2022 թվականի տնտեսական աճը պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով։ Գործող իշխանությունները դրա հետ շատ քիչ կապ ունեն։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հերթական հայտարարությանը՝ Հայաստանում տնտեսական աննախադեպ աճի վերաբերյալ։
«Հայաստան եկել է մեծ քանակությամբ գումար՝ մասնավորապես Ռուսաստանից 3,6 մլրդ դոլար է եկել։ Դրան գումարած՝ ունեցել ենք աննախադեպ քանակությամբ վերաարտահանում՝ դեպի ՌԴ։ Այսինքն, սանկցիաների տակ գտնվող այն ապրանքները, որոնք Ռուսաստան չեն ներկրվում, բերվում են Հայաստան, տարվում Ռուսաստան։ Արդյունքում՝ Հայաստանում մեծ քանակությամբ գումար է պտտվել և պտտվում»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ այս գումարներն ինչպես եկել են, այնպես էլ կարող են երկու օրում անհետանալ ու այդ նույն նախարարությանն ու կառավարությանը կանգնեցնել փաստի առաջ։
«Այդ դեպքում ունենալու ենք երկնիշ տնտեսական անկում։ Այսինքն, մենք պետք է հասկանանք, որ այս աճը մեր ներքին ներուժով պայմանավորված չէ։ Դա առավելախես արտաքին աջակցություն է, այսինքն՝ արտաքին ներարկում է, որը ժամանակավոր էֆեկտ ունի։ Այս էֆեկտին փոխարինող այլ խոշոր ծրագրեր ու նախագծեր գործող կառավարությունը չունի՝ բացառությամբ Ամուլսարի։ Ընդ որում, դա ևս իրենց ծրագիր չէ, հնուց մնացած ծրագիր է։ Նրանք ուզում են վերագործարկել Ամուլսարը՝ լավ հասկանալով, որ այս «երբ այս փուչիկը պայթի», ապա պետք է գոնե Ամուլսարի պես մի ծրագիր լինի, որ գոնե լրացուցիչ 1 տոկոս տնտեսական աճ ապահովվի»,- ասաց նա։
Այսպիսով, ըստ փորձագետի, կառավարությունը փորձում է մեղմել առաջիկայում կանխատեսվող վնասը։ «Իրենք ամեն ինչ վերագրում են իրենց, որի հետ շատ քիչ կապ ունեն։ Այո, իրենց ժամանակն է՝ իրենցն է, խնդիր չկա։ Լավն էլ է իրենցը, վատ ցուցանիշն էլ է իրենցը։ Բայց, երբ գա ժամանակն ու տեսնենք, որ այս գումարներն անհետացել են, նաև իրենք պետք է պատասխանատվություն կրեն հետագայում անկման համար»,- ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ Վահան Քերոբյանի հայտարարած տնտեսական աճը չի նպաստել ու չի նպաստի մարդկանց կենսամակարդակի էական բարելավմանը։ «Պաշտոնական վիճակագրությամբ ներկայացնում են միջին աշխատավարձի աճ։ Բայց, օրինակ՝ պետական սեկտորում աշխատավարձի աճը ցածր է՝ 4,5 տոկոս, քան գնաճը՝ 8,5 տոկոս։ Այսինքն, պետական սեկտորն աղքատ է։ Թոշակառուների մոտ նույն պրոցեսն է, որովհետև սննդամթերքը 13 տոկոս է թանկացել։ Այդ գործընթացները շարունակվում են։ Պարադոքս է, բայց մենք ունենք հետևյալը՝ տնտեսական աճ՝ աղքատության ու ծայրահեղ աղքատների թվի ավելացմամբ։
Այսինքն, այդ աճից օգտվում են շատ քիչ թվով մարդիկ, բայց երբ գա ճգնաժամի փուլը, որը հեռու չէ և լինելու է 1 կամ 2 տարի հետո՝ անկումը տարածվելու է բոլորիս վրա։ Այսինքն, նաև աղքատ խավն է զգալու այդ անկումը՝ ավելի շատ»,- ասաց նա։
