Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Միշուստինն այս մասին ասել է այսօր՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի վարչապետը շեշտել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վա։ «Մենք Ռուսաստանում անկեղծորեն շահագրգռված ենք Չինաստանի հետ մեր համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմամբ: Մեր հարաբերությունները ամբողջ դարավոր պատմության մեջ գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և ազդեցություն ունեն համաշխարհային օրակարգի ձևավորման վրա՝ բազմաբևեռության տրամաբանության մեջ»,- ասել է նա։
Միշուստինը նշել է, որ հանդիպմանը ներկա են Ռուսաստանի կառավարության անդամների մեծ մասը, նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։ Նրա խոսքով՝ նրանք բոլորն անմիջականորեն շփվում են իրենց չինացի գործընկերների հետ, իրենց կողմից վերահսկվող ոլորտներում իրական ժամանակում զբաղվում են համատեղ նախագծերի առաջմղմամբ։
«Մեր ընդհանուր աշխատանքի համակարգումն ապահովվում է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումների մեխանիզմով: Սա եզակի ձևաչափ է, որը ներառում է հինգ միջկառավարական հանձնաժողովներ և ավելի քան 80 ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր»,- հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը Ռուսաստանի կառավարության ղեկավարին հրավիրել էր հնարավորինս շուտ այցելել Չինաստան՝ սերտ կապեր հաստատելու համար։ Չինաստանի ղեկավարը նաև ասել է, որ նախօրեին հրավիրել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին այս տարի իրեն հարմար պահին այցելել Չինաստան։
Ավելի ուշ Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Միշուստինը Չինաստանի նախագահի հրավերով մտադիր է այցելել այդ երկիր։ «Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինն ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերը՝ այցելելու Չինաստան»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահը մարտի 20-22-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախօրեին նա Կրեմլում առանձնազրույց է անցկացրել Պուտինի հետ, որը տեւել է մոտ 4,5 ժամ։ Բանակցությունները կշարունակվեն այսօր կեսօրին։