Արտաքին 3 տարի առաջ - 19:10 16-03-2023

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու փորձերը թողնում ենք Հայաստանի ղեկավարության խղճին. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արցախի նկատմամբ ռուսական կողմի պարտավորությունները հստակ շարադրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելվ հարցին, թե Մոսկվան համաձայն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, այն դեպքում, երբ եռակոմղ հայտարարությունում նման ձևակերպում չկա։

Զախարովան ընդգծել է, որ այս հարցում ոչինչ պետք չէ ոչ երևակայել, ոչ փորձել խուսափել հարցից։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ևտեսնել՝ ինչ պարտավորություններ ունի ռուսական կողմը։

Վերջինս հայտնել է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի էսկալացիա թույլ չտան և տեղում կայունացնել իրավիճակը։

«Իհարկե, շատ բան կախված է բոլոր ներգրավված կողմերի հայտարարություններից ու գործողություններից, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն կառուցողական և միտված ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են կամ հնչում են ի հեճուկս հիմնական նպատակի, այն է՝ խաղաղության ու կայունության հաստատմանը, տարաձայնությունների հաղթահարմանը, ապա մենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա»,- ասել է նա։

Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Մոսկվան փորձում է խնդիր լուծել դիվանագիտորեն, որպեսզի հնարավոր լինի հասնել խաղաղության, կայունության, գլոբալ կայունության նպատակին։ Նա հայտնել է նաև, որ դիվանագիտական հայտարարությունների հետևում առկա են բծախնդիր ջանքեր և տիտանական աշխատանք, որոնք ուղղված են բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։

«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»,- եզրափակել է նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը՝ «ՀԱՊԿ-ը կամա թե ակամա հեռանում է Հայաստանից, և դա մեզ անհանգստացնում է»՝ Զախարովան մասնավորապես ասել է.

«Երբ տեսա այս խոսքերը, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կհեռանա Հայաստանից, հիշեցի դասականներից երկու մեջբերում։ Հիշում եք՝ Բուլգակովի «Ո՞վ ում վրա էր կանգնած» և երկրորդը՝ Ստանիսլավսկուց․ «Սիրեք արվեստը ձեր մեջ, և ոչ թե ձեզ արվեստի մեջ»։ Ահա այդ պատճառով ես անմիջապես մտածեցի՝ հարցի այս հատվածը կթողնեմ ձեր հայեցողությանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