Անդրադառնալով արդյունաբերության զարգացման մասին Քերոբյանի հայտարարությանը՝ Սուրեն Պարսյանը հայտարարեց, որ 2022 թվականին արդյունաբերական աճ ապահովել են միայն 2 ոլորտներ՝ սիգարետի արդյունաբերությունն ու ոսկերչությունը։
«Նույնիսկ հանքաարդյունաբերության ոլորտում մենք անկում ունենք։ ՄԵտաղի շուկայական գներն աճել են, բայց հանքաարդյունաբերության ոլորտում անկում կա։ Մեզ մոտ անկում կա երշիկեղենի արտադրության, պաղպաղակի, կաթնամթերքի, գինեգործության մեջ, որոնք համար թիվ 1 պատասխանատուն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է։ Թող իրենք բացատրություն ներկայացնեն, թե ինչու Հայաստանի համար այցեքարտ հանդիսացող սննդի ոլորտնրում այսքան մեծ անկում կա, թե ով է պատասխանատուն։ Թող վերանայեն իրենց պետական ծրագրերը, հասկանան, որ իրենց ծրագրերը շատ ցածր արդյունավետություն ունեն։ Մեր սննդի ոլորտն անկման մեջ է։ Էկոնոմիկայի նախարարությունն ուղղակի պետք է հասկանա ու ոլորտային քաղաքականություն իրականացնի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սիգարետի ոլորտի զարգացմանը, ապա դա, ըստ փորձագետի, գալիս է ավանդաբար՝ հաշվի առնելով որոշ կարևոր ու օբյեկտիվ հանգամանքներ։ «2020-2021 թվականներին անկում եղավ, սիգարետի արտահանումը նվազել էր։ 2022-ին արդեն վերականգնվեց, որի հետ իրենք դարձյա կապ չունեն։ Էլի իրենց ցուցանիշն է, խնդիր չկա, բայց պետք է հետևություններ անել, ոչ թե եղածով բավարարվել ու քաշվել մի կողմ»,- ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ տնտեսական հնարավոր անկումը կարող է անխուսափելի դառնալ, եթե չկարողանանք գտնել աճի այլ բևեռներ, այսինքն, եթե Հայաստանում չկառուցվեն նոր խոշոր ձեռնարկություններ։
Պետական համակարգում չլինեն բարեփոխումներ։ «Օրինակ՝ մենք պետք է վերանայեինք հարկային քաղաքականությունը և եկամուտներն ու գերշահույթները, որոնք անցած տարի կուտակվեցին բանկային համակարգում, անշարժ գույքի շուկայում և այլ ոլորտներում, որոնք բավականի մեծ գերշահույթներ կուտակեցին, այդ շահույթները պետք է հարկվեին ու դրանց մի մասը պետք է բերվեր պետական բյուջե։ Դրանք արդեն հետագայում հնարավոր կլիներ օգտագործել ապագա անկումը մեղմելու համար։ Այսպես ասած՝ դրանք ֆինանսական անվտանգության բարձիկներ կդառնային մեզ համար»,- ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց ՀՀ կառավարությանը կողմից նախկինում այդ գործիքի կիրառման օրինակ։ «Օրինակ՝ նախանցած տարի, երբ համաշխարհային շուկայում մետաղի գները բարձրացան, կառավարությունը մետաղների արտահանման տուրք դրեց, որի շնորհիվ, օրինակ, անցած տարի մետաղների՝ մոտավոր 200 մլրդ դրամի հարկ ենք հավաքել։ Այսինքն, դա նպաստեց, որ հանքարդյունաբերության ոլորտից հարկային մուտքերն ավելացվեն, որն, անշուշտ, կարևոր է։ Այսինքն, նման մոտեցում կարելի է կիրառել նաև բանկային համակարգի նկատմամբ, որտեղ 255 մլրդ դրամի չափով մաքուր զուտ շահույթ կա։ Այսինքն, մոտ 600-700 մլն դոլարի շահույթ ունեն»,- ասաց նա։