Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:30 21-03-2023

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովում Էրդողանի թեկնածությունն առաջադրվել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» և գորշ գայլերի քաղալական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունների ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի կողմից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին։ Այս պահի դրությամբ Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն է հայտնել 18 քաղաքական գործիչ։ Միևնույն ժամանակ ընտրապայքարում Էրդողանի գլխավոր մրցակիցն ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Թուրքիայում մի շարք ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ սահմանադրության համաձայն Էրդողանը նախագահի պաշտոնի համար երրորդ ժամկետով առաջադրվելու իրավունք չունի։ Էրդողանի կողմնակիցները հայտարարում են, որ գործող նախագահի թեկնածության առաջադրումն օրինական է, քանի որ նա նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետը (2014-2018թթ) պաշտոնավարել է նախքան Թուրքիայում 2017 թվականին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և կառավարման համակարգի փոփոխությունը, ինչը նրան թույլ է տալիս ևս մեկ անգամ պայքարել նախագահի պաշտոնի համար։

Էրդողանի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականից, իսկ Էրդողանը 2003-2014 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի, իսկ 2014-ից մինչև այսօր զբաղեցնում է նախագահի պաշտոնը։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրապայքարը Էրդողանի համար լինելու է ամենաբարդը իր կառավարման երկու տասնամյակի ընթացքում։