմանտիզմի և ամպիրի խառնուրդն է։ Բիդերմայերին բնորոշ է ինտերիերի նուրբ, բծախնդիր ձևավորումը` բնության ու կենցաղի տարրերի օգտագործմամբ։

Երբ Կարլ Շպիցվեգն առաջին անգամ ներկայացրեց այս նկարը Մյունխենում, հասարակությունը չընդունեց այն, քանի որ ստեղծագործությունը չէր համապատասխանում արվեստի ընդհանուր ընդունված կանոններին։ Սակայն, կարճ ժամանակ անց Շպիցվեգի ոճը հաստատվեց և սիրվեց գերմանացիների մեծ մասի կողմից:

Օրինակ, հենց «Խեղճ պոետն» այնքան սիրվեց, որ դարձավ տարբեր ստեղծագործությունների հաճախ օգտագործվող նկարազարդումը։



Շպիցվեգը ստեղծեց նկարի երեք տարբերակ, որոնցից մեկը 1989 թվականին գողացան Բեռլինի Շառլոտենբուրգ ամրոցի թանգարանից և մինչ օրս չի հայտնաբերվել։ Մյուս տարբերակը, կրկին գողացան, սակայն քաղաքական նկատառումներով։ 1976 թվականին Ուլայ անունով նկարիչը Բեռլինի ազգային պատկերասրահից գողացավ «Խեղճ պոետին» և այն կախեց թուրք փախստականի տանը, իր գործողությամբ ուշադրություն հրավիրելով միգրանտների խնդիրներին։ Քաղաքական այս ակտից հետո նկարն անվնաս վերադարձվեց թանգարան։ «Խեղճ պոետի» երրորդ տարբերակը այժմ պահվում և ցուցադրվում է գտնվում է Մյունխենի Նոր Պինակոտեկայում:

Նաիրա Եղիազարյան